Հայ ծանրորդը բարելավեց աշխարհի պատանեկան իր ռեկորդները
Կոշիցեում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի 6 պատվիրակներից միայն մեկը կանգնեց պատվո պատվանդանին: Գերազանց ելույթ ունեցավ վերջերս Բուխարեստում պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած եւ պատանեկան համաշխարհային 2 ռեկորդ սահմանած Անդրանիկ Կարապետյանը, որը մինչեւ 77 կգ քաշային կարգում ուժեղագույնը ճանաչվեց նաեւ աշխարհում: Երկամարտում Անդրանիկը ցույց տվեց 331 կգ (155+176) արդյունք, ինչը մեկ կգ-ով գերազանցում է Եվրոպայի առաջնությունում նրա ցույց տված ցուցանիշը: Հայ ծանրորդը մեկ կգ-ով բարելավեց պոկում վարժության եւ երկամարտի համաշխարհային պատանեկան ռեկորդները, որ սահմանել էր Բուխարեստում:
Անդրանիկ Կարապետյանը շատ վստահ հանդես եկավ երկու վարժություններում էլ: Պոկումում նա հաջորդաբար բարձրացրեց 140, 146 եւ 155 կգ ու արժանացավ փոքր ոսկե մեդալի: 2-րդ տեղը գրաված ղազախ Գալիմբեկ Ժուբատկանովը հայ ծանրորդին զիջեց 12 կգ-ով: Հրում վարժությունում բարձրացնելով 170 եւ 176 կգ, Կարապետյանն արդեն 2-րդ մոտեցմամբ ապահովեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ուստի հրաժարվեց 3-րդ փորձից: Այս վարժությունում էլ նա 7 կգ-ով առաջ անցավ ռուսաստանցի Արտյոմ Լեֆլերից: Իսկ երկամարտում Լեֆլերից տարբերությունն ահռելի էրՙ 27 կգ: Սա վկայում է հայ ծանրորդի մեծ ներուժի մասին: Բրոնզե մեդալը երկամարտի 303 կգ (143+160) արդյունքով նվաճեց ղազախ Գալիմբեկ Ժուբատկանովը:
Քաշային այս կարգում հանդես եկավ նաեւ Հայաստանը ներկայացնող Դավիթ Թաթոյանը: Նա երկամարտի 289 կգ (125+164) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:
Մինչեւ 94 կգ քաշային կարգում էլ Հայաստանից 2 ծանրորդ դուրս եկավ մրցահարթակ: Մեդալի նվաճման հույսեր կային Սիմոն Մարտիրոսյանից, որը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 321 կգ (148+173) արդյունքով բրոնզե մեդալակիր էր դարձել: Թեեւ Կոշիցեում Սիմոնը 12 կգ ավելի բարձրացրեց, բայց դա բավարար չէր երկամարտում մեդալ նվաճելու համար: Նա երկամարտի 333 կգ (150+183) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ճիշտ է, հրում վարժությունում Սիմոնը հաջորդաբար բարձրացնելով 170, 180 եւ 183 կգ, բրոնզե մեդալի արժանացավ: Նա միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով արծաթե մեդալը զիջեց նույնպիսի արդյունքի հասած ռուսաստանցի Նիկիտա Սոլովյովին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց մոլդովացի Մարսել Գուիդեան, որը երկամարտում ցույց տվեց 347 կգ (155+192) արդյունք: Իսկ ահա Հայաստանի 2-րդ պատվիրակ Նարեկ Հովհաննիսյանն անհաջող հանդես եկավ: Պոկում վարժությունում միայն 3-րդ մոտեցմամբ բարձրացնելով 130 կգ-ը, Նարեկը գրավեց 8-րդ տեղը: Իսկ ահա հրումում սկզբում չբարձրացրեց 160 կգ-ը, հետո ձախողվեց 165 կգ-ը բարձրացնելիս եւ 0 ստացավ: