«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


ԲԱՑԱՌԻԿ ՄՈՏՈՇՈՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Երեւանի բնակիչներին այսօր Հանրապետության հրապարակում, ժամը 20-ին բացառիկ մի իրադարձություն է սպասում: Նրանք կարող են ականատես դառնալ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուին: Սա աշխարհի լավագույն եւ հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում:

Հանրապետության հրապարակում, բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերըՙ ռուսաստանցիներ Ալեքսեյ Կոլեսնիկովը, Կիրիլ Գավրիլովը, Ալեքսեյ Այսինը եւ շվեդ Դանիել Բոդինը կսավառնեն երկնքումՙ ցուցադրելով իրենց գլխապտույտ եւ խելահեղ հնարքները: Դրանք կանցկացվեն 3 մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալներն իրենց անհավանական հնարքները կցուցադրեն գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրաՙ միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլետը: Այս շոուի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Երեկ առաջիկա շոուի գլխավոր դերակատարները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին լրագրողներին: Նրանք տեղեկացրին, որ ամեն տարի ցուցադրական ելույթներով հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում: Նպատակը ոչ միայն հանդիսատեսին դրական լիցքեր ու սուր զգացողություններ հաղորդելն է, այլեւ երիտասարդության մեջ մոտոսպորտի նկատմամբ սեր արթնացնելն է: Հայաստանն Անդրկովկասում 2-րդ երկիրն է, որում հյուրընկալվել են շոուի մասնակիցները: 2008-ին ցուցադրական ելույթներով նրանք հանդես են եկել Վրաստանում: Անցյալ տարի մի շարք ելույթներ են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Շվեդ Դանիել Բոդինը նշեց, որ արդեն 10 տարի զբաղվում է այս մարզաձեւով, տարեցտարի կատարելագործում է վարպետությունը, ավելի բազմազան է դարձրել հնարքները ու չի պատկերացնում իր կյանքն առանց մոտոցիկլետի: Հունվարին նա կոտրել էր վիզը եւ 5 ամիս ապաքինվում էր: Շատերը զարմացել էին, որ ծանր վնասվածքից հետո շվեդ մարզիկը որոշել է կրկին մրցասպարեզ վերադառնալ:

Ռուսաստանցի Ալեքսեյ Կոլեսնիկովը Ռուսաստանում այս մարզաձեւի հիմնադիրն է: 28-ամյա մարզիկին աշխարհում շատերը «Կալաշնիկով» են անվանում: Ալեքսեյը պատմեց, որ օտարերկրացիներին քաջ հայտնի է ռուսական «Կալաշնիկով» ավտոմատը եւ իր ազգանունը գրելիս կամ արտաբերելիս միշտ սխալ էին թույլ տալիս ու շփոթում էին Կալաշնիկովի հետ: Սկզբում մարզիկն ուղղում էր սխալը, սակայն հետագայում համակերպվեց դրա հետ: Կոլեսնիկովն այսօր այս մարզաձեւի 20 լավագույն մարզիկների շարքում է: Նա տեղեկացրեց, որ խումբը պարբերաբար հավաքվում ու մարզվում է, այնուհետեւ մեկնում են հյուրախաղերի: Դրանց ընթացքում այնքան էլ մեծ գումարներ չեն վաստակում, սակայն դա բավարար է նորմալ ապրելու համար: Սակայն խմբի անդամներին գումարը չէ, որ գայթակղել է: Հիմնական պատճառը սերն է մոտոցիկլետի եւ սուր զգացողությունների հանդեպ: Ալեքսեյ Այսինն ու Ալեքսեյ Կոլեսնիկովը ժամանակին մոտոսպորտով են զբաղվել, իսկ Կիրիլ Գավրիլովը սնոուբորդիստ է եղել: Շվեդ մարզիկն էլ ժամանակին թենիսով է զբաղվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4