Հանրապետական շրջանի պոլսահայ գրականության եզակի գրողներիցՙ Զավեն Բիբերյանի «Յալնըզլար» վեպը, որը նրա հայերենով ստեղծած «Լկրտածը» վեպի թուրքերեն թարգմանությունն է, վերահրատարակվել է Պոլսում «Արաս» հրատարակչատան կողմից: Կանադահայ համայնքում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի փոխանցմամբ, 240 էջից բաղկացած հատորը, Թուրքիայի ոչ հեռավոր անցյալի վերաբերյալ, ուրույն դիտարկումներով հյուսված, մի գործ է, որի դեպքերը տեղի են ունենում 1950-ական թվականներին Էրեն գյուղի մեջ: Հեղինակը անդրադառնում է թուրք, հայ, հրեա եւ հույն հավաքականությունների անհաղորդության երեւույթներին եւ ներկայացնում առանձնության դատապարտվածների զայրույթը:
Հեղինակը երկար տարիներ աշխատակցել է «Ժամանակ» օրաթերթինՙ մաս կազմելով խմբագրական կազմին: Նրա գլուխգործոցն է համարվում «Մրջյունների վերջալույսը» գործը, որ նախ որպես թերթոն է հրատարակվել «Ժամանակ» թերթում եւ ապա որպես գիրքՙ իր մահվանից (1984) մի քանի շաբաթ առաջ: Այս գիրքը նույնպես թուրքերեն թարգմանված է եւ 1998-ին հրատարակված «Արասի» կողմից:
Հ. Ծ.