«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


«ՎԱՐԴԱՆԱՆՔԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»

Բաց նամակ Պետրոս Ղազարյանին

Միշտ այն կարծիքին եմ եղել, որ գրական լեզվի մերօրյա վտանգված վիճակի պատասխանատուների թվում առաջին հերթին պիտի դասել մեր մի քանի հեռուստաընկերությունների ղեկավարներին ու տերերին, որոնց դավադիր ջանքով է հայոց գրական լեզուն ամենօրյա խոշտանգումների ենթարկվում մասնավորապես հեռուստաեթերում: Նրանց թողտվությամբ է, որ հայկական հեռուստաեթերում արտասահմանյան յուրաքանչյուր սերիալ հնչում է կանոնավոր ու գեղեցիկ հայերենով, մինչդեռ հայ հեղինակների սերիալային արտադրանքին, չգիտես ինչու, առանց բացառության «բնորոշ» է եղել ու կարծես դեռ երկար «բնորոշ» է լինելու գռեհիկ, նսեմ, անմաքուր մի լեզու, որ հայերեն անվանելն իսկ ամոթ է: Կասկած չունեմ նաեւ, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի (իրավիճակը լուրջ է այնքան, որ ցանկալի է` պետության թիվ մեկ պաշտոնյայի) ընդամենը մի հրահանգ կարող էր կտրուկ փոխել իրավիճակն այդ ոլորտում:

Իսկ իրավիճակը լրջացել է անկասկած, քանի որ լեզվի անաղարտության հակառակորդների շարքում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենք պիտի նրա պաշտպանն ու պահապանը լինեին (տես ժողովրդական ասացվածքը եզի, երդիկի ու տանու գողի մասին): Ահավասիկ նրանցից` լրագրող Պետրոս Ղազարյանը, ում ուղղված է այս նամակը: Նամակի հասցեատերը կարող էր լինել նաեւ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, ով հանրության համար լեզվական վտանգ է ներկայացնում առավելապես նրանով, որ մեր մի քանի հեռուստաընկերությունների ջանքերով վերածվել է հեռուստաաստղի եւ իր եռանդուն մասնակցությունն է բերում զանազան հեռուստանախագծերի ու հաղորդումների` անդիմադրելի իր ա-ախոսությամբ ու բարբառով: Նամակի հասցեատեր կարող էր լինել դերասան, թատերագիր Սերգեյ Դանիելյանը, ով հեռուստաաստղ է, ինչպես ասում են` ի պաշտոնե: Եվ այս աստղաբույլը, հավաքված «Կենտրոն» հեռուստաընկերության «Վարդանանքի հակառակ կողմը» տարօրինակ խորագրով նախագծում, հիմնավոր ու թվում է միտումնավոր քանդում է գրական լեզվի հիմքերը` եթերից պարբերաբար հնչեցնելով մի հայերեն, որ հայերենի հեռավոր հուշն է ընդամենը: «Վարդանանքի հակառակ կողմ» ասելով` նախագծի հեղինակները, ենթադրաբար, ծաղրի ու քննադատության թիրախ են ընտրել կեղծ հայրենասիրությունն ու կեղծ հայրենասերներին: Բան չունենք ասելու, մանավանդ որ, ինչպես ասում են, դրանց «հասնում» է: Բայց ինչպես ցույց են տալիս նախագծի թողարկումները, կեղծ հայրենասերներից առավել նախագծի հեղինակների թիրախում հայտնվել է մեր լեզուն, ավելի ստույգ` լեզվի մաքրությունն ու կանոնականությունը:

