Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամՙ դեմոկրատ (Կալիֆոռնիայից) Հովարդ Բերմանը սեպտեմբերի 27-ին պետքարտուղարությունից պահանջել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Ադրբեջանի նկատմամբ հանդես գալ համատեղ բողոքով եւ զրկել այդ երկրին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցելու իրավունքից, հաղորդում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Վաշինգտոնից: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հղած իր խստաոճ նամակում կոնգրեսականը պահանջել է կացնավոր-մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ու մեծարման համար բուռն կերպով դատապարտել Բաքվին: Ավելինՙ Բերմանը Օբամայի վարչությունից պահանջել է ապահովել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համատեղ բողոքը նախագահ Ալիեւին, առկախել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերին, անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր օժանդակություններն ու սպառազինության փոխանցումը Ադրբեջանին: