«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


8 ԱՄՍՈՒՄ 8,3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Արտահանումը հասել է ներմուծման ծավալների մեկ երրորդին

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012-ի օգոտոսի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 8 տոկոս` նախորդ տարվա օգոստոսի համեմատ: Այս տարվա նախորդ ամսվա` հուլիսի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը կտրուկ բարձրացել էՙ կազմելով 21 տոկոս:

Աճի ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել արդյուանբերությունում եւ գյուղատնտեսությունում: Արդյունաբերությունում օգոստոսին անցյալ տարվա օգոստոսի համեմատ աճը կազմել է 8,7 տոկոս, բայց այս տարվա հուլիսի համեմատ արձանագրվել է անկում 1,7 տոկոսով: Գյուղատնտեսությունը օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 12,3 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ` 84 տոկոսով: Շինարարությունը շարունակում է անկումը: Օգոստոսին այն կազմել է 3,8 տոկոս, իսկ ահա հուլիսի նկատմամբ այստեղ 12,3 տոկոս աճ է գրանցվել: Մանրածախ առեւտրում անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 1,6 տոկոս աճ, իսկ հուլիսի նկատմամբ` 4,3 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ 7,9 տոկոս աճ է արձանագրվել, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 0,7 տոկոս: էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3,5 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 0,1 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի օգոստոսին 2011-ի օգոստոսի նկատմամբ նվազել է 9,1 տոկոսով եւ կազմել 469,8 մլն դոլար, իսկ 2012-ի հուլիսի նկատմամբ աճել է 7,7 տոկոսով: Արտահանումը կազմել է 119,3 մլն դոլար, աճելով 0,8 տոկոսով, իսկ 2012-ի հուլիսի նկատմամբ աճելով 1,3 տոկոսով: Ներմուծումը կազմել է 350,5 մլն դոլար, նվազելով 12 տոկոսով, իսկ 2012-ի հուլիսի նկատմամբ աճելով 10 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 231,2 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է մոտ 121 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 147 հազար դրամ, պետականումՙ 97 հազար դրամ:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաեւ 2012-ի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները եւ դրանք համադրել 2011-ի հունվար-օգոստոսի հետ: Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2012-ի հունվար-օգոստոսին կազմել է 8,3 տոկոս:

Արդյունաբերության աճը հունվար-օգոտոսին նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ կազմել է 13,2 տոկոս, գյուղատնտեսությունում` 10,8 տոկոս աճ, էլեկտրաէներգիայի արտադրության աճը` 7,1 տոկոս, շինարարությունն ունեցել է 4,1 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 11,5 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 2,8 տոկոս աճ: Ծավալային արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը երկրորդն է առեւտրի ծավալներից հետո եւ կազմում է 702 մլրդ դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվար-օգոտոսին 2011-ի հունվար-օգոստոսի նկատմամբ ավելացել է 5,5 տոկոսով եւ կազմել մոտ 3 մլրդ 608 մլն դոլար: Արտահանումը կազմել է 921,4 մլն դոլար, արձանագրելով 11,4 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 2 մլրդ 686 մլն դոլար, աճելով 3,6 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-օգոտոսին կազմել է մոտ 1 մլրդ 765 մլն դոլար: Արտահանման եւ ներմուծման բացասական տարբերությունը որոշակիորեն նվազել է, իսկ արտահանումն արդեն կազմում է ներմուծման ծավալների ավելի քան մեկ երրորդը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4