Մայր աթոռ Ս. Էջմիածնից եւ Հայ եկեղեցու Ավստրալիայի թեմական խորհրդից երեկ ստացված հաղորդագրությունները գուժեցին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդՙ գերաշնորհ Աղան արք. Պալիոզյանի վախճանվելը:
Ծնվել է 1946 թ., Հալեպում: Տեղում նախակրթությունն ստանալուց հետո ընդունվել եւ ավարտել է Երուսաղեմի պատրիարքության Ժառանգավորաց վարժարանը: Աբեղա էր ձեռնադրվել 1968 թ. Եղիշե պատրիարք Տերտերյանի ձեռամբ, ապա վարել տարբեր պաշտոններ պատրիարքարանում: 1971-74 թթ. որպես ազատ ունկնդիր հետեւել է Երեւանի պետհամալսարանի հայոց լեզվի եւ գրականության դասընթացներին: Երուսաղեմ վերադարձին վարել է Ժառանգավորաց վարժարանի տեսչի պաշտոնը մինչեւ Սիդնեյ (Ավստրալիա) մեկնելը, որտեղ եղել է առաջնորդական փոխանորդՙ Գարեգին արք. Գազանճյանի (հետագայումՙ Կ. Պոլսո հայոց պատրիարք) առաջնորդությամբ: 1991 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի երկրների պատվիրակ, իսկ ավելի ուշՙ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ:
Անդամ էր Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի: