Մեկնարկում է «Երեւանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնը, որի առթիվ Երեւանում է գտնվում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսին: Հատկանշական է, որ փառատոնի շրջանակում Հայաստան են հրավիրվել մի շարք հեղինակավոր մենակատարներ, նվագախմբեր, որոնցից են` Պլասիդո Դոմինգոն, Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Ջուլիանա Ռախլինը, Լոնդոնի թագավորական նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը եւ այլք:
Նշենք, որ Եվգենի Կիսսին ծնվել է 1971թ. Ռուսաստանում` հրեա ընտանիքում: Նվագել է Հերբերտ Ֆոն Կարայանի ղեկավարությամբ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչպես նաեւ Վալերի Գերգիեւի դիրիժորությամբՙ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ե. Կիսսինը եղել է նաեւ Գրեմմի մրցանակաբաշխության հատուկ հյուր, ինչպես նաեւ ստացել է երկու Գրեմմի մրցանակ:
Եվգենի Կիսսինի համերգը կկայանա սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, եւ ծրագրում կհնչի Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի եւ Լիստի ստեղծագործությունները:
Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Մ. Հ.