«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

Հոկտեմբերի 6-ին Արենի համայնքում բերքի տոնն ու գինու փառատոնը համատեղ հետաքրքրական կդարձնեն ոչ միայն համայնքի, այլեւ բոլոր ներկաների օրը, իսկ միջոցառմանը ներկա կարող են գտնվել բոլոր ցանկացողները:

Եթե գինու փառատոնը սկսել են կազմակերպել 2009-ից, ապա բերքի տոնը նշվում է ավելի վաղուց` 1960-ականներից: Սակայն ընդամենը երեք տարիների փորձով գինու փառատոնն արդեն կարողացել է ձեռք բերել մասսայականություն ու առաջացրել հետաքրքրություն Հայաստանում ու արտերկրում:

Վայոց ձորի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Արամ Գրիգորյանը երեկ ասուլիսի ժամանակ նշեց` ուզում են եկող տարի գինու փառատոնը նշել ոչ միայն Արենիում, այլեւ շրջակա համայնքներում, քանի որ այդ համայնքներում նույնպես գինի արտադրում են: Արամ Գրիգորյանը նաեւ հիշեցնում է, որ աշխարհում գինու արտադրության հնագույն վայրերից մեկը Արենին է:

Գինու փառատոնն անցկացնում է «Արենի փառատոն» հիմնադրամը` էկոնոմիկայի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ: Հիմնադրամը փառատոնի կազմակերպման գործում համագործակցում է Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» եւ ուրիշ գործընկերների հետ:

Հիմնադրամի գործընկերներից մեկն էլ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» կազմակերպությունն է, որի նախագահ Սեդրակ Մամուլյանը գինու փառատոնի մասին նշում է` ինչպես մյուս փառատոները, սա եւս մշակույթի ներկայացման ձեւ է:

Գինու փառատոնի դրական կողմերից են նաեւ գյուղական տուրիզմի զարգացմանն օգնելը, տեղում բիզնես միջավայր ստեղծելը, քանի որ ներկաները կարող են այդ օրը գնել գինի, կավե գավաթներ, որոնցով համտեսում են գինին: Ի դեպ, կավե գավաթները պատրաստել են հենց տեղի կավագործները:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացնում է, որ ամսի 6-ին, գինու համտեսից բացի, կներկայացվեն մշակութային միջոցառում, գործարանային ու տնային արտադրության գինիների ցուցահանդես-վաճառք, մրցույթներ եւ այլն:

Ովքեր ցանկանում են մասնակցել գինու փառատոնին, կարող են նախօրոք գրանցվել «Արենի փառատոն» հիմնադրամում, կազմակերպիչների հետ կապվել հնարավոր է նաեւ Facebook սոցիալական ցանցում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4