«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, հանձնաժողովն ավարտել է ուսումնասիրությունները հանրապետության 575 մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաեւ մատակարար ընկերությունների անբարեխիղճ վարքագծի եւ խաբեության տասնյակ դեպքեր:

Մասնավորապես բացահայտվել են դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդՙ սփրեդ կամ մարգարին: Ավելին, պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակՙ սուրճ, ապուխտ, սուջուխ, ձկան եւ մսի պահածոներ, կծու պղպեղ եւ այլն:

Հատկապես մարզերում բացահայտվել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին: Այսինքն, նրանք իմացել են սփրեդի ձեռքբերման մասին: Բացի դրանից, մի շարք ընկերություններ, մանկապարտեզների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ, սննդի մատակարար են դարձել առանց մրցույթների անցկացման:

Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են. Լուսաշխարհ ՍՊԸ, ԱԲԱՖ ՍՊԸ , Սեար գրուպ ՍՊԸ, Երեքնուկ ՍՊԸ, Այգաբեր ՍՊԸ, Կրիստալ ՍՊԸ, Աբովյան Սիթի ՍՊԸ, Արմեն ԱՔԷ ՍՊԸ, Արարտ ՍՊԸ, Էթյունի ՍՊԸ, Ոսկե խարիսխ ՍՊԸ, Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ, Վոլոդյա Հովսեփյան ԱՁ,Կարապետ Կարապետյան ԱՁ, Վոլոդյա Փանոսյան ԱՁ, Մանուկ Մարգարյան ԱՁ, Նարինե Վիրաբյան ԱՁ, Նվեր Սեւումյան ԱՁ, Ռիմա Տոնոյան ԱՁ, Ռիմա Մարգարյան ԱՁ, Երեմ Ասատրյան ԱՁ, Արամայիս Գեւորգյան ԱՁ, Խանում Սիմոնյան ԱՁ, Արմեն Հովեյան ԱՁ, Արման Համբարձումյան ԱՁ:

Հանձնաժողովը անընդունելի եւ դատապարտելի համարելով տնտեսվարողների նման վարքագիծը, քանի որ խնդիրն առնչվում է մանկահասակ երեխաներին, որոշեց կիրառել անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4