Մեթյու Բրայզա` Կոնդոլիզա Ռայսի սանն ու պաշտպանյալը
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ներկայումս ներքաշված է լրտեսական սկանդալային մի միջադեպի մեջ, որը նրան կարող է զրկել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ փոխնախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից: Պարզաբանում է հայտնի քաղաքական մեկնաբան, հեռուստատեսության լրատվական բաժնի ավագ խմբագիր Գորդոն Դաֆը Վաշինգտոնիցՙ հենվելով հավաստի, բայց գաղտնի աղբյուրների վրա: Բացահայտումները հետաքրքրական են, որովհետեւ դրանցում «գործող անձինք» այս կամ այն կերպ առնչվել են Հայաստանին եւ հայերի հետ:
ՀԴԲ-ն ու ԱԱԽ-ն
«Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) միշտ էլ փորձել է լավ գործ կատարել, պաշտպանել երկրի շահերը: Նրա աշխատակիցներից ավելի բարձր լիազորություններ ունեցող դավաճաններն են, որ խոչընդոտում են լրտեսությունների հետաքննություններին: Ցավով ենք նշում, որ սա «հին խաղ է», եւ հակահետախուզությամբ զբաղվող շատ մարդիկ երկար ժամանակ է, ինչ նվաստացած են զգում իրենք իրենց:
Երբ կրտսեր Բուշը դարձավ Մ. Նահանգների նախագահ, Կոնդոլիզա Ռայսին նշանակեց խորհրդական ազգային անվտանգության գծով: Իր մտադրությունները իրականացնելու նպատակով Ռայսը «Նոր ամերիկյան դարաշրջանի համար» ծրագրից (PNAC) մարդկանց հավաքագրեց եւ բերեց իր մոտ: Նրանց թվում էին Ռիչարդ Պեռլը, Պոլ Վոլֆովիցը եւ Ռիչարդ Կլարքը: Վերջինս դարձավ հակաահաբեկչական բաժնի պետը:
Նախքան առաջ գնալը նշենք, որ ՀԴԲ-ն իրավունք չունի հարցաքննելու Սպիտակ տան կամ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) որեւէ աշխատակցիՙ արտաքին քաղաքականության կամ հետախուզական հարցերով առանց ԱԱԽ-ի խորհրդարանի թույլտվության: ՀԴԲ-ն, բնականաբար, առարկելի է համարում այս դրությունը: Ինչո՞ւ: Որովհետեւ ԱԱԽ-ին անդամակցելը նշանակում է անխոցելի լինել, իրավունք ունենալ հասու լինելու ամեն տեսակի դասակարգված տվյալներիՙ ներառյալ «խիստ գաղտնի» եւ «հատուկ բաժանմունքի» տվյալները: ԱԱԽ-ին մաս կազմող անդամները խստագույն քննության են ենթարկվում: Նրանց անցյալն ու ներկան երկրի շահերին անսակարկ ծառայելու պատմություն պետք է լինի:
Ռայսի հավաքագրած մարդկանցից ոչ մեկը վետերան նվիրյալների թվին չէր պատկանում: Նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ էին: Ռայսը Սպիտակ տունն էլ լցրել էր նախկինում դատապարտված հանցագործներով եւ լրտեսներով: 2002-ին նա, իր լիազորությունների բոլոր սահմանները անցնելով, խոչընդոտեց Սպիտակ տան մեջ գործող լրտեսական խոշոր գործողության հետաքննությանը: Դրա բացահայտումն այս օրերին նրան դարձնում է քաղաքականապես անվստահելի անձնավորություն, որը լուրջ խախտումներ է թույլ տվել ազգային անվտանգության քաղաքականության մեջ: Նրա գործողությունները մեծ մասամբ կապված են տխրահռչակ Մեթյու Բրայզայի, իսկ ավելի կոնկրետՙ վերջինիս հովանավորելու հետ: Բայց նախ հակիրճՙ մյուսների մասին:
Հանցագործ խմբի ներթափանցումը
Ռիչարդ Պեռլն արդեն իսկ (ԱԱԽ անդամ դառնալուց առաջ) մեղադրվել էր լրտեսության մեջ: «Իշխանության գինը» (Price of Power) գրքում Սեյմուր Հերշը (Seymour Hersh) նշում է այդ մասին.
