«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Վերջին շաբաթներին Սիրիայի հայության հետ պատահած դեպքերը առիթ դարձան խորհելու մեր հավաքականության անբաժանելի մաս կազմող հայոց սփյուռքի ապագայի մասին: Յուրաքանչյուր հալեպահայ կամ բեյրութահայ ձեզ կվկայի, որ թուրքական իշխանությունները միշտ էլ բծախնդրորեն հետեւել են Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայկական կյանքին եւ ունեցել են մի հատուկ ծրագիր հնարավոր բոլոր միջոցներով հայերին այս տարածաշրջանից ավելի հեռու տեղեր տեղափոխելու համար: Դուք անմիջապես կհարցնեք, թե ինչպես կարող է դա պատահել: Կաշխուժանան նաեւ զանազան կոնսպիրոլոգիական տեսությունների կողմնակիցները: Կծնվեն հարցեր, որոնց գործնականում պատասխանելը շատ դժվար է: Փաստը մնում է փաստ, որ իրաքյան պատերազմի տասը տարիների ընթացքում իրաքահայության թիվը առնվազն հինգ անգամ փոքրացավ: Իրանահայերն ասում են, որ արտագաղթը աճում է նաեւ այնտեղ: Իրանահայերը գնում են դեպի Ամերիկա ու Եվրոպա, գլխավորապես ավելի լավ կյանքի հետեւից: Սիրիահայության կյանքը այս օրերին շատ ծանր է, բայց Դեր Զորի հայերի ժառանգները շատ դիմացկուն են եւ լավ կազմակերպված: Այս մտորումները մի առիթ են քննարկելու «հայկական աշխարհաքաղաքականության» մարտահրավերը եւ ուսումնասիրելու` ինչպես կազմակերպել համազգային համախմբումը մեր օրերի մարտահրավերներին ի պատասխան:

Իրական եւ կեղծ մարտահրավերներ

Բոլորս գիտենք, որ այսօրվա հայկական սփյուռքը երկու հիմնական շերտ ունի: Առաջինը Մեծ եղեռնից փրկվածներն են, որոնք աշխարհի մի քանի տասնյակ պետություններում ապաստանեցին, կազմակերպեցին իրենց հոգեւոր-մշակութային եւ նույնիսկ ազգային քաղաքական կյանքը, կառուցեցին եկեղեցիներ եւ դպրոցներ, հրատարակեցին թերթեր ու ամսագրեր, ինտեգրվեցին հյուրընկալ հասարակություններում, դարձան նոր հայրենիքների աշխատասեր ու նվիրված քաղաքացիներ, փորձեցին պահպանել իրենց ինքնությունը` հաճախ մեծ դժվարությունների դիմակայելով:

Երկրորդ շերտը ձեւավորվեց վերջին երկու տասնամյակում, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, բացվեց երկաթյա վարագույրը եւ նոր օրերի դժվարությունները զանգվածային միգրացիոն գործընթացների պատճառ դարձան:

