«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


«ԳՅՈՒԼԱՐԳԵՅԹԸ» ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈ՞ՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ «Միլլի մեջլիսի պատգամավար Գյուլար Ահմեդովայի մասնակցությամբ տեսահոլովակի տարածման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»: Պատգամավորի եղբայրը, որ ադրբեջանական հեռուստատեսության շոումեններից է, ANS-ին պատմել է, որ «Գյուլար խանումի ինքնազգացողությունը վատացել է»: Նրա ասելովՙ «վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա բժշկական լիարժեք հետազոտություններից հետո»: Ըստ որոշ լուրերիՙ «Գյուլար Ահմեդովան գլխուղեղի արյունազեղում է ունեցել»:

«Թուրան» գործակալությունից կապվել են Գյուլար Ահմեդովայի կողմից հիմնադրված եւ խմբագրվող «Մերքեզ» («Կենտրոն») թերթի հետ, որտեղից ասել են, որ նախանցյալ երեկո «Գյուլար խանումը աշխատավայրում է եղել մինչեւ ժամը 12-ը»: Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից Ալի Հասանովը շտապել էր տեսահոլովակի հետ կապված պատմությունը ներկայացնել Գյուլար Ահմեդովայի եւ ողջ պետական համակարգի կողմից «կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի» համատեքստում:

Փաստորեն փորձ էր արվել դրամաշորթ պատգամավորին ներկայացնելու իբրեւ «հակակոռուպցիոն պայքարի ջատագովի»: Դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները, մինչդեռ, contact.az-ին իրազեկել են, որ «քրեական գործը հարուցված է Միլլի մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի դեմ»: Ըստ էության, սկանդալն այնքան աղմկոտ է, որ Իլհամ Ալիեւը չի համարձակվել հովանու տակ վերցնել դրամաշորթ պատգամավորին: Մանավանդ որ տեսահոլովակում Գյուլար Ահմեդովան հպարտանում է, որ կարողացել է «կոտրել Իլհամ Ալիեւի կազմած ցուցակը» եւ Էլշադ Աբդուլլաեւի անունը մտցնել այնտեղ: Նա նաեւ ասում է, որ «գործում է Ալիեւի անունից»: Ադրբեջանցի որոշ մեկնաբաններ կարծում են, որ Ահմեդովան նկատի է ունեցել այժմ արդեն հանգուցյալ Ագիլ Ալիեւին` Հեյդար Ալիեւի եղբորը:

Այսպիսով, սկանդալի մեջ ներքաշվում է իշխող ընտանիքը: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Միլլի մեջլիսի պատգամավորական 125 տեղերը բառիս բուն իմաստով վաճառվում են յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլարով: Առնվազն: Այս առթիվ contact.az-ը սարկաստիկ հարցնում է. «Մի՞թե Ադրբեջանի նման հարուստ երկրին վայել է, որ երկրի խորհրդարանի պատգամավորի աթոռն արժենա ընդամենը միլիոն: Այդ փողով կարելի է մունիցիպալ մարմնում ներկայացուցիչ լինել»: Նկատի է առնվում, ըստ երեւույթին, որ Գյուլար Ահմեդովան հեռավոր 2005-ին է մեկ միլիոն դոլար կամ մանաթ պահանջել, այսօր բոլորովին այլ թվեր են «կրակվում»:

Բայց մինչ դատախազությունը քրեական գործ է հարուցել, իսկ Գյուլար Ահմեդովան էլ` «գլխուղեղի արյունազեղում ստացել», արտերկրում ապրող Էլշադ Աբդուլլաեւը Youtubee-ում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ հանդես է գալիս անձամբ եւ վկայում, որ, այո, պահանջված գումարը վճարել է, բայց պատգամավոր չի դարձել: Աբդուլլաեւը հանդես է գալիս որպես տուժած կողմ եւ վստահեցնում, որ Ահմեդովային տված գումարներն աշխատել է «միանգամայն օրինական ճանապարհով», ինչը կարող է ապացուցել «համապատասխան փաստաթղթերով»:

Ո՞րն էր պատգամավոր դառնալու նրա ցանկության մոտիվը: Այս հարցն ինքն իրեն տալով` Աբդուլլաեւը պատմում է, որ մինչ այդ առեւանգել էին եղբորը եւ գլխագին պահանջել: «Ուզում էի պատգամավոր լինել եւ օգնել եղբորս»,- ասում է նա եւ ավելացնում, որ Ադրբեջանում «գործում է հանցավոր խմբավորում, որը մարդկանց առեւանգում եւ շանտաժի միջոցով գումարներ է շորթում»:

Ըստ երեւույթին, Աբդուլլաեւը ակնարկում է այդ հանցավոր խմբավորման հետ պատգամավոր Գյուլար Ահմեդովայի կապի մասին եւ դատախազությունից պահանջում «գործը քննել ամենայն մանրամասնություններով»: Կարելի՞ է ենթադրել, որ մարդկանց առեւանգման «բիզնեսում» նույնպես խառն է իշխող ընտանիքի մատը: Հնարավո՞ր է , որ դատախազությունը իրոք ամենայն մանրամասնություններով հետաքննի «Գյուլարգեյթի» գործը: Ընդդիմադիր «Հանրային պալատ» կառույցն ամեն դեպքում հանդես է եկել չափազանց կոշտ հայտարարությամբ եւ պնդել, որ հետամուտ է լինելու, որպեսզի «գործը չփակվի»: Քաղաքական իմաստով ընդդիմությունը պահանջում է լուծարել խորհրդարանը եւ անցկացնել նոր ընտրություններ` նախապես փոխելով ընտրական օրենսգիրքը, հնարավորություն ընձեռելով, որպեսզի կուսակցությունները մասնակցեն օրենսդիր մարմնի ձեւավորմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4