«Պատահմամբ լսել էին, որ սենատոր Ջեքսոնի արտաքին քաղաքականության գծով օգնական Ռիչարդ Պեռլը ինչ-որ մեկի հետ քննարկում էր խիստ գաղտնի մի տեղեկատվություն, որը նրան էր փոխանցել ԱԱԽ-ի անձնակազմից մեկը: (Հենրի) Քիսինջերը Հալդեմանին է փոխանցում ՀԴԲ-ի գաղտնի ձայնագրությունը... եւ պահանջում պարզել, թե ով կարող է ԱԱԽ-ից Պեռլի հետ կապի մեջ մտնել: Քիսինջերը պետք է իմանար, որ Հուվերն ու Հալդեմանը կասկածելու էին Սոնենֆելդին, որը նախորդ գաղտնի լսումներից արդեն ծանոթ էր որպես կապեր ունեցող Իսրայելի եւ Պեռլի հետ» (էջ 322):
Ռայսը գիտեր նրա մասին: Գիտեր նաեւ, որ նա միակը չէ:
Հաջորդը Սթիվ Ռոզենն էր, որին Լոուրենս Ֆրանկլինի հետ (Վոլֆովիցի, Պեռլի եւ Ուայզմենի օգնականը) ձերբակալել էին լրտեսության մեղադրանքով:
Ռոզենին Ռայսն էր բերել Սպիտակ տուն: Ֆրանկլինինՙ Վոլֆովիցը, իսկ Վոլֆովիցինՙ դարձյալ Ռայսը: Քիթ Ուայզմենը կառավարական պաշտոնյա չէր, բայց Ռայսի կողմից թույլտվություն ուներ հասու լինելու ԱԱԽ-ի թղթածրարներին: Հակառակ զեկույցներում որպես սոսկ AIPAC-ի (իսրայելական քարոզչական խմբավորում) ներկայացուցիչ, հորջորջումին, Ռոզենը ԱԱԽ-ում զբաղեցնում էր Ռանդ կորպորացիայի եւ Մերձավոր Արեւելքի բաժնի ղեկավարի պաշտոնը:
Երեքն էլ ձերբակալվեցին լրտեսության մեղադրանքներով: Ֆրանկլինին դատապարտեցին 13 տարվա բանտարկության, իսկ Ռոզենի եւ Ուայզմենի դատավճիռների կատարումը «հետաձգվեց» Բուշի վարչակարգի արդարադատության բաժնի կարգադրությամբՙ հաշվի առնելով «ազգային անվտանգության շահերը»: Բուշի կարգադրությամբ Ֆրանկլինի պատիժը մեղմացվեց եւ «10 ամսվա տնային կալանքի» ձեւավորումը ստացավ:
Միեւնույն «հանցագործ» խմբից Դագլըս Ֆիթը, որը միշտ կասկածի տակ էր եղել, նշանակվեց պաշտպանության փոխնախարար: Իսկ Էլիոտ Աբրամսը 1991-ին մեղավոր է ճանաչվել Կոնգրեսում «Իրան-կոնտրա» հետաքննության լսումների ժամանակ երկու անգամ ստելու համար: Ռեյգանը նրան նշանակել էր մարդասիրական օժանդակությունների գծով պետքարտուղարի օգնական, չնայած ԿՀՎ-ն հավատացած էր, որ նա խորապես ներգրավված է Կենտրոնական Ամերիկայում, հատկապես Գվատեմալայում իրագործված ցեղասպանության մեջ, որին զոհ գնաց 300 հազար մարդ: Նրա մեծագույն ծրագիրը «Էլ Սալվադորն» էրՙ «Էլ Մոզոտը» 1981-ին, երբ հազարավոր անզեն սալվադորցի գյուղացիներ ու հողագործներ, ներառյալ 139 երեխաներ, սպանվեցին Մ. Նահանգներում ռազմական պատրաստվածություն անցած «կոնտրա» խմբավորումների կողմից:
