«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


ՀԲԸՄ-Նՙ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Մեկ միլիոն դոլար արդեն փոխանցվել է սիրիահայությանն օժանդակելու հիմնադրամին

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հալեպ, Դամասկոս, Քամիշլի, Լաթաքիա, եւ Հոմս: Սրանք սիրիական այն քաղաքներն են, որտեղ առավելապես բնակեցված են հայերը: Ավելի քան մեկուկես տարի Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով վերոնշյալ քաղաքները հայտնվել են ծանր իրադրությունում, երկու խոշոր քաղաքներըՙ Դամասկոսն ու Հալեպը, իրադարձությունների ու ռմբակոծությունների կենտրոնում են: Թեպետ հայ համայնքը շարունակում է պահպանել չեզոքություն, սակայն ընթացող քաղաքացիական պատերազմը բազմաթիվ հայերի կյանք է խլել արդեն: Բազմաթիվ սիրիահայեր էլ կա՚մ լքել են իրենց տունն ու հաստատվել Լիբանանում եւ Հայաստանում, կամ շարունակում են ապրել ռազմական գոտիներումՙ առանց աշխատանքի կամ ապրուստի որեւէ միջոցի:

«Սիրիան մեր բարեկամն է, չպետք է մոռանանք, թե Սիրիան ինչպիսի օժանդակություն ցուցաբերեց 1915-ին, երբ դռները բացեց գաղթական հայ ժողովրդի առաջ: Չպետք է մոռանանք, որ 1988-ի երկրաշարժին սիրիացիներն ու սիրիահայերն առաջիններից էին, որ օգնություն ցուցաբերեցին», հիշում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայ եկեղեցու Դամասկոսի թեմի քաղաքական մարմնի ատենապետ Վազգեն Յակուբյանը ՙ հավելելով, որ դեռեւս անհայտ է Սիրիայի ու սիրիահայերի հետագա ճակատագիրը, անհայտ է, թե քաղաքական ճգնաժամն ու պատերազմը որքան կշարունակվի. հետեւաբար Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է միասնական լինեն, համախմբվեն, որ կարողանան աջակցել եղբայրական Սիրիային, սիրիահայությանը:

Հաշվի առնելով փաստը, որ այսօր սիրիահայությունն աջակցության կարիք է զգում, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովն օգոստոսի սկզբին ժողով է գումարել. սիրիահայերին օժանդակելու հարցը չի էլ քննարկվել. որոշվել է սկզբի համար մեկ միլիոն դոլարի շտապ օժանդակություն տրամադրել սիրիահայերի խնդիրները հոգալու համար: Ավելի ուշ ՀԲԸՄ-ն կոչով դիմել է սփյուռքահայությանըՙ զանգվածային ու անհապաղ օգնության ձեռք մեկնելու սիրիահայերին:

ՀԲԸՄ-ի կոչին արձագանքողներն ու նախաձեռնությունը ողջունողները շատ են եղել. սիրիահայության կարիքների համար ստեղծված հիմնադրամին արդեն փոխանցվել է 150.000 դոլար: Յակուբյանը համոզված էՙ սա միայն սկիզբն է. հետագայում սիրիահայերին օժանադակելու ցանկություն հայտնողների թիվն ու տրամադրվելիք գումարը կբազմապատկվի:

Որպեսզի տրամադրվելիք օժանդակությունը հասնի իր նպատակին, ՀԲԸՄ-ն համագործակցում է Սիրիահայ օգնության համակարգման մարմնի հետ, որը համախմբում է համայնքի բոլոր հայկական կազմակերպություններն ու կապ պաշտպանում ավանդական երեք կուսակցությունների հետ: ՀԲԸՄ-ն Սիրիայում գտնվող իր կենտրոնների միջոցով կազմակերպում է մարդասիրական օգնության աշխատանքներ: Յակուբյանն ընդգծում է, որ 2.500 ընտանիքի արդեն բաժանվել է մարդասիրական օգնությունՙ մեկ ամսվա համար նախատեսված սնունդ, ջուր եւ դեղորայք:

«Գուցե այս մեկ ասմվա ընթացքում Սիրիան հանդարտվի, խաղաղվի, գուցե եւ ճգնաժամն ավելի երկար շարունակվի: Այդ ժամանակ այս մեկ ամսվա կատարածը կհամարվի ոչինչ: Հետեւաբար կոչ ենք անում բոլորինՙ համախմբվել հանուն ընդհանուր գաղափարի», ասաց Յակուբյանըՙ հավելելով, որ ՀԲԸՄ-ի երիտասարդական թեւն էլ անգործ նստած չէ:

Հայ երիտասարդաց ընկերակցության երիտասարդներն ու սկաուտները պատրաստում են ձեթ, շաքար, ձավար, յուղ եւ պահածո պարունակող տուփեր, որոնք սիրիահայերին փոխանցում են վարժարանների ավտոբուսներով:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերջերս քննարկել են Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպություն հիմնելու առաջարկությունը: Այն հավանության է արժանացել, եւ Բարեգործականը խոստացել է, որ կնպաստի այդ կազմակերպության գործունեությանը:

«Բարեգործականը չի սահմանափակվի միայն Սիրիայում տեղացի հայերին օժանդակություն ցուցաբերելով, այն կշարունակվի Լիբանանում կամ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին», շարունակեց Յակուբյանը:

Հայաստան եկած սիրիահայերին օգնելու հարցը նույնպես կազմակերպության օրակարգում է: ՀԲԸՄ-ն ոչ միայն տարածք կտրամադրի Հայաստանում գտնվող սիրիահայերինՙ հավաքներ անցկացնելու, ճանաչողական հանդիպումներ ունենալու եւ իրենց հուզող հարցերը քննարկելու, այլեւ ֆինանսապես կօժանդակեն կարիքավորներին: Ներկա դրությամբ, սփյուռքի նախարարության հետ ցուցակն է մշակվումՙ պարզելու, թե Հայաստան եկած սիրիահայերն ինչ խնդիրներ ունեն: «Բնակարանների վարձավճարների ու ուսման վարձերի խնդիրները կփորձենք մենք լուծել», ասաց Յակուբյանըՙ հավելելով, որ պարբերաբար տեղյակ կպահեն կատարված աշխատանքների եւ նվիրատվությունների վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4