1988 թ. մայիսի 28-ին Օպերայի հրապարակում գումարուած հանրահաւաքի ու յատկապէս հանրահաւաքին եռագոյնը իբր առաջինը պարզելու մասին անլուրջ մեկնաբանութիւններին նորից անդրադարձ եղաւ`այս անգամ ս.թ. օգոստոսի 23-ին` Երկիր Մեդիա հեռուստաալիքով: Իբրեւ հանրահաւաքը նախաձեռնող, նախապատրաստող, կազմակերպող եւ ԱԻՄ-ի անունից անցկացրած անձ, որը Պ. Հայրիկեանի` Մոսկուայում բանտարկուած լինելու պատճառով այդ ժամանակ գլխաւորում էր նաեւ ԱԻՄ-ի կազմակերպական գործը, դարձեալ վկայում եմ, որ հանրահաւաքը բացել եւ վարել է օգնականս` Մեխակ Գաբրիելեանը, որի ելոյթը սկսելուց` երիտասարդները պարզեցին առնուազն եօթ եռագոյն: Հանրահաւաքին յատկապէս մեծ կշիռ, վարկ եւ հեղինակութիւն ապահովեցին յայտնի գիտնականներ Վարագ Առաքելեանի եւ Ռաֆայէլ Իշխանեանի ելոյթները: Այդ իրադարձութեան հիմնական նշանակութիւնը մի կողմ թողած, դրա անկարեւոր գործօնների տղայամիտ նոր գովազդները կանխելու համար մէջբերում եմ հանրահաւաքի մասին միակ տպագիր աղբիւր, ԱԻՄ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ շաբաթաթերթի այդ օրերին լոյս տեսած յօդուածը:
Մայիսի 28-ին Երեւանի Պետհամալսարանի ուսանողները ժ. 12-ին Հանրապետութեան տարեդարձը նշելու համար հանրաժողով էին նախատեսել համալսարանի գլխաւոր մուտքի դիմաց, որից յետոյ պիտի շարժուէին Անկախութեան հրապարակ` մասնակցելու Ազգային ինքնորոշում միաւորման կազմակերպելիք հանրաժողովին: Սակայն ուսանողութեանը թոյլ չտուեցին հանրաժողով անել: Նրանք ժ. 13-ի մօտերքը «Մեր հայրենիք» երգելով շարժուեցին դէպի Անկախութեան հրապարակ... Նրանք բռնել էին Գարեգին Նժդեհի, Դրոյի, Պարոյր Հայրիկեանի ու այլ հերոսների մեծադիր լուսանկարները, փոքրիկ եռագոյն դրօշակներ, եռագոյն փուչիկներ եւ ցուցապաստառներ: Ուղիղ ժ. 14-ին, Ազգային ինքնորոշում միաւորման ներկայացուցիչների խորհրդի անդամ Մեխակ Գաբրիելեանը բացեց հանրաժողովը: Նա ասաց, որ այսօր հաւաքուել ենք նշելու Հայաստանի պետականութեան վերականգման 70-ամեայ յոբելեանը: Նա խօսքը տուեց Ազգային ինքնորոշում միաւորման ներկայացուցիչների խորհրդի միւս անդամին` Մովսէս Գորգիսեանին, որը ընթերցեց Ազգային ինքնորոշում միաւորման կազմած` հայութեան նամակը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Ա-ին, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա-ին, հայկական կուսակցութիւններին եւ ամբողջ հայութեանը: Մեխակ Գաբրիելեանը յայտարարեց, որ սոյն նամակը ստորագրել է մօտ 1500 մարդ: Եօթ մեծադիր եռագոյններից երեքը փակցուեցին թատրոնի դռներին, մի քանիսն էլ ցուցարարները պահել էին ձեռքներին եւ անընդհատ ծածանում էին: Ցուցապաստառների մի մասը եւս եռագոյն էին: Ներկաները ցնծութեան մէջ էին, 60 տարի Հայաստանի Հանրապետութեան դրօշը չէր փողփողացել Հայաստանում: Մ. Գաբրիելեանը խօսքը տուեց բանասիրութեան դոկտոր, ազգային նշանաւոր գործիչ, Պարոյր Հայրիկեանի պաշտպանութեան հայկական յանձնախմբի նախագահ Վարագ Առաքելեանին : Նա մօտեցաւ եռագոյնին, համբուրեց եւ սկսեց խօսքը: Նա պատմական մի հակիրճ ակնարկով ներկայացրեց մեր ժողովրդի պատմութիւնը` նախասարդարապատեան շրջանից մինչեւ մայիս 28-ը եւ ապա` ռուս-թուրքական միաւորեալ բանակով ՀՀ ոչնչացումը: Վարագ Առաքելեանը դատապարտեց Խորհրդային Հայաստանի վարիչներին, որոնք մեր ժողովրդի վերջին 500-ամեայ պատմութեան ամենահերոսական եւ փառաւոր էջը մոռացութեան են տուել եւ ամէն գնով թագցնում են ժողովրդից: Նրանք,- ասաց բանախօսը,- թաքցնել էին կամենում նաեւ ապրիլի 24-ը, նրանք մեզ արգելում էին խօսել նաեւ Սարդարապատի մասին, բայց ժողովուրդը ստիպեց, որպէսզի կոմունիստները նշեն մեր այդ սրբազան տարելիցները: Յուսով եմ, որ այսօրուայ հանրաժողովով սկսւում է մեր ազգային ամենասրբազան այս տօնի` Հայաստանի անկախ պետականութեան հռչակման օրուայ ամենամեայ տօնակատարութիւնը:
Այնուհետեւ խօսքը տրուեց համբաւաւոր մտաւորական, համալսարանի ուսուցչապետ Ռաֆայէլ Իշխանեանին : Նա յատկապէս կանգ առաւ հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի գործունէութեան վրայ: Անդրադառնալով այն անձանց թիւր կարծիքին, ովքեր Հայաստանի Հանրապետութիւնը անուանում են Դաշնակցական հանրապետութիւն, նա նշեց, որ եթէ Անգլիայում ընտրութիւններին յաղթում են լէյբորիստները, անգլիացիք չեն ասում Լէյբորիստական Անգլիա: Հետեւաբար` Հայաստանի Հանրապետութիւնը, որի ժողովրդավարական-բազմակուսակցական կառավարութեան մէջ ՀՅԴ մեծամասնութիւնը ակնյայտ էր, չի կարելի կոչել դաշնակցական: Այն ազատ, անկախ եւ ժողովրդավար հանրապետութիւն էր, առանց որի այսօրուայ Հայաստանը չէր կարող գոյութիւն ունենալ: Եթէ չլինէր Հայաստանի Հանրապետութիւնը,- ասաց հռետորը,- այսօրուայ Հայաստանը ինչի՞ց պիտի ծնուէր. հո զրոյից չպիտի՞ ծնուէր...
Այդ ժամանակ ներսից բացուեցին թատրոնի դռները եւ դուրս եկան ՀՀԿ կենտկոմի գաղափարական գծով քարտուղարը, ՀՀԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարը եւ այլ պաշտօնեաներ: Նրանք փորձեցին ցրել ցոյցը, սակայն ժողովուրդը անընդհատ ԱՄՕԹ, ՀԵՌԱՑԷՔ գոռալով թոյլ չտուեց... Ներկաները այնքան վանկարկեցին ՀԵՌԱՑԷՔ, որ պաշտօնեաները մի պահ ներս գնացին: Այդ ժամանակ Գորգիսեանը... հրապարակեց հանրաժողովի պահանջի նախագիծը:
Խ. Հայաստանի կառավարութիւնից պահանջել, որպէսզի այս տարուանից սկսած` պաշտօնապօէս տօնուի ՀՀ 70-ամեակը` այն հռչակելով ոչ աշխատանքային օր եւ ԽՍՀՄ կառավարութիւնից պահանջել անյապաղ ազատ արձակել Պարոյր Հայրիկեանին: Հանրաժողովը սոյն որոշումը ընդունեց միահամուռ, եւ ԱԻՄ անդամները, յաջողութիւն մաղթելով ներկաներին, հեռացան: Ուսանողների եւ աշակերտների մի ստուար խումբ եռագոյնը պարզած` քայլում էր Երեւանի կենտրոնով: Յաջորդ օրը Խորհրդային Հայաստանի մամուլը տպագրեց հետեւեալը. «ՀԱՂՈՐԴՈՒՄ, մայիսի 28-ին Երեւանում, թատերական հրապարակում առանձին անձինք, քողարկուելով Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ լոզունգներով, փորձեցին վահանի վրայ բարձրացնել իր հակասովետական յայտարարութիւններով յայտնի Պ. Հայրիկեանի գործը: Նրանք փորձեցին մարդկանց հրահրել հակաօրինական գործողութիւնների: Այդ փորձերը դատապարտուեցին հավաքուածների կողմից: Արմէնպրէս»: ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ շաբաթաթերթ, 1988 թ յունիսի 6, թիւ 33, էջ 1-4, 6:
Յարկ եմ համարում յաւելել, որ այդ օրուայ մօտ 15 ցուցապաստառներից եւ ոչ մէկը Արցախի մասին չէր:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