Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ օրը հայ ֆուտբոլասերների ուշադրությունը բեւեռված էր «Շախտյոր»-«Նորդշելանդ» հանդիպմանը: Ուկրաինայի չեմպիոնի կազմում իրեն գերազանց դրսեւորեց Հենրիխ Մխիթարյանը, որի խփած 2 անպատասխան գոլերը հաղթանակ պարգեւեցին «Շախտյորին»: Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որին հաջողվեց գոլի հեղինակ դառնալ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Նա նաեւ բացեց իր գոլերի հաշիվը «Շախտյորում» եվրոգավաթների մրցաշարում: Նշենք, որ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես գալիս Մխիթարյանը 2009/10-ի մրցաշրջանում 4 գոլ էր խփել Եվրոպայի լիգայի մրցաշարում:
Խաղից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հայ ֆուտբոլիստին հանդիպման հերոս էին համարել, Մխիթարյանը համեստորեն չի կիսել այդ տեսակետը. «Բոլորն ինձ հանդիպման հերոս են համարում, սակայն ես այդ կարծիքին չեմ: Հերոս կարելի է համարել մեր ողջ թիմին: Այսօր բոլորս միասին աշխատեցինք արդյունքի համար: Ընդմիջումից քիչ առաջ խփած գոլն էլ մեզ լրացուցիչ լիցքեր հաղորդեց: 2-րդ գոլի դրվագում փոխանցում կատարեցի ավելի հարմար դիրքում գտնվող Մարկո Դեւիչին, որպեսզի նա գրավի դարպասը, սակայն չստացվեց ու գնդակը կրկին հայտնվեց իմ մոտ: Ընթացքից գրավեցի դարպասը: Թեեւ իմ հիմնական խնդիրը ենթահարձակվողի գոտում խաղալն է, սակայն Միրչա Լուչեսկուն ինձ որոշակի ազատություն է տալիս խաղադաշտում: Ուստի հաճույքով եմ միանում թիմի գրոհներին ու գոլեր խփում, ամեն ինչ անում եմ հաղթանակն ապահովելու համար: Իհարկե, շատ հաճելի է առաջին իսկ խաղում 2 գոլ խփելը: Բայց ամենակարեւորը հաղթանակն է: Կաշխատենք հաջորդ հանդիպումներում էլ հաղթել»:
Մխիթարյանի խաղի մասին գովեստով է խոսել «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն . «Նա թիմի համար շատ կարեւոր ֆուտբոլիստ է, որը վերջին շրջանում առաջադիմել է: Իհարկե, չեմ ցանկանում իդեալականացնել Մխիթարյանին, երբ ամբողջ թիմը լավ խաղաց: Մխիթարյանն իր պարտականություններն է կատարում: Այսօր նա գոլեր խփեց: Հուսանք, որ հաջորդ հանդիպումներում մյուս ֆուտբոլիստներին էլ դա կհաջողվի: Շատ գոհ եմ Հենրիխի գործողություններից, թե ինչպես է նվիրվում խաղին, ներխուժում տուգանային հրապարակ ու իրացնում է գոլային պահերը: Նրա օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է»:
Այսպիսով, հենց մեկնարկից «Շախտյորը» գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը, քանի որ մյուս խաղում «Չելսին» ու «Յուվենտուսը» բաժանվեցին մեկական միավոր վաստակած: «Չելսին» Օսկարի խփած 2 գոլերի շնորհիվ հաղթում էր, սակայն «Յուվենտուսին» հաջողվեց հավասարեցնել հաշիվըՙ 2-2:
Խմբային մրցաշարի մեկնարկը չափազանց ծանր ստացվեց «Բարսելոնի» համար, որը հյուրընկալել էր Մոսկվայի «Սպարտակին»: Դեռեւս խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում սպարտակցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր, որ Բարսելոն են ժամանել հաղթելու մտադրությամբ: Սպարտակցիները կարող էին իրենց խոսքի տերը դառնալ, եթե վճռորոշ պահին կրկին իր վարպետությամբ չփայլեր Լիոնել Մեսին, որի խփած 2 գոլերն ապահովեցին «Բարսելոնի» դժվարին հաղթանակըՙ 3-2:
Խաղից հետո թիմերի մարզիչների կարծիքն այսպիսին էր:
Տիտո Վիլանովա («Բարսելոն») - Մենք վատ չխաղացինք եւ ի վերջո հաղթեցինք: Նման մրցաշարում շատ կարեւոր է հաղթական մեկնարկը: «Սպարտակի» պաշտպանությունը ճեղքելը շատ դժվար էր: Բացի այդ էլ մրցակիցը վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում: Բայց մենք գոլային շատ պահեր ստեղծեցինք, որոնցից 3-ն իրացրինք:
Ունաի Էմերի («Սպարտակ») - Մեր բախտը չբերեց: Ձգտում էինք խորքից գործել, «Բարսելոնի» ֆուտբոլիստներին զրկել ազատ տարածություններից: Խաղն ընթացավ այնպես, ինչպես սպասում էինք: Մեր պաշտպանները վատ չկատարեցին իրենց պարտականությունները: Լիոնել Մեսիին կարելի է ինչ-որ ժամանակահատված հսկել: Սակայն երբ կենտրոնանում ես նրա վրա, մյուսներն են ազատ գործելու հնարավորություն ստանում: Ընդհանուր առմամբ հիանալի խաղ էր: Բավարարված եմ խաղով, բայց ոչ արդյունքով: Մենք մեծ ներուժ ունենք եւ հետագա հանդիպումներում այն կներդնենք: Կաշխատենք բարելավել մեր խաղը հանդիպման վերջնամասում:
«Բարսելոնը» գլխավորեց G խմբի մրցաշարային աղյուսակը: Մյուս խաղում «Սելթիկն» ու «Բենֆիկան» այդպես էլ չգտան դարպասի բանալին:
Իր երկրպագուներին հաճելի անակնկալ մատուցեց Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն, որը հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Լիլին»: ԲԱՏԷ-ում հանդես եկող Զավեն Բադոյանը Ֆրանսիա չէր մեկնել: F խմբի մյուս խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց «Վալենսիային»:
H խմբում մրցաշարը հաղթանակով սկսեց «Մանչեսթր Յունայթեդը», որը սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Գալաթասարային»: Ռումինական ՉՖՌ-ն հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց պորտուգալական «Բրագայի» դարպասը եւ գլխավորեց H խմբի աղյուսակը: