«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


2013-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԵՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց ՀՀ 2013-ի պետբյուջեի նախագծին: Նախագծի համաձայնՙ 2013 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրլն 32 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1 տրլն 152 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 119 մլրդ դրամ: Գնաճի նպատակային միջակայքը կգտնվի 4 տոկոս +/- 1,5 տոկոս սահմաններում: Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ 2013-ին նախատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի` 7 տոկոս: Բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Նվազագույն աշխատավարձը` 35 հազար դրամ

Կառավարությունը երեկ հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու եւ ներկայիս 32,5 հազար դրամի փոխարեն 2013-ից 35 հազար դրամ սահմանելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին: Ինչպես նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի դրույթները, որոնց համաձայն նախատեսվում է հինգ տարում առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը եւ ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ:

Կազինոների տեղափոխումը հետաձգվեց 1 տարով

Հայաստանի վարչապետի մոտ սեպտեմբերի 25-ին խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում, երեկ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի Հայաստանում գործող խաղատների Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր տեղափոխելու ժամկետը կհետաձգվի մեկ տարով` մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը, 2013 թ. հունվարի 1-ի փոխարեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4