«Հետեւողականորեն ստախոս» հորջորջված Աբրամսը Վաշինգտոնի քաղաքականությունը «անհավատալի ձեռքբերում» որակեց, իսկ Կոնգրեսում «կոմունիստական պրոպագանդա» անվանեց «Նյու Յորք թայմսում» եւ «Վաշինգտոն փոստում» տպագրված հաղորդագրություններն ու լրատվությունները: Նա նաեւ ժխտեց, թե տեղյակ էր եղել արքեպիոսկոպոս Օսկար Ռոմերոյի սպանության հանգամանքներին:
1993-ին միայն «Սալվադորյան ճշմարտության» հանձնախմբի (նախագահ Ռոբերտ Տորիչելլի, դեմոկրատ Նյու Ջերսիից) ջանքերով բացահայտվեց իրողությունը:
Մեթյու Բրայզա
Գալով Ռայսին ամբողջապես վարկաբեկած Մեթյու Բրայզային, նշեմ, որ նա այսօր Ստամբուլում ապրող եւ կասպիական ավազանի նավթային գործառույթներում «խրված» Ադրբեջանում Ամերիկայի նախկին դեսպանն է, որն ամուսնացած է թուրքական հպատակություն ունեցող Զեյնո Բարանի հետ: Վերջինս ոչ միայն «Սաբահ» թուրքական թերթի սեփականատիրոջ խորթ աղջիկն է, այլեւ անպաշտոն կերպով Բաքու-Ջեյհան խողովակաշարի օգտին պայքարող եւ դրա համար ամերիկյան «պաշտպանություն» ձեռք բերելու քարոզչությամբ զբաղվող անձնավորություն:
Բրայզան ծնվել է 1964-ին: Որպես Մ. Նահանգների դիվանագետ նա նախ ծառայել է Լեհաստանումՙ խորհրդային իշխանության ազդեցության վերջին տարիներին, այնուհետեւ Ռուսաստանումՙ 90-ականների կեսերին: Նրա դեսպան լինելու լիազորությունները դադարեցվեցին այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական հայտարարություններ կատարեց: Նրան ԱԱԽ-ի անդամ դարձրեց Կոնդոլիզա Ռայսը 2001-ի ապրիլինՙ վստահելով նրան կարեւորագույնՙ Թուրքիայի (Եվրասիայի) գրասենյակի ղեկավարի պաշտոնը: Դա նրան մուտքիՙ հասու լինելու թույլտվություն տվեց ամեն տեսակի գաղտնի, երկրի անվտանգությանը վերաբերող փաստաթղթերի, որոնց բովանդակությունը, հետագայում պարզվեց, նա տարիներ շարունակ փոխանցել է թուրք հետախուզության մի աշխատակցուհու, որի հետ ապրելիս է եղել:
Հնարավոր չեղավ պարզել, թե որքան տեղեկություն էր նա փոխանցել, որովհետեւ նա Ռայսի «պաշտպանության տակ» էր, եւ վերջինս նախագահ Բուշի միջոցով իշխանություն էր ձեռք բերելՙ խոչընդոտելու ամեն տեսակի հետաքննություն իր պաշտոնյաների նկատմամբ:
Գործի բացահայտումը
2002-ի սկզբներին ՀԴԲ-ի երկու գործակալներ ինձ խնդրեցին օգնել իրենցՙ բացահայտելու ազգային անվտանգությանը սպառնացող խախտումները: Ես նրանց ասացի, որ Բրայզան ապրում է Զեյնո Բարանի հետ, իսկ այս մասին նա ոչինչ չի ասել գաղտնի փաստաթղթերին հասու լինելու իրավունք ստանալու վերաբերյալ անցկացվող քննությունների ժամանակ: Հավելեցի նաեւ, որ վերջին անգամ ես նրանց երկուսին տեսել էի Ռոզենի տանը:
