Երեք հսկայական հատոր, որոնցից յուրաքանչյուրը կազմում է 400 էջ: Սա «Հարսնաքար»-ի գործով նախաքննության ընթացքում կազմված նյութն է: Մինչեւ հոկտեմբերի 3-ը ամբաստանյալ Արման Յաշայի Խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանը պետք է ուսումնասիրի ամբողջ գործը, որպեսզի կարողանա հավուր պատշաճի ներգրավվել դատական գործընթացում:
Եթե նախորդ դատական նիստը հետաձգվեց Արման Խաչատրյանիՙ փաստաբան չունենալու պատճառով, այս անգամ նիստը հետաձգվեց փաստաբանիՙ գործին ծանոթ չլինելու պատճառով: Մինչ դատական նիստի հետաձգումը տուժող կողմից Գառնիկ Ավետյանի իրավահաջորդ Վարդան Գրիգորյանը դատարան ներկայացրեց մի հայտարարություն, որը վերաբերում է երիտասարդների մի խմբի, որ արդեն երկրորդ նիստին է մասնակցում: Գրիգորյանի ներկայացմամբՙ երիտասարդները ոստիկաններ են, փաստաբանի խոսքերովՙ իրենց տեղեկացրել են, որ երիտասարդները անվտանգությունն ապահովելու համար են եկել: «Սակայն ինչո՞ւ համազգեստով չեն եւ ի՞նչից պետք է ապահովեն ներկաներին երիտասարդները», հարցրեց փաստաբանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատական նիստը բաց է, եւ դատարանի իրավասությունների մեջ չի մտնում, թե ովքե՞ր են գալիս դատարան, ի՞նչ պաշտոն ունեն եւ ինչպիսի՞ հագուստ են կրում:
Քրեական գործում որպես պետական մեղադրող ներկայացված է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի տեղակալ, դատախազ Արթուր Դավթյանը, ով պահանջեց, որ դատական հաջորդ նիստերին ներկա լինեն նաեւ գործով տուժողներն ու տուժողի իրավահաջորդը: Դատական այս նիստին էլ ներկայացված էին գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանն ու Արման Խաչատրյանը:
Ի տարբերություն դատական նախորդ նիստիՙ այս անգամ լրատվամիջոցների եւ ներկաների պահանջը բավարարվել էր. բարձրախոսների եւ դինամիկների հարցը կարգավորվել էր:
Թեպետ նախանշված էր, որ դատական նիստին զուգահեռ Երեւանի Ավանի եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում պետք է պիկետ անցկացվեր, սակայն արտառոց ոչինչ տեղի չունեցավ:
Դատարանի բակում ընդամենը մի քանի հոգի էինՙ պահանջելով պատժել մարդասպաններին: Դատական նիստին ներկա էին նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հենց այդտեղ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով, դեպքից 11 օր անց մահացել էր ռազմական բժիշկ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, ինչը բողոքի հսկայական ալիք բարձրացրեց:
Այդ ընթացքում Ազգային ժողովում փորձ արվեց արտահերթ նիստ գումարել եւ քննարկել հարցն ու Հայրապետյանին զրկել մանդատից, սակայն պատգամավորների անհրաժեշտ քանակ չապահովելու պատճառով նիստը տապալվեց: Ավելի ուշ, ռեստորանի սեփականատերը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչից հետո հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը ԱԺ-ում կարդաց Հայրապետյանի կուսակից, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. եթե մինչեւ սեպտեմբերի 28-ը Հայրապետյանը միտքը չփոխի, ապա կզրկվի պատգամավորական մանդատից եւ անձեռնմխելիությունից:
«Հարսնաքար»-ի գործով Հայրապետյանը ոչ վկա է, ոչ էլ մեղադրյալ. փաստեր չկան: Համաձայն նախաքննության, Հայրապետյանը դեպքի ժամանակ չի եղել ռեստորանում: Նա հարցաքննվել է երկու անգամ, ինչը կընթերցվի դատարանում: Ոստիկանությունում հայտարարեցին, որ գործի առնչությամբ ստուգվել են նաեւ Հայրապետյանի հեռախոսից մուտք գործած եւ կատարված զանգերը: Ըստ մի շարք հրապարակումների, Գարիկ Մարգարյանը դեպքի վերաբերյալ զանգել է Հայրապետյանին, ումից ստացել է հանձնարարությունՙ պատժել այցելուին:
Հայրապետյանը հերքում է այդ լուրերը, հեռախոսազանգերի վերաբերյալ նյութն էլ հրապարակված չէ: Հավանաբար նույնպես կհրապարակվի դատարանում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