Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ, որի ընթացքում Արմեն Աշոտյանը բարձրացրել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների մասին նոր պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության հարցը` նշելով, որ նման պայմանագիրը կնպաստի բուհի հետագա զարգացմանը: Նախարարն առաջարկել է համալսարանին շնորհել ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ:
Վերոնշյալ կարգավիճակ ստանալու նպատակով ՌԴ մի շարք բուհեր արդեն ընդգրկված են համապատասխան ցուցակում եւ, անցնելով մրցույթ, կստանան նշված կարգավիճակը: Ըստ Դ. Լիվանովի` Ռուսաստանը շահագրգռված է բուհերին տալ հետազոտական ուղղվածություն, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն ուսումնական, այլ նաեւ գիտահետազոտական կենտրոններ:
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը բարձրացրել է նաեւ Ռուսաստանի, մասնավորապես, մեծաքանակ հայազգի բնակչություն ունեցող քաղաքների (Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Սոչի) դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցը` առաջարկելով վերոնշյալ ծրագիրը կիրառել նաեւ Մոսկվայի 2 դպրոցում` պատրաստակամություն հայտնելով օժանդակել ուսուցման ծրագրի մշակման, մասնագետների վերապատրաստման եւ դասագրքերի տրամադրման գործում:
Դ. Լիվանովը, դրական գնահատելով վերոնշյալ նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում նշված հարցերը լուծվում են դպրոցների ծնողների կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Նա առաջարկել է ընտրել որեւէ դպրոց եւ փորձնական ծրագրի շրջանակում կիրառել հայոց լեզվի ուսուցումը եւ, ըստ այդմ, ելնելով արդյունքներից, անցնել հաջորդ փուլին:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