«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ, ԹԵԵՎ ՑԱՆԿԱԼԻԻՑ ԴԱՆԴԱՂ ՏԵՄՊՈՎ»

ԱՄՀ առաքելության ղեկավարի հայտարարությունը Հայաստանից մեկնելիս

Ինչպես տեղեկացանք Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երեւանյան գրասենյակից, ԱՄՀ առաքելությունը, Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ն այցելել է Երեւան` «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի հինգերորդ ամփոփիչ ստուգման շուրջը քննարկումներ եւ 2012 թ. IV հոդվածի շրջանակում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Վերադառնալուց հետո առաքելության ղեկավարը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Անցյալ տարվա ընթացքում մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: Լավ բերքի եւ հանքարդյունաբերության ու ծառայությունների ոլորտների դինամիկայի շնորհիվ ակնկալվում է, որ 2012 թ. աճը կհասնի 6.2 տոկոսի, իսկ 2013 թ., տնտեսության միտման վերականգնվելուն զուգահեռ եւ Եվրոպայի ու Ռուսաստանի պայմանները հաշվի առնելով, կչափավորվիՙ կազմելով 4,3 տոկոս: Պահպանվում է չափավոր գնաճՙ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտի վերականգնմամբ եւ առողջ քաղաքականությամբ. ակնկալվում է, որ 2012 թ. մնացած ժամանակահատվածում եւ 2013թ. գնաճը կպահպանվի ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակադրած միջակայքում (4+/-1.5 տոկոս):

Ծրագրի ուղղությամբ կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է: Հարկաբյուջետային հաշվեկշռիը շարունակել է բարելավվել, ընդ որումՙ պակասուրդն ակնկալվում է, որ 2012 թ. կնվազի մինչեւ մոտավորապես ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ հաջորդ տարի, երբ իրականացվեն խոշոր կապիտալ ծրագրեր, չափավոր կբարձրանաՙ մինչեւ 2.6 տոկոս:

ՀՀ ԿԲ ուժեղացրել է հավատարմությունը ճկուն փոխարժեքի եւ գնաճի նպատակադրման ռեժիմին: ՀՀ ԿԲ շարունակում է դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավումը եւ իրՙ մասնավորապես արտարժութային վարկավորմանն առնչվող ռիսկերի մոնիթորինգը: 2012 թ. երկրորդ եռամսյակից սկսած արտաքին ցնցման հետեւանքով արտարժույթի շուկայում զգալի միջամտություն տեղի ունեցավՙ չափից ավելի տատանողականությունը կանխելու համար, եւ հունիսի ավարտի համար նախատեսվածՙ պահուստներին վերաբերող կատարողական չափորոշիչը չկատարվեց: Հինգերորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար անհրաժեշտ կլինի բացառություն անել եւ ուղղիչ գործողություններ ձեռնարկել:

Կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ առաջընթաց կա, թեեւ ցանկալիից դանդաղ տեմպով: Բոլոր տնտեսվարողների համար մրցակցության հավասար պայմանների ապահովումը, այդ թվումՙ հարկային վարչարարության առանցքային ոլորտում, կարեւոր բեկում կմտցնի գործարար միջավայրում: Առաքելությունն առաջին արդյունքներին է սպասում «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրից, որի նպատակն է էապես վերափոխել կանոնակարգերն ու բյուրոկրատական քաշքշուկը, եւ մրցակցության հանձնաժողովի կողմից օրենքի կիրարկման ընթացիկ գործողություններից:

Առաքելությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել 2012 թ. մնացած ժամանակահատվածի եւ 2013 թ. քաղաքականության ծրագրի շուրջը, որը կարող է հիմք ստեղծել ստուգումն ավարտելու համար: Ըստ նախնական ժամանակացույցի նախատեսվում է, որ ԱՄՀ խորհուրդը ստուգումը կքննարկի դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստի ժամանակ: Հաստատման դեպքում ԱՄՀ-ն կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլարՙ EFF/ECF ծրագրերի շրջանակում տրամադրած ընդհանուր գումարը հասցնելով 327 միլիոն ԱՄՆ դոլարի:

Իշխանությունները մեծ հետաքրքրվածություն են արտահայտել 2013 թ. կեսին ընթացիկ ծրագրի ավարտից հետո ԱՄՀ հաջորդ ծրագրով, որը հավանաբար կընդգրկի հետագա 3 տարիները: Նրանք նշել են, որ նոր ծրագիրը կսատարի արտաքին եւ հարկաբյուջետային ճշգրտումը շարունակելու քաղաքականությանը, քաղաքականության բուֆերների եւ հարկաբյուջետային հնարավորությունների ամրապնդման եւ աճը խթանող կառուցվածքային բարեփոխումների իրականացման համարՙ ճգնաժամով պայմանավորված աջակցության զգալի գումարների ետ վերադարձի ժամանակահատվածում: Հիմնադրամի նոր ծրագրի քննարկումները սկսելուց առաջ ԱՄՀ խորհուրդը պետք է դիտարկի հիմնադրամի այն ծրագրերի փաստացի գնահատման արդյունքները, որոնք իրականացվել են 2005 թ. սկսած, երբ կատարվել է վերջին փաստացի գնահատումը: Նախապատրաստման փուլում գտնվող փաստացի գնահատման արդյունքները կօգնեն ուղղորդելու նաեւ նոր ծրագրի նախագծումը»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՀ պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, տնտեսական ոլորտի նախարարների, բանկային եւ գործարար ոլորտների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4