ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ո՞ւր է արդարությունը», «Ստել նշանակում է դադարել մարդ լինել» եւ այլ պաստառներով առավոտյան հարյուրավոր երիտասարդներ բարձրացան Եռաբլուրՙ հարգելու հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը, ում ութ տարի առաջ Բուդապեշտում քնած ժամանակ սպանել էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Երիտասարդները պահանջում են արդարություն եւ արդար պատիժ: Արդարություն վերահաստատելու ձեւերից մեկն էլ միջազգային դատարանում արդարության վերահաստատումն է:
Սաֆարովի արտահանձնումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններ Հայաստանը կարող է հայցադիմում ներկայացնել, սակայն մեր պետությունը նման քայլ դեռ չի կատարել:
Մինչդեռ Գուրգեն Մարգարյանի հետ Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցած Հայկ Մուկուչյանը, ով պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղարն է, անձամբ պատրաստվում է հայտ ներկայացնել միջազգային բոլոր հնարավոր ատյաններինՙ իր իրավունքները ոտնահարելու հիմքով: Այժմ իրավաբաններն ավարտում են հայցի հետ կապված վերջին ուսումնասիրությունները:
Միջազգային ատյաններում նման գործի քննությունը կտեւի 3-6 տարի: Իրավական հարթակում Հայաստանի հաղթանակին չի կասկածում միջազգային իրավունքի փորձագետ Լեւոն Գեւորգյանը :
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղղված հայցը հիմնված կլինի «Կյանքի իրավունքի ընթացակարգային պարտավորության ոտնահարման» կոնվենցիայի վրա: Բացի վերոնշյալ կոնվենցիայի խախտումիցՙ ոտնահարվել են նաեւ «Խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթները: Միջազգային իրավունքի փորձագետը հավելում է, որ այս կոնվենցիայի հիման վրա հնարավոր է հարց բարձրացնել ոչ թե ԵՄ մարդու իրավունքների դատարանում, այլ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում: Փորձագետը համոզված է` Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններում շատ մեծ է Հայաստանի հայցերը բավարարելու շանսը, քանի որ Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելն արդեն իսկ փաստում է, որ կյանքի իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել: Այս առումով ՄԻԵԴ-ը կարող է առավելագույնն անել ու տուժողին նաեւ ֆինանսական հատուցում տալ:
Լոս Անջելեսի «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում Ռամիլ Սաֆարովի արտահանձման վտանգներին է երեկ անդրադարձել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սաֆարովի արտահանձնումը որակելով որպես խայտառակ գործարքՙ Նալբանդյանը շեշտել է, որ այն լուրջ վնաս է հասցրել ԼՂ կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության ամրապնդման ջանքերին: Ներկայացնելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային առկա իրավիճակըՙ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է վտանգել տարածաշրջանային կայունությանըՙ ուժ կիրառելու իր սպառնալիքներով. ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմակի ավելացմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով եւ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով: Նալբանդյանն ընդգծել է, որ եռանախագահների ջանքերը, 15 տարվա ընթացքում կայացած ամենաբարձր մակարդակի հանդիպումներն ու այցելությունները տարածաշրջան չկարողացան բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մերժել է միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկությունները:
Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլեւ քայլեր ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները:
«Նման վերջին դրսեւորումը մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելն էր, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մեջ: Չկա ոչ մի միջազգային կազմակերպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լինի Ադրբեջանի արարքը: Միջազգային հանրության արձագանքն այս խայտառակ քայլին միաձայն էր եւ միանշանակՙ Բաքվի կատարածի խիստ դատապարտում: Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ արել էՙ ճիշտ է»:
Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը ցնցել են նաեւ հոգեւոր դասին: Մայր աթոռից տեղեկացնում են, որ գրեթե ամեն օր ստանում են հեռագրեր, նամակներ, որտեղ աշխարհի տարբեր երկրների հոգեւորականներ իրենց անհանգստությունը, զարմանքն ու զայրույթն են արտահայտում Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման վերաբերյալ: «Զարմացած եմ, զայրացած: Չեմ կարողանում ընկալել, թե ինչպես կարելի է մարդասպանին հերոսացնել: Դա ինձ համար ընդունելի չէ», երեկ «Ազգ»-ին ասաց Հայաստան ժամանած Քրիստոնեական միասնության պապական խորհրդի նախագահ, Նորին սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին :
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանի իշխանություններին հանձնեց մարդասպան Սաֆարովին, ում Ադրբեջանի նախագահը ոչ միայն ներում շնորհեց, այլեւ արժանացրեց ազգային հերոսի կոչման: Բարձրացավ նաեւ մարդասպանի զինվորական կոչումըՙ լեյտենանտիցՙ մայոր. նրան նվիրեցին բնակարան եւ ութ տարվա աշխատավարձ: Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Տեւական լռությունից հետո երեկ Հունգարիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրվել է դիվանագիտական նոտա, որտեղ Հունգարիան արտահայտում է շահագրգռությունՙ վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները: «Օգտվում ենք այս հնարավորությունիցՙ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը փոխանցելու հունգարական կողմի խորին հարգանքը», ասված է նոտայում: Հայկական կողմը դեռեւս չի պատասխանել: