ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երեկ պաշտպանության նախարարությունում էր: Հանդիպում-խորհրդակցությունը, որին մասնակցում էին գլխավոր շտաբը, կենտրոնական ապարատը, հրամանատարներ, նվիրված էր ՊՆ կարիքների համար իրականացվող գնումներին:
Խորհրդակցությանը զեկույցով հանդես եկավ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարըՙ ներկայացնելով գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները:
Մրցույթների թափանցիկություն եւ մրցակցային միջավայրի ապահովություն. սա զեկույցում ներկայացված առաջին խնդիրն է:
Վերահսկողության ծառայության ղեկավարի եզրակացությամբՙ մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցել են նույն անձինք: Ավելին, եղել են դեպքեր, երբ կազմակերպությունն աչքի է ընկել ունիվերսալության ամենաբարձր մակարդակով: Նույն կազմակերպությունը ոչ միայն սննդամթերք է մատակարարել, այլեւ ավտոպահեստամասեր, վառելիքաքսուքային նյութերՙ միաժամանակ ապահովելով նաեւ շինարարական աշխատանքներ: Վերջին 2 տարվա վերլուծության համաձայնՙ մրցույթին մասնակցող կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում:
Ձեռքբերված ապրանքների եւ նույնանման ապրանքների շուկայական գների համեմատությունը նույնպես եղել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում: Թեպետ 2011-ի ուսումնասիրությունների արդյունքների համեմատությամբ ներկայումս վիճակը անհամեմատ շտկվել է, սակայն կան որոշ ապրանքներ, որոնք շուկայում հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գներով: Վերոնշյալ փաստը նախագահը որակում է անթույլատրելի. «Գնումների գործընթացում պետության սուղ միջոցների ու զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումներն աններելի են: Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, ե՛ւ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երեւույթների դեմ պայքարում ենՙ վաղը, մյուս օրը խնդիր չունենան»: Նախագահն ընդգծել է, որ եթե վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ ղեկավարները պաշտպանում են անկեղծ մարդկանց, իրավիճակն այլ կլինի:
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ վերոնշյալ աշխատանքների նկատմամբ նախարարությունն առավել հետեւողական կլինի եւ կսահմանի խիստ հսկողություն:
Հ. Հ.