Հունգարական Pester Lloyd անկախ օրաթերթը սեպտեմբերի 26-ին հեգնական շեշտով է արձագանքում Հունգարիայիՙ Հայաստանի հետ հարաբերությունները վերահաստատելու «հետաքրքրությանը»: Նոտա, որի համաձայն Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների միակողմանի կասեցումը պիտի դադարեցնի, իսկ Հունգարիան պատրաստ է «առանց նախապայմանների» վերահաստատել հարաբերությունները: Հունգարիայի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ ներման հայց չկա, ոչ էլ զոհվածի հարազատներին ուղղված ցավակցություն, գրում է թերթըՙ հիշեցնելով կացնասպանությունը, դրան հաջորդած ցինիկ մեկնաբանություններըՙ Կովկասը հեռու է, Հայաստանը կարեւոր չէ, հակամարտությունը մեր խնդիրը չէ (Հունգարիայի վարչապետի խոսքերն են-Ան. Հ.), իրավիճակի բացահայտումը, այն, որ Օրբանը վճիռ էր կայացրել ի հեճուկս դիվանագետների զգուշացման... Հունգարիայում եւ Արեւելյան Եվրոպայում տարածվող օրաթերթը հիշեցնելով պատահածը, պաշտոնական նման ձեւակերպումներն անբավարար է համարում:
Մեր ուշադրությունը գրավեց վերոհիշյալ հրապարակմանը հասցեագրված ընթերցողներից մեկի արձագանքըՙ «Իսկ Հունգարիան ներողություն խնդրել գիտի՞»:
Պատմության դասագիրքը երկրների ներողության բազմաթիվ օրինակներ է ամբարում: Գերմանիան, որտեղից հետեւում եմ մամուլի հայելուն, ամենավառ օրինակն է: Ուշադրություն եմ դարձրելՙ վերջերս գերմանացի պաշտոնյաները մեզ մատնացույց են անում Ֆրանսիա-Գերմանիա հարաբերությունները, բայց ես ո՛չ նշվածը, ո՛չ էլ Լեհաստան-Գերմանիա հարաբերությունները նկատի ունեմ: Մեր պատմությանն աղերսվող ամենաստույգ համեմատությունը Իսրայել-Գերմանիա հարթությունն է: Ներողություն բառը Գերմանիայում առօրյա հաղորդակցության առանցքն է կազմում, եւ դրա մեջ, որքան քաղաքավարության լավ սերտած դասի, նույնքան հավաքական մեղքի, ապաշխարելով ապաշխարման ենթաշերտը կա: Իր երկրում ինչ էլ որ վճռի, Իսրայելից եկող ազդանշանն է որոշիչը: Ուրեմն, տեղին էր «Դի վելթի» մեկնաբանը գրել, երբ Սաֆարովի աղմկահարույց փաստին անդրադառնալով, օրեր առաջ իր հանգամանալից շարադրանքը եզրափակել էր այսպես. կարեւորըՙ ինչպես կարձագանքի Հայաստանը: Հենց այդ արձագանքը, Հայաստանից տրվող ազդանշանները կարելի է շոշափել նաեւ միջազգային, մասնավորապես գերմանալեզու մամուլին օր օրի հետեւելով:
Սկզբում միայն լուրն էին ներկայացնումՙ երբեմն ոչ ստույգ շարադրանքով, Եվրոնյուզիՙ «Հիմա էլ հակամարտություն Հունգարիայի հետ» մոտիվներով վերնագրերը հետզհետե վերացան: Հստակ դատապարտման տողեր թեեւ չենք գտել մեր ուշադիր ընթերցանության մեջ, բայց շեշտադրումները, երանգը փոխվել են: Բոլոր թերթերի հրապարակումներին, բնականաբար, չենք անդրադառնալու, բայց տեղեկացնենք, թե «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի», «Դի վելթի», «TAZ»-ի հրապարակումներն ավելին էին, քան դեպքերի պրոֆեսիոնալ շարադրանքը:
«Շատ ուշ է»ՙ վարչապետ Վիկտոր Օրբանի «Սա մեր հակամարտությունը չէ: Պիտի հեռու մնանք» ձեւակերպմանը հակադարձում է «Բերներ ցայթունգը» սեպտեմբերի 18-ինՙ նշելով, թե Հունգարիան արդեն Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ է, եւ երեւում էՙ դեռ չի էլ կարող արագ ազատվել դրանից: Վկայակոչելով Origo.hu լրատվական պորտալից քաղած տեղեկությանը, շվեյցարական թերթն իրազեկում է, թե Օրբանը կառավարող Fidesz կուսակցության նիստի ժամանակ խոստովանել է, թե հաշվարկել էր, որ մարդասպանին հայրենի երկրում ազատ կարձակեն: Հայաստանի կառավարության սաստիկ քննադատությունը, Սփյուռքի հակազդեցությունն ու ԱՄՆ-ը անակնկալի են բերել հունգար դիվանագետներին: Այդ է պատճառը, որ արտգործնախարար Յանոշ Մարտոնին (Janos Martonyi) Եվրոպայում դաշնակիցներ է փնտրումՙ Հայաստանի հետ հարաբերությունները բնականոն դարձնելու համար: Հունգարական ցուցակում առաջինը Շվեյցարիան է: Եվ խոսքը միայն միջնորդության մասին չէ, այլ «որեւէ տեսակի