Երեկ Հայաստանում էր Եվրոմիության ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Նա մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ, վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանել Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, ապա հանդիպել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, այցելել Ազգային ժողով. «Մենք լուրջ հիմքի վրա ենք կանգնում եւ առաջ շարժվում լուրջ հենակետից, արդեն շատ դրական փոփոխություններ Հայաստանում եղել են: Մենք դա գնահատեցինք` լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնելով Հայաստանին` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում, Եվրոպական հարեւանության քաղաքականության համատեքստում:
Ընդամենը մի քանի րոպե առաջ վարչապետի հետ ստորագրեցինք երկու համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է 43 մլն եվրոյի օժանդակություն, որը կնպաստի, որպեսզի Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը: Մենք նաեւ քննարկեցինք, թե ինչպես կարելի է Հայաստանի միջազգային գործընկերների ջանքերը միավորել, որպեսզի արտաքին աջակցությունը նպատակաուղղվի ազգային ամենահրատապ բարեփոխումների իրականացմանը: Ամեն անգամ, երբ նայում եմ, տեսնում եմ, որ առաջընթաց ենք արձանագրում թե՛ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցության առումով, թե՛ այլ ոլորտներում, մասնավորաապես, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցություններում:
Այս համաձայնագիրը մի քանի կարեւորություն ունի մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար: Այն բնավ չի սահմանափակվում ազատ առեւտրի սովորական պայմանագրի նման պայմանագիր լինելով: Այդ համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանի առջեւ կբացի իր ներքին շուկային վերաբերող իրավական կարգավորումների զգալի մասը: Դա կազդի բոլոր հայաստանցիների վրա, ընդ որում կազդի լավագույնս թե՛ սպառողների պաշտպանության առումով, թե՛ բնապահպանության, թե՛ ճանապարհների անվտանգության եւ այլ առումներով: Ամենակարեւորն այն է, որ համաձայնագիրը վերաբերում է արժեքներին` Հայաստանում բնակվող կանանց եւ տղամարդկանց` ազատությունների, իրավունքների եւ երաշխիքների միջոցով: Համաձայնագիրը վերաբերում է այդ ներուժի լիարժեք իրագործմանը», ասել է Ֆյուլեն կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում:
Մ. Խ.