«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով հրապարակեց այն ընկերությունների անունները, որոնք Հայաստան գոմեշի միս են ներկրում Հնդկաստանից: Մասնավորապես, 2011-ին 10,3 հազար տոննա գոմեշի միսը ներկրել են 6 ընկերություններ: «Ալեքս Գրիգի» բաժինը կազմել է ընդհանուրիՙ 61,2 տոկոսը, «Պարգեւ» ընկերությանը` 17 տոկոսը, «Մոկոնաթինը»` 9,5 տոկոսը, «Արմեն Համիկ եղբայրներինը»` 6,5 տոկոսը, «Ունիվերսամ Ավանինը» 3,5 տոկոսը, «Մուշինը»` 2,3 տոկոսը:

2012 -ի 9 ամիսներին Հայաստան են ներկրվել 5284 տոննա գոմեշի մսի բրիկետներ 5 կազմակերպությունների կողմից: «Պարգեւ» ՍՊԸ-նՙ 34,3 տոկոս, «Արմեն Համիկ եղբայրները» 23,52 տոկոս, «Ալեքս Գրիգը» 18,1 տոկոս, «Ունիվերսալ Ավանը»ՙ 11 տոկոս:

Աբրամ Բախչագուլյանի ներկայացմամբՙ հայկական ընկերությունները գոմեշի միս ներկրում են հնդկական այն կազմակերպություններից, որոնք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս, սառցարան, միջազգային արտոնագրող մարմինների կողմից տրվածՙ վտանգի աղբյուրների վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի եւ ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրեր: Այդ մսի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Հնդկաստանում ՀՀ սննդամթերքի անվտանգության գծով ներկայացուցիչը: «Այս 2 տարվա ընթացքում մեկ դեպք է եղել, երբ տեսողական զննմամբ բեռը կասկած է հարուցել», ասաց Աբրամ Բաշչագուլյանը:

Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի ելույթից հետո վարչապետը առաջարկեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ՙ ներկայացնել, թե այս ընկերությունները ինչպես են կատարում իրենց հարկային պարտավորություները: Ինչին ի պատասխան կոմիտեի նախագահն ասաց, որ ուսումնասիրությունն ընկերություններում անընդհատ շարունակվում են եւ, որ հարկային պարտավորությունների հետ կապված առանձին տեղեկանք կներկայացվի:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել իրեն` կապելով իր անունը Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերությունների հետ: «Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որեւիցե առնչություն ես բացարձակապես չունեմ` ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետեւում, ինձ հետ կապված չկան», նշեց վարչապետը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4