«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ԳՅՈՒՄՐՈՒ ՆՈՐ ԱՎԱԳԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը դրան հետամուտ է լինելու

Շիրակի մարզի այլ համայնքների թվում այս ամիս Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունները, ընտրողների համեմատական պասիվությամբ հանդերձ, մի շատ կարեւոր դրական կողմ ունեին: Ի տարբերություն նախորդ` չորս տարի առաջվա տեղական ընտրությունների, այս անգամ չկար քաղաքապետի թեկնածուների միջեւ սուր կլանային պայքար` քրեահակ տարրի հնարավոր ակտիվ դերակատարության սպասումով ու դրանից բխող ընդհանուր անառողջ հոգեբանական լարվածությամբ: Ընտրողը վերջապես հանգիստ շունչ էր քաշել. ե՛ւ վերջին հաշվով քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը, ե՛ւ նրա երեք մրցակիցները հանգիստ, քաղաքակիրթ պայքար էին մղում, ու այդ հանգստությունը փոխանցվել էր նաեւ ընտրական հանձնաժողովների անդամներին ու ամենակարեւորը` ընտրողին:

Հիմնական ինտրիգն այս անգամ ավագանու անդամության 21 տեղերի համար պայքարն էր: Իսկ ՏԻՄ այս ընտրարշավի առանձին ուշադրության արժանի նորությունը ընտրությունից ամիսներ առաջ ձեւավորված, Գյումրու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունն էր, նրա կազմից նոր ավագանու անդամության յոթ թեկնածուների միասնական թիմի առաջադրումն ու քաղաքի զարգացման միասնական ծրագրով հանդես գալը, որը թերեւս Հայաստանում առաջին նման դեպքն էր: Սակայն քվեարկության արդյունքներով այդ միասնական թիմից համայնքային ավագանու անդամ ընտրվեց միայն մեկ մարդ: Նախաձեռնության բոլոր յոթ թեկնածուներին միասին ձայն տվեց քվեարկության մասնակիցների մոտ 7,2 տոկոսը:

Անցած ուրբաթ հրավիրած մամուլի ասուլիսում գնահատելով ընտրության արդյունքներն ու ներկայացնելով «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հետագայի մտադրությունները, վերջինիս ներկայացուցիչներն ընդունեցին, որ նախաձեռնության գաղափարներն ու ծրագրերը կամ ընտրողի կողմից մերժվեցին, կամ իրենք չկարողացան դրանց կարեւորության եւ օգտակարության նկատմամբ արթնացնել գյումրեցիների հավատը: Բացասական գնահատելով կատարված ընտրությունն ու ընտրված համայնքային ավագանու որակական կազմը, բանախոսները նշեցին, թե իրենցից յուրաքանչյուրը եւ նախաձեռնությունն ընդհանրապես չի կարող անտարբեր լինել Գյումրու ավագանու կայացնելիք որոշումների նկատմամբ եւ ավագանու իրենց անդամի միջոցով ամեն ինչ անելու են դրանց վրա դրական ազդեցություն ունենալու համար:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը, ինչպես նշվում է լրատվամիջոցներին տրամադրված հաղորդագրությունում, հավատարիմ է մնալու իր որդեգրած գաղափարախոսությանը, ընդունված արժեքներին եւ հետեւողականորեն շարունակելու է իրականացնել Գյումրու բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված իր կարեւորագույն առաքելությունը: Նախաձեռնության անդամները բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ են լինելու երկարատեւ եւ բուռն մասնագիտական ու ոլորտային քննարկումների արդյունքով ստեղծված փաստաթղթի` Գյումրու զարգացման իրենց մշակած ծրագրի դրույթների իրականացմանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4