Երբ ՀԴԲ-ն ի վիճակի եղավ ապացուցել լրտեսության փաստը, գործակալները պահանջեցին հարցաքննել Բրայզային: Հարցաքննությունները շարունակվեցին 2002/03 թվականներին: Դրանց վերաբերյալ ոչ մի հաղորդակցություն ցարդ չի հրատարակվել: Պարզելուց հետո, որ Բրայզան ստերի եւ խաբեության միջոցով էր հասել իր «անխոցելի» դիրքին, ՀԴԲ-ն գործի անցավ եւ դիմեց Կոնդիին, որն էլ հարկադրված արդեն թույլ տվեց հարցազրույց անցկացնել Բրայզայի հետ: ՀԴԲ-ի գործակալներից մեկն ինձնից խորհուրդ հարցրեց, թե ի՞նչ հարցերի միջոցով է հնարավոր պարզելՙ ճի՞շտ է ասում նա, թե՞ ոչ: Ես որոշ թելադրանքներ տվեցի:
Հարցազրույցի վերջում ՀԴԲ-ն արդեն պաշտոնապես հարց բարձրացրեց չեղյալ համարելու Բրայզային տված բոլոր արտոնությունները: Պետությունը պատրաստ էր կատարելու խնդրանքը: Կոնդին անձամբ խոչընդոտեց գործընթացին եւ փոխանակ հրահանգելու դատական հետապնդում անցկացնելու, Բրայզային նշանակեց պետքարտուղարի օգնականի տեղակալՙ այն նույն տարածաշրջանի համար, որի օգտին լրտեսելու համար նրան մեղադրել էին:
«Վիկիպեդիայի» հետաքրքրաշարժ տվյալները
Ահա թե ինչ տվյալներ է հրապարակում «Վիկիպեդիան» վերոնշյալ իրադարձություններից հետո:
2005-ի հունիսին Բրայզան ստանձնեց իր նոր պարտականությունները: Նա պետք է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարաբերությունները վերահսկեր եւ ղեկավարեր: Նա նաեւ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված Մ. Նահանգների ջանքերը պետք է ուղղորդեր, Սեւ եւ Կասպից ծովերը շրջապատող տարածքների էներգամատակարարման ամերիկյան քաղաքականությունը համակարգեր եւ հանդուրժողականության, իսլամի եւ համայնքների ինտեգրման հարցերով համագործակցեր եվրոպական երկրների հետ:
2009-ի օգոստոսին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Հաչիկյանը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված իր նամակում հայ համայնքի մտահոգությունն էր հայտնում Բրայզայի կողմնակալ արտահայտությունների վերաբերյալՙ կապված Ղարաբաղի հարցի հետ:
2010-ի մայիսին Սպիտակ տունը Բրայզային նշանակեց Մ. Նահանգների դեսպան Ադրբեջանում: 2010-ի սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը հավանություն տվեց: Դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Բարբարա Բոքսերը փորձեցին խոչընդոտել առաջադրմանը, բայցՙ իզուր: 2010-ի դեկտեմբերին նախագահ Օբաման հաստատեց նրա նշանակումը, եւ Բրայզան 2011-ի փետրվարից անցավ պարտականությունների կատարմանը: Սակայն 2012-ի հունվարին ստիպված եղավ թողնել իր պաշտոնը եւ հեռանալ արտաքին գերատեսչությունից, քանի որ ամերիկահայ քարոզչական խմբավորումների ճնշման տակ Սենատը չհաստատեց նրա նշանակումը:
«Վաշինգտոն փոստի» թղթակից Ջեյմս Մորիսոնը գրում է, որ Բրայզայի անցյալի կապերը Ադրբեջանի հետ «կարեւոր կասկածներ» են առաջացնում (իր անաչառության վերաբերյալ):
