«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


«ՄԻԿԱՆ» ԿՐԿՆԱԿԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի 2011-ի վերջին մրցանակըՙ Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոն «Ուլիսն» ու գավաթակիր «Միկան»: Եթե «Միկան» 5-րդ անգամ էր վիճարկում պատվավոր մրցանակը, եւ մեկ անգամՙ 2005-ին դարձել էր սուպերգավաթակիր, ապա «Ուլիսի» ֆուտբոլիստներն առաջին անգամ էին մրցավեճի բռնվում Սուպերգավաթի խաղում:

Երկու թիմերն էլ ասպարեզ էին դուրս եկել ոչ մարտական կազմերով: «Միկայից» տարբեր պատճառներով բացակայում էին Ալեքսը, Աղվան Մկրտչյանը, Արմեն Պետրոսյանը, Վարդգես Սաթումյանը: «Ուլիսից» խաղին չէին մասնակցում Դավիթ Գրիգորյանը, Արտակ Գրիգորյանը, Հովհաննես Գրիգորյանը, Միխեիլ Սիմոնյանը:

Հանդիպումն անցավ համառ մրցապայքարում, որում երկու թիմերն էլ ձգտում էին հաջողության հասնել: Թե՛ «Միկան» եւ թե՛ «Ուլիսը» գոլային մի քանի իրական պահեր ստեղծեցին, սակայն հիմնական ժամանակում գործն այդպես էլ վճռական հարվածների չհասավ: Մրցակարգի համաձայն նշանակվեց 30 րոպե լրացուցիչ ժամանակ: Այստեղ եւս թիմերից յուրաքանչյուրը կարող էր հաջողության հասնել եւ վճռել մրցակցության ելքը: Սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին ուլիսցի Պատոն եւ «Միկայի» հարձակվող Արեգ Ազատյանը: Խաղավերջում էլ քիչ էր մնացել Սեմյոն Մուրադյանի տուգանային հարվածն ավարտվեր դարպասի գրավմամբ, սակայն հաջող խաղաց «Ուլիսի» դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը: Քիչ անց, արդեն ուլիսցի Շոթա Ջիքիան կարող էր հաղթանակ պարգեւել իր թիմին, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց:

Եվ այսպես, Սուպերգավաթի բախտը որոշվեց հետխաղյա 11 մ հարվածաշարով: Առաջինը դիպուկ հարվածով դարպասը գրավեց միկացի Նարեկ Բեգլարյանը, որին հետեւեց ուլիսցի Արսեն Բալաբեկյանի հարվածը: Այնուհետեւ Սարգիս Շահինյանը առաջ մղեց «Միկային»ՙ 2-1: Իսկ ահա ուլիսցի Գեղամ Հարությունյանի հարվածից հետո գնդակը դիպչելով ձողին, դուրս եկավ դաշտից: Փաստորեն հենց այս վրիպումն էլ ճակատագրական եղավ «Ուլիսի» համար, քանի որ հետագայում «Միկայից» դիպուկ հարվածներով աչքի ընկան Ալեքսանդր Թադեւոսյանը, Սեմյոն Մուրադյանն ու դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որն էլ վերջակետ դրեց լարված հանդիպմանը: «Ուլիսից» 11 մ հարվածները դիպուկ իրացրին Արամ Բարեղամյանն ու Շոթա Ջիքիան:

Այսպիսով, 11 մ հարվածներով հաղթելով 5-3 հաշվով, «Միկան» իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթակիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4