«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ միության անունից սիրիահայերի վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն է հայտնվում Սիրիայում մեր հայրենակիցների ճակատագրով, որոնք հայտնվել են դժվարին կացության մեջ: Ուստի միության անդամ «գործարարները պատրաստակամություն են հայտնել եղբայրական ձեռք մեկնելու սիրիահայերին, ովքեր Սփյուռքում միշտ էլ զորավիգ են եղել Հայաստանում իրականացվող հայրենաշեն ծրագրերին»: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահության նիստը սիրիահայերին աջակցելու վերաբերյալ գործնական որոշում է ընդունել:

- Տրամադրել աշխատատեղ կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար:

- Խորհրդատվությամբ, միության կապերն ու մյուս լծակները օգտագործելովՙ աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու, նրանց գործող բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում:

- Աջակցել միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանի գործարար եւ բարոյահոգեբանական մթնոլորտին:

- Կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման ուսուցման դասընթացներ սկսնակ գործարարների համար:

- Գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, փոփոխություններինՙ նոր իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու համար:

- Անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում:

Նշվում է, որ միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները եւ առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար: Աշխատանքային խումբը համագործակցելու է Հայաստանի սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունների եւ խնդրին առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4