- 2007-ին «Ազադլըք» ընդդիմադիր թերթի խմբագիր Գանիմատ Զահիդն ու թղթակից Աջիլ Խալիլը դատական կարգով հետապնդման ենթարկվեցին «Ադրբեջանցիները վճարեցին Մեթյու Բրայզայի հարսանիքի համար» հոդվածի հրատարակման առիթով: Հոդվածում նշվում էր, որ տնտեսական զարգացման ազերի նախարար Հեյդար Բաբաեւն է հոգացել Բրայզայի հարսանիքի ծախսերի մեծ մասը:
- Խալիլը դրանից հետո չորս անգամ ենթարկվել է մահափորձերի եւ 2008-ի հուլիսին, այլեւս չդիմանալով սպառնալիքներին, հաստատվել Ֆրանսիայում:
Հստակ է մի բան, որ Բրայզայի հովանավորները կանգ չեն առնում սոսկ «խոչընդոտներ հարուցելով», նրանց համար սպանությունը նույնպես տարբերակ է:
- Չհաստատված աղբյուրների համաձայնՙ Բրայզան է կանգնած եղել նաեւ Հարավային Օսիայի դեպքերի հետեւում:
- Հարգված լրագրող եւ քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաեւի խմբագրած երկու թերթերՙ «Ռեալնի Ազերբայջան» եւ «Գյունդելիք Ազերբայջան», մնում են փակված Ղարաբաղի վերաբերյալ հոդվածներ տպագրելու հետեւանքով:
- Ադրբեջանում վերջին զարգացումների թվում պետք է նշել մամուլի հրապարակումների եւ լուսանկարներ կատարելու վրա դրված նոր սահմանափակումները, որոնք բոլորովին չեն համապատասխանում «ժողովրդավարությունը զարգացնելու» քաղաքականությանը:
«Registan»-ի տվյալներից
Բրայզայի եւ վրաց-ռուսական պատերազմի մասին գրել է նաեւ Ջոշուա Ֆոուստը «Registan»-ում:
- Բուշի վարչակազմում գործողներից շատերի նման Բրայզան նույնպես մոտիկ էր Սաակաշվիլու հետ, եւ շշուկներ են պտտվում, որ նա է «օգնել առաջ տանելու» այդ փոքրիկ երկրի արկածախնդրական պատերազմը Ռուսաստանի դեմՙ խոստանալով ամերիկյան օժանդակություն: Ռուսաստանն այդ առնչությամբ շատ հստակ հասկացրել է, որ Բրայզային սառը ընդունելություն կցուցաբերեն ռուս դիվանագետները:
Բրայզան Սպիտակ տուն թափանցեց PNAC-ի խմբի հետ, որն արդեն ուներ մշակված ծրագիր: Նրանք հարմար պահի էին սպասում Իրաք ներխուժելուՙ որպես առաջին քայլ Իրան ներխուժելուց առաջ:
2012-ի մարտի 1-ից Բրայզան որպես տնօրեն ղեկավարում է «Պաշտպանության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը», որը USAID-ի ֆինանսավորմամբ գործող էստոնական միջառարկայական միավորում է, այսպես կոչված «think-tank»:
***
Կոնդոլիզա Ռայսի եւ Բրայզայի հետ նրա հարաբերությունների բացահայտումներից հետո հնարավոր չեղավ ստանալ մեկնաբանություններ նրանից: Նա այժմ վարկաբեկված է իր լիազորությունները չարաշահելու հետեւանքով:
Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 2. Էլիոտ Աբրամս
Նկար 3. Զեյնո Բարան եւ Մեթյու Բրայզա
Նկար 5. Սթիվ Ռոզեն եւ Քիթ Ուայցման