Գրեթե կասկած չունենք, որ վերոհիշյալ նախագծի իր «հերոսներին» ընտրելիս Պետրոս Ղազարյանն առաջնորդվել է զուտ անձնական նպատակահարմարության սկզբունքով. ընտրել է մասնակիցների, որոնց լեզվական մակարդակի «ֆոնին» իր բարբառախոսությունն ու մանավանդ ա-ախոսությունը կմնային գրեթե աննկատ, հաջողությամբ կփոխլրացվեին զրուցակիցների բանավոր խոսքի համարժեք անորակությամբ: Պետրոսի համար, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, ի սկզբանե ամենաանընդունելի, անհարմար զրուցակիցը եղած պիտի լինի Տիգրան Հակոբյանըՙ լրագրության մեջ ոչ անհայտ մարդ, հեռուստաոլորտի նախկին երեւելիներից մեկը, ով, կրթությունից ու նաեւ դաստիարակությունից ելնելով, «Վարդանանք...»-ի առաջին հաղորդումներում հանդես էր գալիս բացառապես գրական հայերենով եւ է-ախոսությամբ: Բայց Պետրոսը Պետրոս չէր լինի, եթե իր ընկերախմբով կարճ ժամանակում չհեղափոխեր «դիսիդենտ» Տիգրանին: Վերջինս հեղափոխվեց, եւ այժմ միայն անցյալի հեռավոր հուշերն են խոհուն այդ մարդուն ստիպում երբեմն-երբեմն արտահայտվել մաքուր գրական հայերենով եւ է-ախոսությամբ:

Դժբախտաբար, հայկական հեռուստաընկերությունները համարյա բոլորն ունեն իրենց «պետրոսները»: «Արմենիա» հոռուստաընկերությունում նա, անտարակույս, վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն է, որ բարբառախոսության ու ա-ախոսության ստաժով գերազանցում է նույնիսկ Պետրոսին: Հեռուստաընկերության եթերում վաստակավորի վարած «Հեռուստառեստորան» հաղորդաշարը, օրինակ, ոչ միայն անճաշակ երաժշտության «էլիտար» ջատագովություն է, որին իրենց «պրոֆեսիոնալ» մասնակցությունն են բերում ուրիշ վաստակավորներ եւս, մասնավորապես երգիչ Հայկոն, այլեւ հայ խոսքն ու հայոց լեզուն հնարավորինս աղավաղելու յուրահատուկ մի ծրագիր, որի ակունքները գնում-հասնում են նույն հեռուստաընկերության եթերում վաստակավոր Հրանտի վարած այլ հաղորդումներ (օրինակՙ «Բարի գիշեր, հայեր»):

Հանրային հեռուստաընկերությունն էլ, բնականաբար, ունի իր «Պետրոսը», եւ նա ոչ այլ ոք է, քան այս հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ, երբեմնի գլխավոր խմբագիր Լեւոն Գալստյանը, ով մինչ Հանրային տեղափոխվելը ղեկավարել է ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչությունը: Եվ ահա Հ1-յան այս ծպտյալ «Պետրոսի» նվիրական ջանքերով Հանրայինի եթերում անպակաս են ա-ախոսությունն ու երեւանյան բարբառը, ժարգոնն ու գռեհիկ փողոցալեզուն, որով աշխարհասփյուռ հայության հետ հաղորդակցվում են վերոհիշյալ խմբագրի սցենարներով նկարահանված անգույն սերիալների դժգույն հերոսները, նրա խմբագրական արտոնությամբ են Աստծո ամեն օր նույն երեւանյան բարբառախոսությամբ Հ1-յան եթերում պտտվում «կյանքի կարուսելները»:

Չմոռանանք, որ Պետրոսը, բացի «Վարդանանք...»-ից, «Կենտրոնի» եթերում հեղինակային իրավունքով վարում է նաեւ «Ուրվագիծ» եւ «Հայկական ուրբաթ» ծրագրերը, ինչը նշանակում է, որ նա Աստծո ամեն օր եթերում է եւ Աստծո ամեն օր բարի, հանգիստ ու տաղանդավոր... քարուքանդ է անում գրական հայերենը: Եվ այնքան ինքնամոռաց է անում իր գործը, որ հաճախ չի էլ նկատում զրուցակիցներիՙ երբեմն-երբեմն իրեն տված լեզվական դասերը: Վերջերս հեռարձակված մի հարցազրույցում Պետրոսի հյուր Աշոտ Մանուչարյանը` «Ղարաբաղ կոմիտեի» անդամ, կիրթ ու գրագետ անձնավորություն, մինչեւ հաղորդման ավարտը հերոսաբար մնաց գրական խոսքի բարձունքներում, մնաց է-ախոս, չնայած իր հյուրընկալի` ա-ախոսության մղող բոլոր ակամա սադրանքներին: Բայց Պետրոսի ստացած դասերից ամենահիշարժանը, թերեւս, սեպտեմբերի 20-ին «Ուրվագծի» հյուր, Աշտարակի քաղաքապետի թեկնածու Արմեն Անտոնյանի դասն էր, որը թեեւ ապտակի արժեք ու ծանրություն ուներ, սակայն Պետրոսը, ավաղ, որպես արդեն անհուսալի աշակերտ` դասը «չընկալեց»: Զրույցի ընթացքում հյուրն իր խոսքում պատահականորեն գործածեց «եղել ա» ձեւը, ապա, ի մեծ ապշություն բանասեր Պետրոսի, շտապեց ուղղել իրեն` «եղել է»:

