Երկիրը երկի՞ր է դառնում
Հիշո՞ւմ եք, նախորդ տարի ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ, որտեղ մեջբերեց մի արտահայտություն, թե որեւէ մեկն իրավունք չունի երկրի անունից խոսելու կամ այն փնովելու: Թե որքանով էր արդարացի նախագահի այս պահանջըՙ դժվար է ասել, մանավանդ հաշվի առնելով օրեցօր զարգացող աղքատության ցուցանիշը, աշխատատեղերի պակասն ու թանկացող ապրանքները: Սոցիալ-կենցաղային բարդ իրավիճակը, որը հանգեցնում է արտագաղթի, սարսափելի է, ընկճող ու հիասթափեցնող: Հենց այդ հիասթափությունն էլ ծնում է այդ արտահայտությունըՙ երկիրը երկիր չէ: Սակայն միայն սոցիալական ծանր վիճակը չէ, որ մարդկանց դրդում է հիասթափվել երկրից, իշխանություններից, ինքն իրենից:
Անպատժելիության մթնոլորտն ու զոռբայությունն էլ նվազ դեր չեն խաղում, որպեսզի մարդիկ հիասթափվեն: Ճնշված, փոքրացած ու ստորացված ես զգում, երբ հանցագործություն են կատարում ու մնում անպատիժ, երբ մարդ են սպանում ու շարունակում ապրել ազատության մեջ: Երկիրըՙ երկիր, ինչու ոչՙ մարդկանց էլ մարդ դարձնելու, ամենաառաջին քայլն ու լուրջ ձեռքբերումն այն կլինի, երբ քաղաքացին հասկանա, որ անկախ նրանից, թե ով է իր թիկունքում կանգնած կամ ում թիկնապահն է, կպատժվի, եթե օրենք խախտի:
Երեկվա ամենամեկնաբանված ու քննարկված լուրերը Վազգեն Խաչիկյանին ձերբակալելն ու Ռուբեն Հայրապետյանի անձեռնմխելիությունից զրկվելն էր: Նաեւ, անշուշտ, Վ. Օսկանյանի հարցը:
ԱԺ արդեն նախկին պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ու միտքը չփոխեց «Հարսնաքար»-ում տեղի ունեցած դաժան սպանությունից հետո: Բայց արդյոք մանդատից զրկումը բավարա՞ր է: Դրանով Հայրապետյանն էլ օրենք չի՞ խախտի, չի՞ վիրավորի, չի՞ հարվածի, չի՞ ծեծի, հայհոյի կամ խաբի: Իհարկեՙ ոչ: «Հարսնաքարի» դեպքի հետ գուցե նա կապ չունի, դա դատարանը կորոշի, բայց արդյոք Հայրապետյանն այլ մեղքեր չունի՞, արդյոք օրենք չի՞ խախտել: Հետեւաբար մանդատից զրկվելը պետք է լինի առաջին քայլը երկրում օրենք հաստատելու ուղղությամբ:
«Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Ձերբակալված են նաեւ նույն ծառայության կենսաթոշակների եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանն ու սոցապ վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը»: Լրատվական բոլոր կայքերի գլխավոր լուրը սա էր, գլխավոր նյուզմեյքերներ էին դատախազությունն ու ոստիկանությունը: Մեկ տարի անց, Վերահսկիչ պալատը անցկացրած ստուգումներից հետո Խաչիկյանը ձերբակալվում է: Հիշեցնենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունում անցկացված ստուգումները բացահայտել էին խախտումների ցնցող թիվ ու քանակ: Հայտնաբերվել էր մահացած մարդկանց հսկայական ցուցակ, որոնց երկար ժամանակ թոշակ է հատկացվել: Վերահսկիչիՙ ստուգումների արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Խաչիկյանն ազատվեց աշխատանքից:
Մայիսի 11-ին Հայաստանի սոցիալական ապահովության 51 տարածքային կազմակերպություններում կատարած ստուգումների արդյունքում ֆինանսների նախարարության ֆինանսական վերհսկողական տեսչությունը 500-էջանոց հաշվետվություն ուղարկեց դատախազություն բացահայտված խախտումների մասին: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ նախ ուսումնասիրեց ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերն ու պարզեցՙ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վարահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերիՙ 113 միլիոն 181 հազար 900 դրամ եւ յուրացրել: Կասկածվող երեք անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր գումար յուրացնելու կամ վատնելու գործով:
Որ Խաչիկյանը մեղավոր է եւ պետք է պատիժ կրիՙ անկասկած է եւ անխուսափելի: Սակայն հարց է առաջանումՙ Խաչիկյանը միայնա՞կ է յուրացրել փողերը, նրա թիկունքում ոչ ոք չկա՞ր կանգնած կամ արդյոք որեւէ մեկի «դաբրոյով» կամ «իմացությամբ» նա չի՞ գնացել այդ քայլին:
Խաչիկյանն օրենքին տեղյակ ու կրթված անձնավորություն է, հետեւաբար մինչ նման քայլի գնալը պետք է կռահերՙ ինչպիսի ռիսկի է դիմում: եթե դիմել է ու եթե տարիներ շարունակ կարողացել է մեռյալ հոգիների հաշվին բյուջեից գումար գողանալ, ապա ակնհայտ է դառնումՙ մեռյալ հոգիները միայն նրան չեն կերակրել: Չի բացառվում, որ նրա մասնաբաժինն ավելի քիչ լինի, սակայն առավելագույն պատիժ, ինչպես ենթադրելի է, կկրի հենց նա:
Իսկ դա նշանակում է, որ էական ոչինչ էլ տեղի չունենա, ոչ բարեփոխում, ոչ մտածելակերպի փոփոխություն, ոչ էլ առաջընթաց: Ի վերջո, Խաչիկյանը չլինի, նրա տեղը մյուսը կլինի. այստեղ գլխավորին պատժելն է: Այստեղ խոսքը նաեւ համակարգի թերի լինելու մասին է: Եթե անգամ Խաչիկյանը միայնակ է գործել, նշանակում է համակարգը նրան թույլ է տվել նման «արտոնություն», ու ինչպես նախորդները, այնպես էլ Խաչիկյանն օգտվել է համակարգի թողտվությունից:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