Մի քանի օրից Հայաստանում կլինի եզդիների առաջնորդ Միր Թահսին Բեգըՙ «Ազգին» տեղեկացրեց «Սիջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը եւ ավելացրեց. «Այցը նշանավորվում է նրանով, որ Հայաստանում օծվելու է աշխարհում եզդիական կրոնի եզակի տաճարներից մեկը: Թահսին Բեգի Հայաստան կատարվելիք այցը եզդիական համայնքում տարաբնույթ խոսակցությունների առիթ է դարձել: Հատկապես բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Թահսին Բեգը Իրաքում քրդերի վարած հակաեզդիական քաղաքականության հանդեպ անտարբեր է եւ չի պաշտպանում եզդիների իրավունքները: Այս խոսակցությունները տարածված են նաեւ Իրաքի եզդիների շրջանում: Չնայած այս խոսակցություններին, Միր Թահսին Բեգը վայելում է աշխարհի եզդիների մեծամասնության հարգանքը: Սակայն սա չի նշանակում, թե Թահսին Բեգը, լինելով Հայաստանում, չպետք է ջանքեր թափի, որպեսզի հերքվեն իր քրդամետ լինելու մասին խոսակցությունները: Քրդական հարցում` Հայաստանում բնակվող եզդիների մեծամասնությունը համակարծիք է, եւ միանշանակ չեն ընդունի այն առաջնորդին, ով հարում է քրդական կողմին: Իսկ առաջնորդը, ում չի ընդունում ժողովուրդը, հավասարազոր է ոչնչի: Ինչեւիցե, մի քանի օր է մնացել այցին եւ կարճ ժամանակՙ անձամբ Միրից ստանալու մեր բոլոր հարցերի պատասխանները»:
Մ. Հ.