Հանուն արդարության պետք է ասել, որ նման գործընթացներ ծավալվեցին Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ-ի համարյա բոլոր ժողովուրդների մեջ: Բայց դա չի կարող սփոփանքի պատճառ լինել եւ հետ պահել մեզ այս երեւույթները հասկանալ փորձելուց եւ սրա հետեւանքները հայապահպանության համար կանխատեսելուց: «Խորհրդային» հայերը ավելի քիչ են եկեղեցի հաճախում, ավելի արագ են ուծանում տեղացիների մեջ: Նրանցից շատերը գերադասում են շփվել իրենց նման «խորհրդայինների», քան հին սփյուռքահայերի հետ: Տորոնտոյում իմ հին ծանոթներից մեկը ինձ պատմում էր, որ նոր կանադահայերը կենցաղում ավելի շատ ռուսների, ուկրաինացիների ու հրեաների հետ են շփվում, քան նախկին սիրիահայերի, լիբանանահայերի եւ եգիպտահայերի: Ուկրաինայում վերջին քսանհինգ տարում հաստատված հայերի թիվն աճել է առնվազն քսանհինգ անգամ: Եվ Ուկրաինայի հայ համայնքը երրորդն է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո: Ռուսաստանում հայ համայնքն այսօր ամենամեծն է ամբողջ աշխարհում: Այստեղ տասնյակհազարավոր հայեր ընդգրկող քաղաքներ ու տարածքներ կան այնպիսի շրջաններում, որտեղ քսանհինգ տարի առաջ մեկ-երկու հայ գտնելը մեծ ուրախություն էր: Նույնըՙ ԱՄՆ-ում, նույնըՙ եվրոպական շատ երկրներում: Նոր հայերի հոծ զանգվածներ ամենուրեք դիմակայում են տնտեսական գլոբալ ճգնաժամի ծանր հետեւանքներին, փորձում են ինքնակազմակերպվել եւ, մասնավորապես ինտեգրվել սփյուռքյան կառույցներում, բայց նաեւ ավելի արագ ուծանում են, կարծես դրանով փորձելով հարմարվել նոր պայմաններին:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի, արդարացման ու հերոսացման խայտառակ օրերին, մենք ուշադրությամբ եւ գորովանքով էինք հետեւում մեր հայրենակիցների կազմակերպված բողոքի դրսեւորումներին աշխարհի շատ երկրներում: Ես ուրախությամբ մտածում էի, որ մեր այդ քույրերն ու եղբայրները իրենց ամենօրյա բազում հոգսերում ժամանակ ու ցանկություն ունեն համազգային խնդիրների լուծմանը մասնակցելու համար:

Ինտերնետը, սքայփը եւ հեռուստատեսությունը վիրտուալ հանրություն են ստեղծում աշխարհում եւ մոտեցնում մարդկանց: Այս ճանապարհով հայախոսությունն ու հայկական կյանքին տեղյակ լինելը դառնում են կենսունակ եւ շարունակական: Դրանց որակն ու խորությունը պահելը, անշուշտ, ինքնուրույն հարց է եւ հատուկ ուսումնասիրության առարկա: Բայց նոր-նոր ձեւավորվող համահայկան ցանցերը հնարավորություն են տալիս տեղյակ լինել, ինքնակազմակերպվել, անհրաժեշտ դեպքում նաեւ բողոքել անարդարությունների դեմ:

Ամեն մի փորձագետ կհաստատի, որ համահայկական իրականության մեջ, վերջին հիսուն տարում ոչինչ այնպես չի համախմբել սփյուռքահայ համայնքներին, որքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը: Մեր արդար պահանջի հետապնդման գործում Հայաստանի եւ սփյուռքի հաջողություններն այնքան ակնառու են, որ քաղաքակիրթ պետությունների մեծագույն մասում թե՛ իշխանությունները, թե՛ կիրթ մարդիկ հարգանքով եւ ուշադրությամբ են վերաբերվում խնդրին: Հայոց ցեղասպանության դատապարտման միջազգային գործընթացն ուժ է տվել աշխարհի հայերին, լսելի դարձրել նրանց ձայնը, ուղղել է նրանց մեջքը, արժանապատվորեն հիմնավորել է նրանց գոյության իրավունքը հյուրընկալ հասարակություններում:

«Այլեւս երբեք»

Սա հրեա ժողովրդի գաղափարախոսությունից ծնված կարգախոսն է, որը ձեւակերպվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հրեական ողջակիզումից քաղված դասն այն էր, որ հրեաները ոչ մի դեպքում պետք է թույլ չտան որեւէ ոտնձգություն իրենց հավաքականության դեմ: Աշխարհում գործող հզոր հրեական կազմակերպություններն ուշադրությամբ հետեւում են Իսրայելի եւ հրեաների նկատմամբ վերաբերմունքին, բողոքում եւ նույնիսկ պատժում hրեատյացությունը: Միջազգային ամենապատկառելի կազմակերպությունները հրեական լոբբիստների հորդորների ներքո քանի-քանի բանաձեւեր ու որոշումներ են ընդունել տվել հրեատյացության զանազան դրսեւորումները դատապարտելու ուղղությամբ: Պատմությունը հեռացնում է մեզ Հոլոքոսթից, բայց այդ պայքարը չի թուլանում, ընդունում է նոր ձեւեր եւ ծառայում է հրեա հավաքականության անվտանգության երաշխավորման գործին: Աշխարհում շատ կան մարդիկ, որոնք դժգոհում, նույնիսկ բողոքում են այս գործընթացի առանձին դրսեւորումների դեմ: Բայց մեր օրերի քաղաքակիրթ աշխարհում ոչ մի կիրթ ու լուրջ մարդ իրեն թույլ չի տա արհամարհական ու անհարգալից խոսել այն հրեաների մասին, որոնք երկու հազար տարի պետություն չեն ունեցել, եւ ամենաանհավանական ջանքերի գնով պահպանել ու զարգացրել են իրենց ազգային ինքնագիտակցությունը:

