«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մի շարք գործընկերների հետ մշակվել է գաղափար` եվրոպական դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացներ ներառելու ուղղությամբ:

Ա. Աշոտյանը, անդրադառնալով գործընթացի նպատակին, ասել է, որ անհրաժեշտ է Եվրոպայի երիտասարդ սերնդին պատմել 20-րդ դարի մեծագույն ոճիրներից մեկի մասին եւ կանխարգելել ու բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը. «Որոշ եվրոպական երկրներ արդեն իսկ ցեղասպանության մասին նյութերը ներառել են հանրակրթական ծրագրերում: Հաշվի առնելով, որ տարիներ առաջ Գերմանիայի Բունդեսթագը տվել է իր քաղաքական գնահատականը նշված իրադարձությունների վերաբերյալ, կարծում եմ` հարկ է երկրի քաղաքական դիրքորոշումը փոխանցել նաեւ երիտասարդ սերնդին»:

Իսկ Շտեֆան Դորգերլոհը դրական է գնահատել նշված նախաձեռնությունը. «Հարեւան Բրանդենբուրգի երկրամասում արդեն օժանդակ ուսումնական նյութեր են պատրաստվել, որտեղ մարդկության դեմ նմանատիպ այլ ոճիրների շարքում հանգամանալից ներկայացված է նաեւ Հայոց ցեղասպանությունը»:

Շտեֆան Դորգերլոհը նշել է նաեւ, որ նշված քայլերը ոչ միայն հիշեցնում են ապագա սերունդներին վերոնշյալ ոճրագործությունների մասին, այլ նաեւ նպաստում են ժողովուրդների երկխոսությանը եւ հաշտեցմանը` որպես օրինակ բերելով գերմանա-ֆրանսիական հաշտեցման պայմանագիրը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4