Յուրաքանչյուր նորությունՙ որեւէ բնագավառի, եթե օգտակար կամ առաջադեմ է, ինչ խոսք, հետաքրքրական լինելուց զատ, նաեւ թարմացնում, առողջացնում է մտածողությունը, կյանքն առաջ մղում:
Բեյրութում լույս տեսնող «Փթիթ» մանկապատանեկան հանդեսը պարբերաբար մեր խմբագրություն է ուղարկում յուրաքանչյուր նոր համար: Շուրջ 3 տարի առաջ իր գործունեությունը սկսած այս պարբերականը սկզբից եւեթ երեւան բերեց նուրբ ճաշակ ու զգացողություն, եւ իհարկե պատասխանատվություն. չէ՞ որ հասցեատերը ամենաքննախույս ու սրատես աչքն էՙ երեխան: Նորարարության ձգտումը, որ բնորոշ է հանդեսին, դարձնում է այն գրավիչ եւ փնտրելի, նաեւՙ հայտնի դարձնում հանդեսի պատասխանատուների (Վերժին եւ Կարո Աբրահամյաններ) աշխատանքային սկզբունքը եւ որոնող հայացքը, եւ դա, ինչպես նախապես ենք նկատել, մատաղ սերնդի դաստիարակությունը ճիշտ հունով ուղղորդելն է: Այն արժեհամակարգը, որի ոգով կազմված է յուրաքանչյուր համար, մատուցվում է արդյունավետ եւ որ կարեւոր է, անուղղակիորեն, այսինքնՙ զերծ է պլակատայնությունից եւ լոզունգայնությունից, ինչը հոգեբանական համարժեք վիճակ է ստեղծում, ասել է թեՙ ընդունելի դարձնում:
Այսկերպ մատուցվում են ազգային արժեքները, տոներն ու կարեւոր իրադարձությունները: Այս համարն, օրինակՙ ժամանակի առումով համընկնում է Թարգմանչաց տոնին, որի առիթով գրաճանաչ հայ երեխային վերստին հիշեցվում է, որ հայերենն ու հայկական մշակույթն են մեր ազգային գոյատեւումի կարեւորագույն ազդակները:
«Փթիթի» այս համարի հովանավորն է «Արին Չերչեան» ֆոնդըՙ հիմնված մեկ տարի առաջ կյանքից վաղաժամ հեռացած Արին Չերչեանի հիշատակին: Ֆոնդի հիմնական հատկացումները կատարվելու են ՀԲԸՄ-ՀԵԸ-ի պարախմբինՙ ներկայում վերանվանված «Արին»: Արինի մահվան տարելիցի առիթով «Փթիթը» այս համարի որոշ քանակություն տրամադրելու է լիբանանահայ վարժարաններին:
Հանդեսի նոր համարը, ինչպես եւ նախորդները, աչքի է ընկնում պատկերագունային ակտիվությամբ եւ գրավչությամբ, սրամիտ եւ օգտակար խաղ-վարժությունները յուրաքանչյուր անգամ մի նորություն, նոր գիտելիք են հաղորդում երեխայինՙ ամենատարբեր բնագավառներից, խաղ-լաբիրինթոսները օգնում են թվաբանական թնջուկները ավելի հեշտ լուծելուն, տրամաբանության զարգացմանը, իսկ «Քիչ մը ժպիտ»-ի հումորները ուղղակի անհրաժեշտ են:
Նմանապես ընթերցողական տեքստերի հետաքրքրական պատմությունները հատուկ դաստիարակչական, ուսուցողական նպատակ ունեն. երեխային բնությանը մերձեցնելու, կենդանական եւ բուսական աշխարհին նրան կապելու միջոցով մանկուց վարժեցնում են բնականոն կյանքին, բնության մեջ գործող օրենքներին, երեւույթներին:
Այս համարի օգտակար նորությունը առողջապահական բաժնում զետեղված հոդվածն էՙ երեխաների վրա համակարգչի բացասական ազդեցությունների մասին, որտեղ մատչելիորեն տեղեկացվում էՙ ինչպես ճիշտ օգտվել համակարգչից, չվտանգելով առողջությունը:
Հանդեսն ունի նաեւ նամակների, մամլո արձագանքների բաժիններ եւ ծնողական անկյուն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