Մեկնարկում է «Եվրոպական ժառանգության օրերը», եւ սեպտեմբերի 29-30-ը Հայաստանի բոլոր մարզերում մի շարք պատմամշակութային հուշարձաններ, 50-ից ավելի թանգարաններ` շուրջ 110 միջոցառումներով կհյուրընկալեն հանրությանը:
Ի դեպ, այդ օրերին թանգարանների մուտքը կլինի անվճար:
2004թ. սկսած Հայաստանում եւս ամեն տարի անցկացվում են «Եվրոպական ժառանգության օրեր», որի խորագիրն այս տարի «ճանապարհ»-ն է: Իսկ նախորդ տարիներին` «Ծիր Կաթին», «Կամրջենք սերունդներ», «Գրավոր ժառանգություն»:
«Մշակութային ժառանգություն» ֆեյսբուքյան էջը հրավիրում է մասնակցելու ուսանողներին իրենց գրական ստեղծագործություններով եւ գեղարվեստական լուսանկարներով «Մշակութային ժառանգություն-հնի եւ նորի ճանապարհ» եւ «Հուշարձանները մեր ընտանեկան ֆոտոալբոմում» խորագրերը կրող մրցույթներին: Այն մեկնարկում է սեպտեմբերի 29-ին եւ կամփոփվի նոյեմբերի 15-ին: Մշակույթի նախարարության կողմից կպարգեւատրվեն մասնագիտական խորհրդի կողմից հավանության արժանացած եւ ֆեյսբուքում շատ Like ստացած ստեղծագործությունները»,-ասաց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը :
Հայաստանում Եվոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա-Մարիա Զեհեն էլ իր հերթին ասաց. «Համատեղ այս ծրագրի նպատակն է պատմամշակութային հուշարձանների ներկայացումը լայն հանրությանը: «Եվրոպական ժառանգության օրերն» ունի ավելի լայն իմաստ. միավորել քաղաքացիներին մշակութային արժեքների շուրջը: Միջոցառման նպատակն է հասարակությանն իրազեկել, որպեսզի հանրությունն ավելի գնահատի իր հարուստ մշակութային ժառանգությունը»:
Նշենք, որ Եվրոպական խորհրդի կողմից ծրագիրը պաշտոնապես ընդունվել է 1991թ., իսկ 1999թ.-ից այն իրականացվում է Եվրոխորհուրդ-Եվրոմիություն համագործակցության նախաձեռնությամբ:
Մ. Հ.