«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


«ՈՐՔԱՆ ՎԱՏ Է, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՆ ԴԱՏՈ՛ՒՄ»

«Արտիստը» ֆիլմի նկարահանումներից առաջ որոշվեց, որ ես նախ, հենց այնպես, որպես մուրացկան փողոց դուրս գամ, մի քիչ փորձառություն վաստակեմ, վստահանամ, ապա անցնենք իսկական գործին: Այդ նպատակով էլ մի օր առավոտյան, ինձ վարպետորեն գրիմ արեցին, այնպես, որ կատարյալ անճանաչելի դարձա եւ այնպես, որ չէր էլ երեւում, թե գրիմ արած եմ, եւ կարկատած ու պատառոտված ցնցոտիներով փողոց դուրս եկա:

Ըստ ծրագրի, ես պետք էր քաղաքի մի քանի խճողված ու նաեւ թեթեւ անցուդարձ ունեցող փողոցների խաչմերուկների վրա ծամոն ծախեի եւ օգնություն մուրայի:

Գործն սկսեցի քաղաքի հարուստ թաղամասներից մեկի մեծ հրապարակից եւ մինչեւ քաղաքի կենտրոնական թաղերից մեկը կհասնեի, ես ինձ արդեն անչափ վատ էի զգում: Ճիշտն ասած, սաստիկ ամոթից ձեռքերս ու ոտքերս խիստ դողում էին: Մի տեսակ խորթ զգացում էր պատել ամբողջ էությունս: Ախր ոչ մի ծանոթ էլ չկար կողքիս, ոչ մեր նկարահանման խումբն էր այդտեղ եւ ոչ էլ դերասաններից որեւէ մեկը:

Սա արդեն կատարյալ իրականություն էր եւ ոչ թե ֆիլմ: Էլ ինչ տարատեսակ հակազդեցությունների որ չհանդիպեցի, ինչ ստորացումների, որ չարժանացա եւ ինչ վիրավորանքներ, որ կյանքիս մեջ չէի կրել, կուլ չտվեցի... ներառյալ նաեւ սրտամրմուռ մարդկանց կարեկցանքային արտահայտությունները:

Հետաքրքրականն այն էր, որ ինչ էլ փորձում էի ինձ համոզել, որ այդ ստորացումներն ու վիրավորանքները ինձ չէ, որ ուղղված են, այլ այն մուրացկանին, որի դերն եմ հիմա խաղում ես, չէր ստացվում: Ամեն մի կծու խոսքից քրտինքը վազում էր ճակատովս եւ ուզում էի, որ գետինը պատռվեր եւ ես մտնեի մեջը:

Այս փորձառությունը բացի իր սարսափելի դառնությունից, ինձ մի քանի բաներ սովորեցրեց, որոշ մարդկանց վերաբեմունքից, իրենցից ստորադասների նկատմամբ: Շատ մարդիկ ինձ տեսնելիս ինչ-որ հոգեկան բավարարություն էին ստանում եւ հոգիները փառավորվում էր գերադասության զգացումից եւ որքան կարողանում էին նեղացնում էին ինձ: Մի քանիսն էլ ջանում էին խրատներ տեղալ գլխիս, իսկ ոմանք էլ ծամոններիս համար արժեքից ավելի շատ էին «շռայլում» իրենք իրենց բավարարելու միտումով:

Բայց այնուամենանիվ հետաքրքիրն այն է, որ մարդ արարածը շորերն ու տիպը փոխելով այնպես է կորցնում իր արժեքը, որ եթե ինքն իրեն անմիջապես հետ չքաշի մեքենաների առջեւից, առանց տատանվելու նրան շան պես տակով կտան ու կանցնեն...

Թարգմանությունըՙ ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4