Արտատպելով «Բոստոն Գլոբից»ՙ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի սեպտեմբերի 8-ի համարը տեղեկացնում է, որ Yahoo News-ը վտարել է օգոստոսի վերջերին Վաշինգտոնի իր գրասենյակի ղեկավար Դավիթ Շալյանին այն բանից հետո, երբ պատահաբար լսել են ասելիս, որ Միթ Ռոմնին ու կինը «ուրախ էին խնջույք սարքելու, մինչ սեւամորթները խեղդվում էին (ջրհեղեղից)»:
Այդ օրը նա լուսաբանել է հանրապետականների համագումարը Ֆլորիդայում, որն ընդմիջվեց «Այզեկ» (Իսահակ) անվանմամբ ծովամրրիկի հետեւանքով: Նրա միկրոֆոնը միացած է եղել, բայց ուղիղ եթերի հեռարձակումը Տամպա քաղաքից չէր սկսվել: Yahoo ընկերության խոսնակ Աննա Էսպիրիտուն մեկնաբանել է, որ այդ խոսքերը անտեղի էին եւ ընկերության տեսակետներին չեն համապատասխանում: Նա նաեւ ընկերության անունից ներողություն է խնդրել բոլորից, ում այդ խոսքերը վիրավորել են:
Հ. Ծ.