Հիմա դառնանք մեզ: Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգայնական ուժերի հավաքական ջանքերը հայության արդար պահանջի դեմ դարձել են աննախադեպ կազմակերպված եւ ընդունել են սանձարձակ ձեւեր: Բայց պետք է հասկանանք, որ այս նոր գործելաոճը անհանգստություն եւ նույնիսկ սպառնալիք է ստեղծում ոչ միայն հայության, այլեւ բոլոր հասարակությունների համար, որտեղ դրանք դրսեւորվում են: Պատմական հիշողությունն ուրանալը եւ կեղծարարությունը անազնիվ գործ են եւ պետք է պարզապես անազնիվ ու անսկզբունք լինել այդ գործելաոճին տուրք տալու համար: Կարծում եմ, որ մեր օրերի աշխարհի ազնիվ ու շիտակ մտածողները, իսկ դրանք մեծամասնություն են, առնվազն չեն խանգարելու հայերի ինքնակազմակերպմանը` հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականության: Այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվել եւ պատմական արդարությունը չի վերականգնվել:

Մտորումներ մեր անելիքի մասին

Քսանմեկ տարեկան Հայաստանի Հանրապետությունն աննախանձելի աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրավիճակում է: Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան Հայաստան վերադառնում եւ այստեղ հաստատվում: Մենք անընդհատ փնտրում ենք ադապտացիոն նոր մեխանիզմներ, որովհետեւ Հայաստանն առանց Սփյուռքի պատկերացնելն ուղղակի անհնար է: Մենք չենք կարող սիրիահայերին զանգվածաբար տեղավորել Հայաստանում, որովհետեւ դրա համար բավարար տնտեսական հնարավորություններ ուղղակի չկան: Բայց մենք պարտավոր ենք աջակցել նրանց յուրաքանչյուր որոշմանը, ինչպես այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահը դիվանագետների հետ ամենամյա հանդիպման ժամանակ: Երեւի սա էլ առիթ էր, որ մենք մի անգամ էլ խթանենք հայկական ինտելեկտի հավաքական ներուժը եւ մտածենք այնպիսի ինքնապաշտպանության ու ինքնակազմակերպման ջանքերի մասին, որոնք կհամախմբեին սփյուռքի համայնքները զանազան մարտահրավերների դեմ: Այս աշխատանքն, անշուշտ տարվել է, տարվում է եւ պետք է ուժեղանա, բայց ասվածիս լույսի ներքո մի բան ակնհայտ է: Նախ եւ առաջ կարիք կա ամրապնդելու այն բոլոր աշխատանքի ձեւերը, որոնք վերջին կես դարի ընթացքում ապացուցել են իրենց դրական նշանակությունը: Ավելացնելով զանազան աղբյուրներից հայթայթվող նյութական միջոցները հանուն հայապահպանության, մենք հայկական պետության բոլոր տեսակի պարտավորությունների շարքում պետք է ավելացնենք եւս մեկը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգում ձեւակերպված այն մտքի կողքին, ըստ որի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է, պետք է ավելացնել դրույթ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը սփյուռքում հայապահպանության եւ սփյուռքահայ համայնքների անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է: Եվ այս մոտեցումը պետք է հասկանալի եւ հարգելի դարձնել աշխարհում մեր բոլոր բարեկամների համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4