օգնության», ինչպես ձեւակերպել է հունգար արտգործնախարարը MIT լրատվական գործակալության հետ զրույցում: «Բերներ ցայթունգի» փոխանցմամբ, Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպմանը հունգար արտգործնախարարը բոլոր գործընկերներին է դիմել նույն խնդրանքով: Բայց Շվեյցարիայի դերն ուրիշ էՙ առանձնահատուկ երկար ավանդույթ ունի ազգերին հաշտեցնելու առումով: Այդտեղից էլՙ «մեր հույսը շվեյցարացիներն են» հունգարների հաշվարկը: Թերթը հիշեցնում է նաեւ, որ 2009-ից Շվեյցարիան է ղեկավարում Հայաստան-Թուրքիա «դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելու» (բառացի թարգմ. Ան.Հ) բանակցությունները: Ինչ վերաբերում է Հունգարիային, Բեռնը ձեռնպահ է մնում, գրում է նույն աղբյուրըՙ ներկայացնելով Վիեննայում Հայաստանի դեսպանության խոսնակ Աշոտ Ալեքսանյանի մեկնաբանությունը. «Բանակցություների պատրաստ չենք: Նախՙ Բուդապեշտից պարզաբանում եւ ներողություն ենք ակնկալում»: Բեռնում էլ առանձնապես ուրախ չեն, որ Հունգարիան առերեւույթ փորձում է Շվեյցարիային ներքաշել այս պատմության մեջ, եւ մտադիր է, ինչպես «Բեռներ ցայթունգն» է գրում, Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադառնալ Սաֆարովի արտահանձնման, ներում շնորհելու հարցերին: Թերթը գրում է, թե Հունգարիան արտահանձման պատճառով նորից է բորբոքել Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Ադրբեջանցիները մարդասպանի ազատ արձակումը դիտում են թշնամի Հայաստանի դեմ տարած հաղթանակ, առաջնորդող քաղաքական գործիչները բարձրաձայն պահանջում են հաջորդ քայլը: «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Ալի Ահմեդովը Սաֆարովի ճակատագիրը համեմատում է Լեռնային Ղարաբաղի հետ: Երկուսն էլ թշնամու զոհեր են: Սաֆարովի ազատմանը Ղարաբաղի ազատագրումը պիտի հաջորդի:
Գերմանական TAZ օրաթերթում Բերնհարդտ Քլազենը «Ծաղիկներ կացնասպանին» հոդվածում ընթերցողի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Սաֆարովին դիմավորել են որպես ազգային հերոսի, իսկ ադրբեջանական մամուլը ցնծությամբ է ընդունել նրան ներում շնորհելու որոշումը: Ոգեւորված է նաեւ պաշտոնական Ադրբեջանը: Հոդվածագիրը ներկայացնում է Նովրուզ Մամեդովի մեկնաբանությունըՙ «Սաֆարովը սպան է այն երկրի, որի մի մասը զավթել են, իսկ սպայի գլխավոր պարտականությունն է հայրենիքի պաշտպանությունը: Սաֆարովը դեռ մանկուց դատապարտված էր տեսնել, թե հայերն ինչպես էին սպանում իր հարազատներին: Հունգարիայում մի հայ ամեն ինչ արեց, որ Սաֆարովին հունից հանի ու աֆեկտի հասցնի: Բանտում էլ Սաֆարովն իրեն օրինակելի է պահել, բազմաթիվ գրքեր է գրել, հունգարերեն սովորել, հունգար գրականություն է ադրբեջաներեն թարգմանել: Նորվեգ ահաբեկիչ Բրեյվիկը 77 հոգու սպանելու համար 21 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ասել է թե ամեն սպանվածի համարՙ 3 ամսվա ազատազրկում»:
«Ներում շնորհելն ամոթ է», գրում է TAZ-ի մեկնաբանըՙ մեջբերելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանուհի ղեկավար Արսու Աբդուլաեւայի այն խոսքերը, թե «այն Ադրբեջանի դեմ ուղղված շատ նողկալի աշխարհաքաղաքական խաղ է: Ամոթ է, որ մեր կառավարությունն ու զանգվածային լրատվամիջոցները հերոսացնում են մեկին, որ քնած մարդուն է սպանել: Գիտեմ, որ մեր զինվորներից շատերը ուղիներ են փնտրում հայ զինվորների հետՙ պատերազմի ժամանակ եղած թշնամությունը վերանայելու: Ինձ համար հերոսները նրանք են»: Սաֆարովի արտահանձնումն ու ներումը մի հարվածով Ղարաբաղյան հակամարտությունը կրկին միջազգային օրակարգ բերեց, գրում է TAZ-ը:
Հունգարիան, Ադրբեջանը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միջազգային մամուլը ե՞րբ կարձանագրի այս վերնագիրը, դժվար է կռահել, բայց պատմության հաստափոր գրքում կավելանա այս գլուխն այնժամ, երբ Հայաստանից ազդանշանը տեղ հասնի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա