«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


«ՏԱԹԵՎԻ ԹԵՎԵՐԸ» ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամի հիմնական ծրագրերն են

Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ստեղծած RVVZ հիմնադրամի նոր նշանակված տնօրեն Արտակ Մելքոնյանը երեկ անդրադարձավ Հայաստանում հիմնադրամի իրականացրած եւ նախատեսվող ծրագրերին:

Խոսելով հիմնադրամի ծրագրերի մասինՙ Արտակ Մելքոնյանը նշեց, որ դրանք առանձնանում են այլ բարեգործական ծրագրերից: Հիմնադրամը սկսում է ծրագրեր եւ հնարավորություն ստեղծում, որ դրանց շարունակելուն մասնակցեն պետությունը կամ համայնքը: Այդպիսով, ստացվում է ավելի մեծ արդյունք, քան այլ բարեգործական ծրագրերի դեպքում: RVVZ-ի Հայաստանում իրականացված խոշոր ծրագրերից նրա տնօրենը կանգ առավ «Տաթեւի թեւեր» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի վրա:

«Տաթեւի թեւեր» ծրագրով ճոպանուղու կառուցումը զգալի ազդեցություն ունեցավ Գորիսի տարածաշրջանի վրա: Դեռ կառուցման ընթացքում նոր աշխատատեղեր ստեղծվեցին, կառուցումից հետո սկսվեց ներքին եւ արտերկրի զբոսաշրջիկների հոսք եւ նոր հյուրանոցներ, սպասարկման եւ առեւտրի օբյեկտներ բացվեցին: Օրինակ` եթե մինչեւ ճոպանուղու կառուցումը Գորիսում 2-3 հյուրանոց կար, ապա հիմա 12-13-ն են: Օրական Որոտանի կիրճ այցելում են 300-900 զբոսաշրջիկ: Առաջիկա կարեւոր ծրագրերից է լինելու Տաթեւի ճոպանուղու տուրիստական գոտու ստեղծումը: Տաթեւի վանական համալիրի նորոգման նախագծային աշխատանքների համար կհատկացվի 250 հազար դոլար: Արտակ Մելքոնյանը տեղեկացրեց, որ ներկայումս այստեղից Տաթեւի ճոպանուղուց ստացվող շահույթը ուղղում են համալիրի նորոգմանը:

Սակայն RVVZ-ի ամենամեծ ծրագիրը Դիլիջանի միջազգային դպրոցն է: Այն լավագույնը կլինի տարածաշրջանում եւ ԱՊՀ երկրներում: Նախատեսվում է, որ ուսուցումն այստեղ կլինի վճարովի, առաջին աշակերտները կհաճախեն 2014-ի սեպտեմբերին: Սովորողների 15-20 տոկոսը կլինեն հայաստանցիներ, մնացածըՙ սփյուռքահայեր եւ այլազգիներ:

Ընդհանուր առմամբ, RVVZ-ն իրականացնում է 20 ծրագրեր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4