«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԴԱՂՍՏԱՆՈՒՄ

Դաղստանը, որը Ռուսաստանի Դաշնության կազմում է, ունի բավական շատ հայկական հուշարձաններ, որոնք ստեղծվել են դեռեւս Տիգրան Մեծի ժամանակաշրջանում:

Օրերս հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը շրջայց է կատարել Դաղստանում:

Բանախոսն ասաց, որ շատ հուշարձաններ չեն պահպանվել. «Օրինակՙ Մախաչկալայում, նախկին Պետրովսկում, 19-րդ դարի Պողոս-Պետրոս եկեղեցին գոյություն ունի, սակայն վերածվել է վաճառանոցի, սակայն վաճառողները տեղյակ չէին, որ առեւտուր են անում եկեղեցում:

Հայերն այստեղ ունեն գերեզմանոց, որը քաղաքային ընդհանուր գերեզմանոցի մի անկյունն է: Գերեզմանոցում գտնվող տապանաքարերի գրությունները` թվագրված 1820-ականներին, հայերեն են, 20-ականներից հետո արդենՙ միայն ռուսերեն:

Ս. Կարապետյանի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ Դաղստանի գրեթե ոչ մի գյուղում հայեր չեն բնակվում: Բացի Դերբենդից, մնացած հայաբնակ գյուղերի հայերը լքել են իրենց բնակավայրերն ու բնակություն հաստատել Հյուսիսային Կովկասում, մասնավորապես Ստավրոպոլի երկրամասի Եդեսիա եւ Ղարաբաղլ գյուղերում, ինչպես նաեւ Բուդյոնովսկ քաղաքում:

Ղարաբաղլ գյուղում պահպանվել է միայն գերեզմանոցը, գերեզմանները հիմնականում 19-րդ դարի են, նախկինում գյուղն ունեցել է եկեղեցի, որն այժմ գոյություն չունի, ինչպես նաեւ գրադարան, սակայն ամբողջ գրականությունը ռուսերեն լեզվով է, ասաց Ս. Կարապետյանը:

Բանախոսը նկատել էր նաեւ, որ Դաղստանի բոլոր հայախոս հայերը դարձել են ռուսախոս, իսկ թուրքախոսները այդպիսին էլ մնացել են:

Ս. Կարապետյանը Դերբենդում հույս է ունեցել տեսնելու հին հուշարձաններ, սակայն հույսերը չեն արդարացել. «Դերբենդում կար միայն մի մզկիթ` Ջումա Մեջեթը, որը նախկինում հայկական եկեղեցի է եղել, ինչպես հայտնի է գրականությունից: Որքան էլ փորձեցի հասկանալ, թե եկեղեցին ո՞ր հատվածում էր, չկարողացա, քանի որ անճանաչելի էր դարձել: Դերբենդում էր գտնվում նաեւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը մի քանի անգամ վերակառուցվել էր»:

Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ Դերբենդում պահպանվել են Օրբելյանց եւ Սարուխանյանց գերդաստանների տները` այժմ դրանք պատկանում են ադրբեջանցիներին, որոնք սվաղել են, սակայն քաղաքային իշխանությունների ջանքերով Օրբելյանցների արձանագրությունը նորից բացվել է:

Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահն ասաց, որ հին հուշարձաններ գտնելու իրենց սպասումները արդարացան միայն Դերբենդ գյուղի 17-րդ դարի գերեզմանոցում. «Այնտեղի տապանաքարերից երեւում էր, որ տեղի հայությունը մեծ աշխարհագրություն ընդգրկող տեղանքներից է եկել: Հատկանշական է, որ չափազանց օրինակելի գերեզմանոց էր»:

Բանախոսը անդրադարձավ Մոզդոկ քաղաքին, որտեղ երեք հայկական եկեղեցիներից միայն մեկն է պահպանվել, որը փայտաշեն է: Մոզդոկի հայ համայնքը ունի իր ակումբը` շնորհիվ Ռաֆիկ Վարդանովի, որտեղ կիրակի օրերին հայոց լեզվի դասընթացներ են անցկացվում, սակայն Ռ. Վարդանովը իր վրդովմունքն է արտահայտել Ս. Կարապետյանին` ասելով, որ երեխաները գալիս են, հայոց լեզու են սովորում, իսկ մեծահասակները նարդի եւ թուղթ են խաղում, մինչդեռ հենց ինքը` Վարդանովը, մեծահասակների համար թերթեր եւ ամսագրեր է գտել, իսկ նրանք անտեսում են դրանք:

Սամվել Կարապետյանը, անդրադառնալով հուշարձանների պահպանման խնդրին, ասաց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունում պետք է բարձրացվի այդ հարցը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4