«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը:
Փառատոնի անվանումն ամբողջությամբ արտահայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի եւ արտերկրի դասական երաժշտության հայ կատարողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն վճռական է վերջին երկու տասնամյակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելությանն աջակցելու եւ իրենց կատարումներով` դասական երաժշտության հմայքը հայ հասարակությանը ներկայանալու նվիրական գործին սատարելու հարցում: Արդեն վեցերորդ տարին այս փառատոնը մեր երկրի զավակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից եւ Գերմանիայից:
«Դասական երաժշտությունը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր եւ կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս հայաստանյան հասարակության գեղագիտական դաստիարակությանը եւ բազմակողմանի զարգացմանը»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Մենք պետք է նպաստենք մեր հասարակությունում դասական երաժշտության մասսայականացմանը, հատկապես` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտությունն է ի զորու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցությունն ըմբռնելու եւ գնահատելու ունակությունը: Երաժշտությունը կարող է հարստացնել մարդու կյանքը եւ օգնել տեսնել աշխարհը նորովի»,- Ռալֆ Յիրիկյանը:
Մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը գործունեության հիմք ընդունելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է արվեստի տարբեր բնագավառներում` երաժշտության, պարի, թատրոնի եւ ազգային հպարտության աղբյուր եւ հայի ազգային ինքնության հիմք ծառայող այլ ասպարեզներում իրականացվող ծրագրերին:
Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը կայացավ սեպտեմբերի 24-ին Ա. Խաչատրյան համերգասրահում: Փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանալու 8 համերգից բաղկացած համերգաշարով եւ իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 31-ին: