«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

Մեր հավաքականի լեգենդար ավագը որոշում է կայացրել հեռանալ մեծ ֆուտբոլից: Այս մասին հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ: Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո անմնացորդ նվիրվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում», եւ Հայաստանի հավաքականում, ինչպես նաեւ մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով եւ արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:

Ֆուտբոլային երկար ճանապարհը, բնականաբար, հեշտ չի եղել, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանինՙ մեծ վստահության եւ գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներինՙ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբինՙ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմինՙ ի դեմս Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որի հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին: Շնորհակալ եմ հավաքականում հանդես եկած իմ բոլոր խաղընկերներին, որոնց հետ միասին երկար տարիներ պաշտպանել եմ մեր երկրի պատիվը: Շնորհակալություն ֆուտբոլասերներին, որոնք աջակցել են մեզ:

Կցանկանայի նաեւ հիշել եւ երախտագիտության խոսքեր ասել ռուսական «Զենիթ» եւ «Տորպեդո» ակումբների հասցեին, որտեղ անց եմ կացրել իմ կարիերայի մի քանի անմոռանալի տարիներ:

Ես երջանիկ եմ, որ այսքան երկար տարիներ եղել եմ ֆուտբոլում: Մեծ հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին, մեր հայկական ֆուտբոլին եւ իմ հարազատ «Փյունիկին»:

Անկեղծ ասած, մի փոքր անսպասելի եւ տարօրինակ է Հովսեփյանի կայացրած որոշումը: Ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ երազում է որդու հետ միասին խաղադաշտ դուրս գալ, ուստի չի մտածում ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին: Գուցե Սարգսի որոշման վրա ազդեցին ֆուտբոլասերնե՞րը, որոնք Մալթայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ հանդիպումներից հետո սոցցանցերում խորհուրդ էին տվել Հովսեփյանին ավարտել ելույթները հավաքականում:

Ամեն դեպքում հայկական ֆուտբոլի վետերաններից մեկը, որ միայն պաշտոնական մրցումներում 600-ից ավելի խաղ է անցկացրել, վճռել է խաղակոշիկները մեխից կախել: Մեզ մնում է հաջողություն մաղթել Սարգսին նրա հետագա կյանքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4