Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատաիրավական համակարգի վերաբերյալ խորհրդակցություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ քննարկվել են Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, դատարանների ծանրաբեռնվածության եւ գործերը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ հարցեր:
Նա հիշեցրել է, որ թեմայի վերաբերյալ խոսել է մի քանի անգամ. իր վերաբերմունքն էլ հստակ է ու հայտնի. «Նման հարցերին վերապահումներով մոտեցումները անթույլատրելի են ու աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող եւ չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից»:
Նախագահը հիշեցրել է, որ որդեգրած ուղենիշըՙ իրավունքի գերակայության եւ արդարության արմատավորումն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: «Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք, եւ որեւէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու»: Դատարանների ծանրաբեռնվածության եւ գործերի արագ քննության հարցին երկրի ղեկավարն անդրադառնում է երկրորդ անգամ: Նախորդ խորհրդակցությանը ներկայացվել էին առկա խնդիրներն ու տրվել դրանք վերացնելուն ուղղված հստակ հանձնարարականներ: Նախագահն անընդունելի է համարում, որ դատարանները որակի հաշվին գործն արագ քննեն, սակայն արհեստական ձգձգումներն էլ անթույլատրելի են: Խորհրդակցության ավարտին ակնհայտ է դարձել, որ գործերի ողջամիտ ժանկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել եւ շարունակում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածությանը: Ինչ վերաբերում է օբյեկտիվ խնդիրներին, նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ, որոշ դատարաններում ավելացնել դատավորների քանակը: Վերոնշյալ երեք կառույցների ղեկավարներին հանձնարարվել է նաեւ առավելագույն սեղմ ժամկետներում ձեռնարկել օրենսդրական բնույթի այլ միջոցներ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Հ. Հ.