Ինչո՞ւ է բացման որոշմանը առարկում հանգուցյալի կրտսեր որդին
Թուրքիայի Հանրապետության 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը, որն իբրեւ «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, մահացավ 1993-ի ապրիլին: Հազիվ էր վերադարձել Միջին Ասիա կատարած շրջագայությունից: Ասում էին, որ այցելությունները թյուրքալեզու հանրապետություններ խիստ հոգնեցուցիչ են եղել նրա համար, եւ դա ինքն էլ էր խոստովանել:
Դրանից մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում Օզալը սրտի վիրահատություն էր անցկացրել: Դա ենթադրում էր համապատասխան սարքավորման տեղադրում նախագահականում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ցուցաբերել առաջին բուժօգնությունը: Սակայն դա տեղի չունեցավ: Առողջական վիճակի վատթարացումից հետո, երբ նա գիտակցությունը կորցրեց, նրան մահամերձ վիճակում տեղափոխում էին հոսպիտալ, որը նախագահականից բավական հեռու էր, եւ նա ճանապարհին մահացավ: Ժամանակին թուրքական թերթերը գրել էին, որ Թուրքիայի ծանրամարմին նախագահին ամենասովորական պատգարակով են իջեցրել ներքեւ, եւ շտապօգնության մեքենան Անկարայի փողոցներով երկար շրջել էր հոգեվարքի մեջ գտնվող Օզալին:
Օզալի մահից հետո նրա կինըՙ Սեմրան , հայտարարել էր, որ իր ամուսնուն թունավորել են, իսկ որդինՙ Ահմեդը , ասել էր. «Հայրս չի մահացել: Նրան սպանել են»: Այս ամբաստանություններին արձագանքել էր թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբըՙ կարծես հաստատելու, թե ինքն է վերահսկում «խորքային պետությունը»ՙ ռազմականացված կառույցներով հանդերձ: Արել էր հետեւյալ հայտարարությունը. «Թե ո՞վ է սպանելՙ թող ասեն»:
Ի դեպ, Թուրգութ Օզալը Թուրքիայի նախագահներից ամենասանձարձակն էր, նաեւ հակասականության տիպար: Որքան էլ PKK-ի զինյալ պայքարը նպաստի դրան, այնուամենայնիվ, իբրեւ նախագահ քրդական ինքնության առկայությունն ու քրդական հարցի գոյությունը Թուրքիայում հենց նա էր ընդունելՙ մատնանշելով, որ իր տատը քուրդ է: Թուրքիան կառուցվածքային փոփոխությունների ենթարկելու առաջին փորձն էլ իրեն է պատկանում:
Այդ փորձը ձախողվեց, սակայն նա դրանով իր վրա գրավեց երկրում, անկախ իշխանափոխությունից, մշտապես կառավարման ղեկին գտնվող եւ արտոնյալ կարգավիճակը պահպանող «սպիտակ թուրքերի», այսինքնՙ սաբաթայական հրեաների, ինչպես նաեւ վերջիններիս սատարող միջազգային ֆինանսական շրջանակների զայրույթը:
Հատկանշական է, որ Օզալը Վաշինգտոն այցելելիս, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հարցրել էր. «Ի՞նչ կլինի, որ մենք ճանաչենք հայերի ցեղասպանությունը»: Մեռնելուց մի քանի օր առաջՙ 1993-ի ապրիլի սկզբին էլ նա զանգահարել էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին. «Ինչպե՞ս կվարվեք, եթե մենք մի քանի ռումբ շպրտենք Երեւանի վրա»: Քլինթոնը հանդիմանել էր նրան: Բացի այս ամենից, Օզալը իր նստավայրում հաճախ առանձնանում էր, ապա մերձավոր շրջապատին պատմում, թե ԱՄՆ-ի նախագահն է զանգել, որպեսզի միջազգային այս կամ այն հարցով դիմի իր կարծիքին: Մինչդեռ նախագահականում գիտեին, որ Օզալն էր զանգահարում, եւ ԱՄՆ-ի նախագահը չէր պատասխանում նրա զանգերին:
Համենայն դեպս, անցած տարիներին Թուրգութ Օզալի մահը մնաց առեղծված, եւ չդադարեցին նրա սպանության մասին կասկածները: Օրերս Անկարայի դատախազությունը մահվան շուրջը կասկածները փարատելու նպատակով Օզալի գերեզմանը բացելու կարգադրությամբ դիմեց Ստամբուլի դատախազություն: Համաձայն կարգադրությանՙ ենթադրվում է, որ առաջիկա 10 օրում կբացվի Օզալի Ստամբուլում գտնվող գերեզմանը:
Մինչ Ստամբուլի անվտանգության վարչությունը արտակարգ միջոցառումներ էր իրականացնում գերեզմանը հնարավոր ոտնձգությունից զերծ պահելու համար, սեպտեմբերի 19-ին Ստամբուլի դատախազություն է դիմում հանգուցյալի կրտսեր որդինՙ Էֆե Օզալը , առարկելով իր հոր գերեզմանի բացման դատախազության որոշմանը:
Դիմումի մեջ, ինչպես երեկ նշել է «Դունյա բուլթենի» կայքէջը, Էֆեն թուրքական ավանդույթներին անհարիր է համարում Թուրքիայի 8-րդ նախագահ Օզալի գերեզմանը բացելու որոշումն ու ավելացնում. «Ցանկանում եմ հայտնել, որ հավանություն չեմ տալիս մահից 19 տարի հետո իմ հոր գերեզմանի բացմանը, պահանջում եմ հետ վերցնել որոշումն ու գերեզմանում հանգիստ թողնել հանգուցյալին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