«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


«ԱՓ ՄԸ ՀՈՂ»

Նշանավոր կոմպոզիտոր եւ խմբավար Հենրիկ Անասյանը կրկին Երեւանում է

«Ափ մը հող»: Հենց այսպես է կոչվում ամերկահայ հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Հենրիկ Անասյանի 75-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Հայաստանն ինձ համար նոր թռիչքի եւ նոր արարումների հիմնական աղբյուրն է», խոստովանում է Անասյանըՙ հավելելով, որ Հայաստանի հողից եւ ժողովրդից է ուժ հավաքում ստեղծագործելու համար: Թեպետ արդեն երեսուն տարի Անասյանը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն իրեն սփյուռքահայ չի համարում, ասում էՙ Հայաստանն իմ երկիրն է, Երեւանն իմ քաղաքը: Կարգավիճակով սփյուռքահայ է, հոգով ու ապրումներովՙ հայ, հայաստանցու հետ, նրա հոգսերով եւ ուրախություններով: Կոմպոզիտորը հավելում է, որ ամեն անգամ ցանկանում է Հայաստան գալ նոր ասելիքով եւ փոքր ներդրում ունենալ մեր մշակույթի զարգացման մեջ: «Հայաստանն ինձ համար սոսկ պետություն, հայրենիք չէ: Հայաստանն ինձ համար աղոթք է, իսկ Սփյուռքըՙ բնակավայր: Երջանիկ եմ, որ իմ հոբելյանը տոնվելու է հայրենիքում», ասում է նա:

«Շնորհալի անձնավորություն, համեստ ու հայրենասեր մարդ, ով ոչ միայն բազմաթիվ ստեղծագործությունների եւ գործիքային երգերի հեղինակ է, այլեւ դիրիժոր, նաեւ գրող եւ հրապարակախոս», հոբելյարի մասին ասում է երգահան Արա Գեւորգյանը : Նրա գնահատմամբՙ Անասյանն այն եզակի անհատների թվին է պատկանում, ովքեր դրսում կարողացել են պահպանել եւ քարոզել հայկական մշակույթն ու երաժշտությունը: Դրա վառ ապացույցը ոչ միայն Անասյանի հիմնադրած «Սիփան» երգչախումբն է, այլեւ «Դուդուկ կոնցերտը», որն իր տեսակով եզակի է:

Լուրջ ձեռքբերումներին զուգահեռ բազմաթիվ բացթողումներ է նկատում հայաստանյան մշակութային կյանքում Հենրիկ Անասյանը: «Իմ մտահոգությունն այն է, որ երկնակամարում փայլող «աստղիկները» շատ են: Մինչդեռ իրական արվեստագետները չեն երեւում: Անասյանը հիշում է, որ իր ժամանակ գործում էր գեղարվեստական խորհուրդ, որն էլ որոշում էրՙ ում կարելի է եթեր տրամադրել, ումՙ ոչ: «Հենց այդ պայմաններում մենք ունեինք Լուսինե Զաքարյան, Ռուբեն Մաթեւոսյան: Ցավոք, այսօր նմանները քիչ են եւ ոչ տեսանելի»:

«Ափ մը հող» համերգային ծրագիրն իրականացվում է մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբՙ մասնակցությամբ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, «Սիփան» երգչախմբի, Արսեն Գրիգորյանի, Մկրտիչ Մկրտչյանի, եւ օպերային թատրոնի մեներգչուհի Աննա Մկրտչյանի: Հենրիկ Անասյանի «Դուդուկի կոմցերտը» կկատարի դուդուկահար Գուրգեն Դաբաղյանը:

Թե ինչու «Ափ մը հող»ՙ կոմպոզիտորը հետեւյալ կերպ է բացատրում. «Յուրաքանչյուր սփյուռքահայ կյանքի ընթացքում ընդամենը մեկ բան է ցանկանում. մեկ բուռ հող իր երկրից»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4