Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ձյուդոյիստներից առավել հաջող հանդես եկավ 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը, որը գրավեց 3-րդ տեղը: Գարիկը մրցաշարում 4 հաղթանակ տոնեց, կրեց մեկ պարտություն: Նրա մրցակիցների թվում էին Ադրբեջանի ներկայացուցիչներ Ռասիմ Ալմամեդովն ու Մեհման Սադիգովը, որոնց նկատմամբ հայ ձյուդոյիստը հաղթանակներ տոնեցՙ հասնելով բացարձակ առավելության:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում Գեւորգ Թորոսյանը հաջողությամբ հաղթահարելով առաջին 2 փուլերի արգելքը, 3-րդ գոտեմարտում զիջեց հոլանդացի Ջորդի Բակեսին ու դուրս մնաց պայքարից: Քաշային այս կարգում մեր մյուս ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանն առաջին գոտեմարտում հաղթեց թուրք Թոփալ Օգուզ Խանին, իսկ հաջորդում պարտվեց պորտուգալացի Լուիզ Մենգեսին:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Արսեն Ղազարյանը պարտվեց ապագա չեմպիոն Զաուր Կալաշովին: Անհաջող էր նաեւ նույն քաշային կարգում Արսեն Թովմասյանի ելույթը, որը պայքարից դուրս մնաց 2-րդ փուլիցՙ պարտվելով իտալացի Մարի Դի Լորենտո Կարմիային: Անհաջողության մատնվեցին նաեւ Արտավազդ Հովսեփյանը (73 կգ), Մհեր Թավաքալյանը (81 կգ) եւ Երջանիկ Կարապետյանը (52 կգ):