«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Վարչապետը նախարարներին ասաց, որ անձնական պատասխանատվություն են կրելու գնումների կազմակերպման հարցում

Գնումների համակարգի թերությունների վերաբերյալ երկրի նախագահի քննադատությունները երեկ զարգացումներ ունեցան կառավարության նիստի ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ խոսքը տվեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանինՙ առաջարկելով պարզաբանումներ ներկայացնել գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտում խնդիրներն ու բացթողումները մեծ մասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, այլ վարչարարությամբ: «Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետեւ կարող են չկատարվել», ասաց նախարարը եւ վարչապետի հարցին, թե կոնկրետ ի՞նչ եք առաջարկում, պատասխանեց, որ առաջարկում է փոխել գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարներին: Ինչից հետո Տիգրան Սարգսյանը հանձնարարեց անմիջապես պատրաստել «հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր եւեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է գնումների համակարգի գործառույթների փոփոխություններին, ապա ֆինանսների նախարարը հայտնեց, որ հաստատվել է միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վերափոխել ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջարկող գնումների հաշվառման գործառույթըՙ գնումների մոնիտորինգի իրականացման գործառույթով: «Դա հնարավորություն կտա վեր հանել հնարավորին շատ դրույթներ եւ ընթացքում միջամտել, եթե խնդիրներ լինեն, կազմակերպել, որպեսզի գնումների վերաբերյալ հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն հրապարակի գնումների տեղեկատուում, ձեռք բերել պայմանավորվածություն էլեկտրոնային գնումների համակարգը մշակող կազմակերպության հետ եւ շտկել համակարգում ներկայում առկա խնդիրները, որի շնորհիվ կկարողանանք շրջանակային համաձայնագրերով գնումներ իրականացնել էլեկտրոնային Armex համակարգի միջոցովՙ արդեն հունվարից, ինչպես նաեւ իրականացնել հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիտորինգՙ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, քանի որ դա իրենց իրավասությունների ոլորտն է», ասաց Վաչե Գաբրիելյանը:

Դեղորայքի մրցույթը վերահայտարարելուց հետո` կես մլրդ դրամ խնայողություն

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ առողջապահության ոլորտում դեղորայքի ձեռքբերման հետ կապված տնտեսական մրցակցության հանձնաժողովի ուսումնասիրությանը: «Նախորդ տարի մենք ունեինք դեպք, երբ դեղերի մոտ 2,5 միլիարդի պատվեր կար եւ սխալ բնութագրում կար, որի հետեւանքով կոկրետ ինսուլինի պարագայում եթե այդ բնութագիրը թողնեինք, ապա մեկ ձեռնարկություն կամ մեկ արտադրող կարող էր հաղթել մրցույթը: Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մրցույթը վերահայտարարվեց, որի հետեւանքով ընդհանուր նախատեսված գումարը նվազեց մոտ կես միլիարդ դրամով», ասաց նախարարը:

«Այսինքն, մենք տնտեսեցինք կես միլիարդ դրամ միայն մեկ մրցույթի՞ց», հարցրեց վարչապետը, ապա դիմելով նախարարներինՙ ասաց. «Հաշվի առեք, այսուհետեւ ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն: Կոնկրետ այս օրինակը նշանակում է, որ կոնկրետ դեպքում կարելի է 500 մլն դրամ տնտեսել: Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը»:

Հանրային գրադարանի անորակ հիմնանորոգմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները

Հանրային գրադարանի հիմնանորոգման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած հարցին եւս երեկ անդրադարձ եղավ կառավարությունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսումնասիրության արդյունքներն առաջարկեց ներկայացնել քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին : Վերջինիս ներկայացմամբՙ ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2008-ին եւ ավարտվել 2011-ի դեկտեմբերին` ծախսելով շուրջ 690 մլն դրամ: Ընդ որում, նախագծային առաջադրանքով նախատեսվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կոնստրուկտիվ միջոցառումներ, որոնք չեն իրականացվել: Քաղաքաշինության նախարարը շարունակեց թվարկել. «Նախագիծը կազմելիս առաջնահերթություն չի տրվել սեյսմազինվածությանը, հաշվի չի առնվել ներքին եւ արտաքին ջրերի ներթափանցումը հիմքեր: Հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում նույնպես խախտվել է խնդրի լուծման առաջնահերթությունը, այն է` չապահովելով ջեռուցում, ինչպես նաեւ օդափոխություն, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, օդափոխման համար նախատեսված գումարներով կատարվել են այլ աշխատանքներ, ջեռուցման համակարգը մինչ օրս չի շահագործվել: Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ աշխատանքների մի մասը կատարվել է անորակ, ինչպես նաեւ հակահրդեհային համակարգի տեսակի ընտրությունը կատարվել է ոչ ճիշտ` անտեսելով ազգային գրադարանի պրոֆիլային ուղղվածությունը` CO2-ի փոխարեն ջուր: 2008-2011 թվականներին կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի, ինչպես նաեւ պետք է պարտադիր իրականացվեն շենքի ուժեղացման աշխատանքներ»:

Արձագանքելով այս ելույթինՙ Տիգրան Սարգսյանը կատարվածը խայտառակություն որակեց, ապա հանձնարարեց վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարինՙ քաղաքաշինության տեսչության հետ համատեղ ուսումնասիրություն կատարել եւ բոլոր նյութերը հանձնել իրավապահ մարմիններին: Ընդ որում, ոչ միայն այս դեպքով, այլեւ ընդհանրապես պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարության ոլորտում: «Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարեւորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու», իր խոսքի վերջում եզրակացրեց վարչապետը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4