«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱՆԱԿԱ՞Ն ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՀՐԴԵՀՎԵԼ

Երեկ հրդեհ է բռնկվել Բաքվի Նասիմիի շրջանի «բազմահարկ շենքերից մեկի առաջին հարկում»: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԻ նախարարությունը` հավելելով, որ հրդեհի «պատճառ է եղել էլեկտրական հոսանքի բաշխման վահանակի անսարքությունը»: Տուժածների մասին տվյալներ չեն տարածվել: ԱԻ նախարարությունը միայն հավաստիացրել է, որ «տեղ հասած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը»:

Կենցաղային թվացող այս տեղեկությունը որեւէ կերպ ուշադրության չէր արժանանա, եթե պաշտոնական հաղորդագրության մեջ ասված չլիներ, որ «հրդեհը բռնկվել է Բաքվի կլինիկաներից մեկում», իսկ «Թուրան» գործակալությունն էլ իր հերթին չճշտեր, որ նշված բուժհաստատության անվանումը Tebriz Mehr է:

«Թուրանը» որեւէ այլ մանրամասնություն չի փոխանցել: Այդուհանդերձ, բուժհաստատության անվանումը վկայում է, որ, ամենայն հավանականությամբ, իրանական է: Վերջին շրջանում, երբ ադրբեջանա-իրանական հարաբերությունները արտակարգ լարված էին, Բաքվի որոշ լրատվամիջոցներ կազմակերպել էին «հանրային բողոքի արձագանքներ»` ընդդեմ Բաքվում գործող իրանական մասնավոր բուժհաստատությունների:

«Աշխատավորների դժգոհությունը» հիմնականում իրանցի բժիշկների «ոչ այնքան բարձր մասնագիտական որակներից» էր եւ, իհարկե, բուժման «անտանելի բարձր գներից»: Որեւէ պաշտոնական տվյալ, թե ի՞նչ ծավալով է իրանական մասնավոր բժշկությունը ներգրավված Ադրբեջանի առողջապահության համակարգում, չկա: Բայց դրանից չի հետեւում, թե իրանցի բժիշկները չեն կարող լուրջ մրցակիցներ լինել իրենց ադրբեջանցի կոլեգաների համար:

Իսկ ինչո՞ւ բացառել, որ Tebriz Mehr կլինիկայում երեկ բռնկված հրդեհը մի զգուշացում է իրանցի բժիշկներին, որպեսզի նրանք թողնեն Ադրբեջանը եւ հեռանան: Մանավանդ որ իրանական բուժհաստատությունը տեղակայված է Բաքվի կենտրոնական շրջաններից մեկում:

Մենք չենք հավակնում պնդելու, թե սույն ենթադրությունները լիովին հիմնավոր են: Միաժամանակ էլ կրկնում ենք, որ ամիսներ առաջ իրանցի բժիշկների դեմ ադրբեջանական մամուլում ծայր առած անհանդուրժողականությունն է ստիպում մեզ համադրելու Tebriz Mehr-ի հրդեհը եւ Ադրբեջանի իշխող վերնախավի խիստ բացասական վերաբերմունքն Իրանի նկատմամբ: Ի վերջո, մի երկրում, որտեղ հարեւանների, այդ թվում եւ իրանցիների հանդեպ ատելություն են քարոզում պետական մակարդակով, կարող է գտնվել «հայրենասեր» մեկը, որ, հանուն «ադրբեջանական պատվախնդրության», կհրդեհի իրանցիներին պատկանող մասնավոր բուժհաստատությունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4