Ի դեպ, զարմացնում է մի հանգամանք: Պետրոս Ղազարյանը, ով անմիջականության ու անկեղծության պակաս չունի գոնե հեռուստաեթերում, եւ դա նրա անժխտելի առավելությունն է, մինչեւ հիմա կարող էր նույնպիսի անկեղծությամբ հայտարարել իր լեզվական «կողմնորոշման» մասին, մասնավորապես այն, որ իբրեւ բանավոր հաղորդակցության լեզու ինքը մեկընդմիշտ ընտրել է Երեւանի խոսվածքը եւ անդարձ անցել ա-ախոսության: Այսօրինակ հրապարակային դիրքորոշումը նրան կազատեր, նախ, երբեմն-երբեմն ա-ախոսությունից է-ախոսության անցնելու անհարմարությունից, ապա նաեւ` բոլորի համար միանշանակ կդարձներ նաեւ այդպիսի կողմնորոշման գոյությունը լրատվական դաշտում, ինչը լեզվավիճակի ընդհանուր պատկերն ու նրան սպառնացող մարտահրավերները կներկայացներ առավել հստակ եւ ոչ թե անորոշ-լղոզված, ինչպես հիմա է:

Վերադառնանք «Վարդանանք...»-ին եւ նշենք, որ նրա առանձին թողարկումներ, մասնավորապես երբ ընկերախումբն ինչ-որ թեմայով ոչ թե դատարկաբանում-զվարճախոսում է, այլ լրջորեն քննարկում, իսկապես աչքի են ընկնում ինտելեկտուալ հագեցվածությամբ: Դրանք, անկասկած, նաեւ հետաքրքրական են: Բայց, որքան էլ տարօրինակ է, հենց այդ ժամանակ է, որ առավել անպաշտպան է դառնում գրական լեզուն: Քանզի բարբառն ու ա-ախոսությունը ինտելեկտուալ քննարկումների ընթացքում անզգալորեն օրինականացվում, հեռուստադիտողի համար անզգալաբար ստանում են հաղորդակցման համար միանգամայն ընդունելի լեզվի «կարգավիճակ»:

Անշուշտ, դժվար է պայքարել լեզվական այս աղանդավորության դեմ, հեռուստաեթերում վաղուց արդեն սովորական դարձած` գրական լեզվի պետրոսյան այս ուրացումների դեմ: Մեզ ընդամենը մի մխիթարություն է մնում, որ Պետրոսի այդ ուրացումները տեւելու են մինչեւ... լուսաբաց: Եվ որ մեր լեզվի համար դեռ պիտի բացվեն մաքուր ու անամպ լուսաբացներ:

Հուսանք:

Հ.Գ. Տարօրինակ է, իհարկե, երբ լրագրողը նամակ է գրում լրագրողին: Եվ առավել տարօրինակ է, երբ նամակը գրվում է մի այնպիսի նուրբ խնդրի առնչությամբ, որպիսին լեզվի մաքրությունն է. լրագրողը փաստորեն փորձում է այն պաշտպանել լրագրողի ոտնձգություններից, ինչն արդեն ոչ թե տարօրինակ է, այլ ցավալի:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4