«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2012-09-25 | #167, 2012-09-26 | #168, 2012-09-27


ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ՄՐՑԱԿԻՑՆԵՐՍ ԵՆ ԿԵՐԺԱԿՈՎԸ, ԷՏՈՕ-Ն ԵՎ ԷՄԵՆԻԿԵՆ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում արդյունավետ խաղ է ցուցադրում ՌԴ պրեմիեր լիգայումՙ անցկացրած 9 հանդիպումներում խփելով 8 գնդակ: Նա արդեն մի քանի անգամ ընդգրկվել է պրեմիեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում: Ֆուտբոլիստի հետ զրուցել է «Իզվեստիայի» թղթակիցը:

- Սպասո՞ւմ էիր մրցաշրջանից առաջ, որ 9 տուրից հետո կգլխավորես առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

- Սպասում էի, որ այս մրցաշրջանը նախորդից ավելի հաջող պիտի լինի ինձ համար: Խաղընկերներիս հետ խաղակցվածությանս մակարդակն աճել է, արդեն լիովին հարմարվել եմ թիմին: Թիմակիցներս էլ ավելի լավ են զգում իմ ուժեղ կողմերը: Ուստի չէի ասի, թե ռմբարկուների առաջատարի դերն ինձ համար անակնկալ էր: Ինձ համար շատ հաճելի է խփածս գոլերով օգնել թիմին հաղթելու:

- Որքա՞ն գոլ ես նախատեսել խփել առաջնությունում:

- Երբեք իմ առջեւ կոնկրետ նպատակ չեմ դրել: Որքան կկարողանամ, այնքան էլ կխփեմ: Ինձ համար առավել կարեւորը թիմի շահն ու հաջողություններն են:

- Ո՞ւմ ես համարում քո գլխավոր մրցակիցը ռմբարկուների պայքարում:

- Ռուսական ֆուտբոլում հարձակվողների խաղամակարդակը բավականին բարձր է, ուստի կարող եմ թվարկել մի քանիսին: Հատուկ կառանձնացնեի Ալեքսանդր Կերժակովին, Սամուել Էտո՚ Օ-ին եւ Էմանուել Էմենիկեին:

- Ինչպիսի՞ խնդիր է դրված «Կրասնոդարի» առջեւ ընթացիկ մրցաշրջանում:

- Ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել յուրաքանչյուր խաղում եւ ձգտում ենք բարելավել թիմի նախորդ տարվա ցուցանիշը: «Կրասնոդարը» տարեցտարի պետք է զարգանա եւ առաջադիմի:

- ԲԿՄԱ-ին պարտվելուց հետո թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հայտարարել էր, որ «Կրասնոդարը» կպայքարի պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար: Համաձա՞յն ես այդ կարծիքին:

- Հավանաբար այդ խոսքերն ասվել են պարտության ազդեցության տակ: Մեր մարզիչը շատ ծանր է տանում յուրաքանչյուր անհաջողություն: Նա շատ էր հիասթափվել մեր վատ խաղից: Չեմ կարծում, թե մեզ հարկ կլինի պայքարել խմբում տեղը պահպանելու համար: «Կրասնոդարը» լավ է խաղում, ակումբի ղեկավարությունն էլ բոլոր պայմանները ստեղծել է արդյունքների բարելավման համար: Այնպես որ ամեն ինչ պետք է լավ լինի:

- Քո նկատմամբ հետաքրքրասիրություն կա ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական ակումբների կողմից: Ի՞նչ ես մտածում ապագայիդ մասին:

- Անկեղծ ասած, դեռ ոչինչ չեմ մտածել ապագայիս մասին: Գործող պայմանագիր ունեմ «Կրասնոդարի» հետ: Շատ եմ հարգում ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն եւ մեր թիմի ֆուտբոլասերներին, ուստի մնում եմ «Կրասնոդարում»ՙ հույս ունենալով, որ հետագայում էլ կօգնեմ «Կրասնոդարին»:

- Երբ նոր էիր ընդգրկվել թիմում, ռուսերենի հետ կապված խնդիրներ ունեիր: Հիմա ինչպե՞ս են գործերդ:

- Ճիշտ է, սկզբում դժվար էր, բայց այժմ խնդիրներ չկան:

- Ո՞ր ակումբում կցանկանայիր երբեւէ հանդես գալ:

- Եվրոպական 2 սիրած թիմ ունեմՙ «Արսենալն» ու «Ռեալը»: Սակայն ներկայումս շատ դժվար է հավակնել այդ թիմերում խաղալու:

- Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանիՙ մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու որոշումը քեզ համար անսպասելի՞ էր:

- Հույս ունեի, որ Սարգիսն առնվազն մինչեւ ընտրական մրցափուլի ավարտը կխաղար հավաքականում: Բայց քանի որ Սարգիսն ինքն է վճիռ կայացրել, ուրեմն հարկավոր է հարգել նրա որոշումը: Իմ կողմից նրան շնորհակալություն եմ հայտնում հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, կյանքում առողջություն եւ երջանկություն եմ մաղթում:

- Մի քանի շաբաթից ՀՀ հավաքականը կմրցի Իտալիայի ահեղ ընտրանու հետ: Ինչպիսի՞ն են սպասելիքներդ այդ խաղից:

- Մենք, իհարկե, հարգում ենք իտալացիներին եւ լավ գիտակցում ենք, թե նրանք որքան ուժեղ են: Սակայն Հայաստանի հավաքականը ոչ մեկից չի վախենում եւ խաղալու է հաղթելու վճռականությամբ: Մանավանդ, որ խաղալու ենք սեփական հարկի տակ, իսկ լեփլեցուն տրիբունաները մեզ լրացուցիչ լիցք կհաղորդեն, կնպաստեն մեր խաղի ագրեսիվության աճին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4