(Գրականագետ Ռոբերտ Բաղդասարյանի 65-ամյակի առթիվ)
Հայ-ռուսական բազմակողմ փոխհարաբերությունները դարերի պատմություն ունեն. վերջին երկու-երեք հարյուրամյակներում մեծ զարգացում են ապրել ոչ միայն քաղաքական-հասարակական, այլեւ մշակութային եւ, մասնավորապես, գրական կապերը: Նրանք բավականին հարուստ են. ռուս եւ հայ գիտնականների շնորհիվ կուտակվել է գիտական գրականություն, բազմաթիվ հետազոտություններ, որոնք խթանել են այդ հարաբերությունների լուրջ ուսումնասիրությունը` տարբեր ասպեկտներով:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների, ռուս-հայկական գրական-հասարակական եւ պատմամշակութային կապերի հեղինակավոր ուսումնասիրողների շարքին է պատկանում բանասիրության դոկտոր, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր Ռոբերտ Բաղդասարյանը:
Ռ. Բաղդասարյանը ծնվել է Երեւանում 1947 թ սեպտեմբերի 20-ին` Վանից ու Նոր Նախիջեւանից (Դոնի Ռոստով) անցյալ դարասկզբին տեղափոխվածների ընտանիքում: Երեւի, դա հենց այն պարագան էր, որ կապեց ապագա գիտնականին ինչպես հայ, այնպես էլ ռուս մշակույթին, եւ սերը ռուսաց լեզվի եւ գրականության հանդեպ: Պատանին մեծացել եւ հասունացել է հայ ազգային զարթոնքի ոգեշնչող մթնոլորտում, կյանք կառուցել` հայ ժողովրդի հետ, ինչպես իսկական բնիկ երեւանցին...
Ռ. Բաղդասարյանը ազնվորեն ու բաց ճակատով անցել է քաղաքացու եւ անձի ձեւավորման փուլերով. դպրոց, բուհ, ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչ Լոռու հեռավոր գյուղերից մեկում աշխատանք, ապա զինվորական ծառայություն` հարազատ տանից շատ հեռու` սովետա-ֆիննական սահմանին, Լենինգրադյան զինօկրուգում...
Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում իրեն լավ դրսեւորած ուսանողը արժանանում է ուսման տարիներին դասախոսների սիրուն ու հարգանքին. նրան փայլուն ապագա են գուշակում բուհի ամենահայտնի ու վաստակաշատ դասախոսները` Զ. Յասինսկայան, Տ. Հախումյանը, Վ. Չիթունին, Մ. Միրզա-Ավագյանը, Է. Նուրալովը եւ այլք...
1970-ական թվականներից, արդեն գիտական ուղին բռնած ու հետաքրքրությունների շրջանակները հստակեցրած երիտասարդը ծանոթանում է հայ գրականագիտության այնպիսի ականավոր դեմքերի հետ, ինչպիսիք են Գ. Հովնանը, Ղ. Այվազյանը, Գ. Թաթոսյանը, Ս. Դարոնյանը, Լ. Մկրտչյանը, Ա. Գրիգորյանը, Է. Ջրբաշյանը, Ս. Սարինյանը, Ե. Ալեքսանյանը, Ա. Իսահակյանը եւ այլք:
Այդ գործնական շփումների եւ տարիների հետեւողական ու լարված աշխատանքի արդյունքում պատրաստվում եւ լույս են տեսնում Ռ. Բաղդասարյանի գիտական մենագրություններն ու գրքերը. «Նիկոլայ Տիխոնովը եւ Հայաստանը» (1995), «Ցեղասպանությունը եւ Ռուսաստանի հայ մտավորականությունը» (2003), «Անտոկոլսկին եւ Հայաստանը» (2004), «Սրտից սիրտ» (2007), «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ներդրումը ռուս-հայ գրական-մշակութային փոխառնչությունների մեջ» (2010): Ի դեպ, վերջին նշված մենագրությունը արժանացել է ոչ միայն մասնագետների հավանությանը, այլեւ հենց գրքի հերոսի` բռնադատված եւ աքսորում մահացած գրողի որդու` սովետական անվանի կինոռեժիսոր Ս.Միքայելյանի ուշադրությանն ու գովեստին...
Ռոբերտ Բաղդասարյանը ոչ միայն լուրջ գրականագետ է, ռուսաց լեզվի ու գրականության այսօրվա ճանաչված եւ լավագույն մասնագետներից մեկը Հայաստանում: Արդեն 30 տարի Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, նաեւ բավականին հայտնի հրապակախոս է, մի շարք փայլուն ակնարներն ու հոդվածները հայ եւ ռուս գրողների, արվեստագետների, Հայաստանի, Երեւանի եւ հայկական կյանքի մասին արժանացել են ընթերցողի ուշադրությանը: Հեղինակ է նաեւ մի շարք պատմվածքներիՙ տպագրված հայաստանյան ռուսալեզու պարբերականներում, որոնց հատուկ է գրավիչ ու ինքնատիպ լեզվամտածողությունը:
Նա կենսուրախ, լավատես, շիտակ ու մարդամոտ, լայն հետաքրքրությունների տեր անձնավորություն է. սիրելի զբաղմունքներից են գեղանկարչությունն ու լուսանկարչությունը: Մարդ, որն անձնվեր սիրում է իր Հայրենիքը` ծննդավայր Երեւանը եւ արտահայտում դա իր բազմաթիվ հոդվածներում, ակնարկներում, ելույթներում... Մարդ, որն օրինակելի ամուսին է, նվիրված հայր ու պապիկ...
Մ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր