Բազմիցս առիթ ենք ունեցել փաստարկելու, որ ադրբեջանական կողմի քայլերը հաճախ ամենասովորական տրամաբանության չեն տրվում: Բացառություն չեն նաեւ զանազան վիճակագրական տվյալները: Պաշտոնական քարոզչությունը հասկանալի պատճառներով յուրաքանչյուր վիճակագրական թվի տակ ներկայացնում է «վերջին տարիների սոցիալ-տնտեսական առաջընթացը»: Մասնավորապես, day.az-ը ներկայացրել է Ադրբեջանում 20011-ի դրությամբ առկա ավտոմեքենաների վիճակագրությունը:
Ըստ այդմ, «բուռն զարգացում ապրող» հարեւան երկրում գրանցված է 1 037 626 ավտոմեքենա, որից 647 572-ը` Բաքվում եւ մերձակա ավաններում: Ողջ Ապշերոնի տնտեսական շրջանում առկա է ընդամենը 35 870 ավտոմեքենա, Գյանջա-Ղազախում` 95 316, Շաքի-Զաքաթալաայում` 30 434, Լենքորանում` 48 852 Ղուբա-Խաչմազում` 23 076, Արանն ընդգրկող շրջաններում` 90 013: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում ապրող 9 միլիոն բնակչի նկատառմամբ գրանցված ավտոմեքենաների քանակությունը բոլորովին էլ չի վկայում, որ այդ երկիրը «թռիչքային զարգացում է ապրում»:
Ի՞նչ չարժե միայն տվյալը, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում գրանցված է 27 825 ավտոմեքենա, երբ, ըստ պաշտոնական վիճակագրության, տեղաշրջանի բնակչության թվաքականը մոտենում է 300 000-ի սահմանին: Բայց սա ադրբեջանական իշխանությունների եւ հասարակության խնդիրն է: Մեզ այլ հանգամանք է հուզում: Day.az-ի հրապարակած աղյուսակում որպես «տնտեսական շրջան» առանձնացված է «Վերին Ղարաբաղը»:
1991 թ. նոյեմբերի 24-ի «օրենքով» այդ ձեւակերպումն է պաշտոնապես օգտագործվում, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Նախ, ի՞նչ իրավունքով է ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը խոսում 21 տարվա անկախություն ունեցող երկրի մասին որպես «տնտեսական շրջանի»: Արցախի Հանրապետությունը սեփական վիճակագրական կառույցներն ունի, եւ վերջիններս են միայն իրավասու ներկայացնելու սոցիալ-տնտեսկան ցուցանիշներ: Որեւէ առնչություն չունենալով ԼՂՀ տնտեսական համակարգի հետ, ադրբեջանական վիճակագրությունը պարզապես քաղաքական պատվեր է կատարում` մեդիա տարածք նետելով իրականությանը չհամապատասխանող «տվյալներ»: Դա վերաբերում է ե՛ւ բնակչության թվին, ե՛ւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի եւ բոլոր մյուս ցուցանիշներին:
Այս դեպքում, օրինակ, «Վերին Ղարաբաղի տնտեսական շրջանում» ադրբեջանական վիճակագրությունը «հաշվել է» ընդամենը 3 049 ավտոմեքենա: Սա ակնհայտորեն խեղաթյուրված թիվ է: Նպատակը մեկն է` սեփական հանրությանը ներշնչել, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ «քարե դարում են ապրում, ոչ մի առաջընթաց չկա»: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, մենք կապվեցինք ԼՂՀ պատկան մարմնի տրանսպորտային միջոցների գրանցման եւ հաշվառման բաժնի պատասխանատուների հետ: Ըստ այդմ, 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Արցախում հաշվառված էր շուրջ 15 000 անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոց: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական «վիճակագրությունը» ԼՂՀ ցուցանիշը նվազեցրել է գրեթե 5 անգամ:
Եւս մի ճշտում. ադրբեջանական վիճակագրությունը վերաբերում է ոչ միայն անձնական օգտագործման, այլեւ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին: Այդ ցուցանիշը ԼՂՀ-ում 20 000-ից անցնում է: Այսպիսով, եթե Ադրբեջանում առկա է մեկ միլիոնից մի փոքր ավելի տրանսպորտային միջոց, այսինքն` 8 բնակչի «հասնում է» 1 ավտոմեքենա, ապա Արցախում այդ գործակիցը 7 է: Ըստ էության, ԼՂՀ տնտեսական վիճակն ավելի բարվոք է, քան հարեւան Ադրբեջանում, եթե ավտոտրանսպորտային միջոցների թվաքանակով կարելի է դատել բնակչության կենսամակարդակի մասին: Իսկ որ day.az-ին հանձնարարվել է ավտոտրանսպորտային միջոցքների «անշեղ աճի» վերաբերյալ վիճակագրություն հրապարակել, որպեսզի «ակնհայտ լինեն Ադրբեջանի տնտեսական նվաճումները», կասկածել չի կարելի:
Կարելի է միայն զարմանալ հարեւան երկրի քարոզչամեքենայի բութ համառությունից. չէ՞ որ ամեն անգամ հայտնվում են հիմար դրության մեջ: Բայց դասեր չեն առնում: Սա էլ, երեւի, յուրօրինակ մտակերտվածք է` նույնիսկ ծիծաղելի դառնալու գնով ուշադրություն հրավիրել «օկուպացիայի փաստի» վրա:
Վ. Ա.