Հատկապես եթե դա անցկացվում է քրդաբնակ Դիարբեքիրում
«Ազգի» սեպտեմբերի 27-ի համարում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա թեմայով Դիարբեքիրում անցկացված կլոր սեղանին, նշել էինք, որ այս կարգի միջոցառումները հայ-թուրքական շփումների շարունակման պատրանք են ստեղծում, որպեսզի թուրքական կողմը խուսափի հայկականի հետ ստորագրած արձանագրությունները նախապայմաններով ձախողելու պատասխանատվությունից:
Միջոցառման մասին տեղեկացել էինք «Ռադիկալի» սեպտեմբերի 25-ի հրապարակումից, նշելով, որ թուրքական թերթը կլոր սեղանի մասնակիցներից տալիս է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի եւ աշխատակից Հայկակ Արշամյանի անունները միայն:
Այս երկու մասնակիցներն էլ Դիարբեքիրում անցկացված միջոցառումը կարեւորել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման առումով: Որքան էլ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականության եւ հայկական կողմի նախապայմաններ առաջադրելու պատճառով երկու երկրների հարաբերություններում բարելավման միտումները բացակայեն, այնուամենայնիվ քրդաբնակ Դիարբեքիրը թուրքական պետության համար կարեւոր է քրդական հարցի, այլ ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:
Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու անզուսպ ձգտումները չեն կարող միանշանակ ընկալվել Հյուսիսային Քրդստանի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում, որտեղ բնակչությունն այլեւս չի հանդուրժում նույնիսկ թուրքերենի հրապարակավ գործածումը: Նրա համար ավելի քան անհանդուրժելի պետք է լինեն մամուլի ազատության եւ ժողովրդավարության զարգացման արտահայտությունների կապակցումը Թուրքիայի անվան հետ:
Ի դեպ, Դիարբեքիրում տիրող հակաթուրքական տրամադրությունները չեն ոգեւորում նաեւ թուրք բնակչությանը, մանավանդ հիմա, երբ PKK-ի հետ կռիվներում թուրքական զինված ուժերը գրեթե ամեն օր նոր զոհեր են տալիս: Էլ չենք խոսում թուրք կուսակցական գործիչների մասին, որոնց համար Դիարբեքիր այցելելն ինքնին խնդիր է, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Համենայն դեպս, «Ռադիկալը» սեպտեմբերի 27-ի համարում վերստին արծարծել է Դիարբեքիրում անցկացված կլոր սեղանի հարցը, ապա միջոցառումը գնահատելու խնդրանքով դիմել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Նավասարդյանին: Թուրքական թերթից իմանում ենք, որ կլոր սեղանը կազմակերպվել է «Երկխոսության շրջանակի ընդլայնումը. մեդիան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը» թեմայով, որի ընթացքում հայաստանցի լրագրողները դժգոհել են երկկողմ հարաբերությունների նկատմամբ Թուրքիայի անտարբեր վերաբերմունքից:
Ինչ վերաբերում է Նավասարդյանին, ապա «Ռադիկալը» նրա գլխավորած Երեւանի մամուլի ակումբը համարում է միջոցառման կազմակերպիչներից, կլոր սեղանը գնահատելիս ասել է. «Ցանկանում ենք, որ Հայաստանում զարգանան մամուլի ազատությունն ու ժողովրդավարությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք Թուրքիայի գլխավորությամբ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք եվրոպական երկրների հետ: Հետեւաբար մեր սահմանները չպետք է փակ լինեն: Ստեղծված իրավիճակում Թուրքիան մեր միակ ելքն է: Ուզում ենք բարեկամական հարեւան ունենալ»:
Մինչդեռ, թուրքական «Միլիեթ» թերթը մարտի 7-ի համարում գրել էր, որ ընթացիկ տարվա առաջին 2 ամիսներին Թուրքիայում կալանված լրագրողների թիվը 105-ի էր հասել, մինչդեռ այդ թիվը մեկ տարի առաջ եղել է 39:
Հ. ՉԱՔՐՅԱՆ