«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այս տարի «Մանկական Եվրոտեսիլ»-ը տեղի կունենա Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում` «Կոտրիր սառույցը» նշանաբանով: Օրերս տեղի ունեցավ Եվրոտեսիլի եզրափակիչ փուլի մասնակիցների վիճակահանությունը, ըստ որի Ֆլորա Մխիթարյանը հանդես կգա 1-ին համարի ներքո, «Խենթություն» համույթը` 2-րդ, Տաթեւ Ենգիբարյանը` 3-րդ, Նինելա Մխիթարյանը` 4-րդ, Կարեն Օհանյանը` 5-րդ, Մարինե Աբրահամյանը` 6-րդ, Միլլի Միսկարյանը` 7-րդ, «Զանգակ» խումբը` 8-րդ, Լուսինե Ղազարյան` 9-րդ, Լիդուշիկը` 10-րդ, Վահագն Գրիգորյանը` 11-րդ, Գայանե Ղազարյանը` 12-րդ, «Style» խումբը` 13-րդ, Սոնա Դունոյանը` 14-րդ, Մանե Առաքելյանը` 15-րդ, «Compass» խումբը` 16-րդ, Անգելինա Գասպարյանը` 17-րդ:

«Մանկական Եվրոտեսիլ»-ի եզրափակիչ փուլը սեպտեմբերի 30-ին ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Քվեարկությունն այս տարի կսկսվի եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին իսկ վայրկյանից, որը կիրականացվի 50/50 հարաբերակցությամբ` հեռուստադիտողների քվեարկությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

«Ազգը» որոշեց զրուցել եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից հենց առաջին համարի` Ֆլորա Մխիթարյանի հետ, որը ծնվել է 2001թ. Երեւանում: Սովորում է Օհանյան վարժարանում, երգել է «Արեւիկ» եւ «Երգի թեւեր» վոկալ-երաժշտական ստուդիաներում: Բազմիցս մասնակցել է հանրապետական մանկական երաժշտական հավաքների: Սիրում է ժամանակակից պարեր, հաճախում է «Angels» պարային ստուդիա, հետաքրքրվում է օտար լեզուներով:

- Ինչպե՞ս ստեղծվեց երգը, իսկ կա՞ն համահեղինակներ:

- Ընդհանրապես օրս երգով է սկսվում` մերթ ուրախ ու զվարթ, մերթ թախծոտ ու տխուր: Երբ հոգիս երգում է, դաշնամուրիս հետ եմ «խոսում» եւ ծնվում են իմ երգերը: Ինձ թվում է` աշխարհում ամենից շատ սիրում եմ երգը: Դրա մասին մայրիկիս չեմ ասում, կարծում եմ կնեղանա: Իհարկե սա կատակ է...

Որոշեցի օրվա մասին գրել երգը, քանի որ ցանկանում էի այն նման լիներ տրամադրությանս, իսկ երգս մնացյալից տարբերվում է իր ժանրով, որի ստեղծման գործում ինձ օգնել է ուսուցչուհիս:

- Ի՞նչ ես ցանկանում փոխանցել հանդիսականին քո երգով:

- Հանդիսատեսին ցանկանում եմ ասել, որ մենք չենք կարող խախտել բնության օրենքները, քանի որ դրանք անխախտելի են:

- Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր շոուն մնացյալից:

- Իմն առանձնահատուկ է պարով, քանի որ այն օրվա հետ է կապված, լինելու է օրվա մասին. երբ անձրեւ է գալիս, սակայն ոչ ոքի տրամադրությունը դրանից չի փոխվում:

- Լսել ես մրցակիցներիդ երգերը, ամենաշատը քեզ ո՞րն է դուր եկել:

- Բոլորինն էլ դուր է եկել, չեմ ցանկանում ինչ-որ մեկինն առանձնացնել:

- Ին՞չ ակնկալիքներ ունես «Մանկական Եվրոտեսիլ»-ից:

- Շատ ակնկալիքներ ունեմ, ինչպես բոլորը, ես եւս ցանկանում եմ հաղթել: Եվրոտեսիլն ինձ համար միջոց է ճանաչված դառնալու:

Ֆլորան նաեւ ցանկանում է մասնակցել մեծահասակների Եվրոտեսիլին:

Պարզվեց, օրերս կատարվել է Ֆլորայի երազանքներից մի քանիսը, առաջինը` ունենալ տեսահոլովակ, երկրորդը` անձնական կայք, իսկ երրորդն, ինչպես Ֆլորան հույս հայտնեց, շուտով կկատարվի եւ մրցույթում կհաղթի:

Փոքրիկ երգչուհու կարգախոսն է. «Օրդ վայելիր ուրախ սրտով, օրը կսահի երգի թեւով»:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4